«Խաղաղության խորհրդի» ձևավորումը նոր աշխարհաքաղաքական գործընթացի մաս է։ Այս մասին նշեց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։
Միացյալ Նահանգների գլխավորությամբ ձևավորվող կառույց
Կարապետյանի գնահատմամբ՝ չի բացառվում, որ ստեղծվող կառույցը դիտարկվում է որպես ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին հակակշիռ կամ նույնիսկ շրջանցող հարթակ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը վերջին շրջանում ուղիղ հայտարարել է, որ ՄԱԿ-ը այլևս ակտուալ չէ և չի արդարացնում իր առաքելությունը, հետևաբար աշխարհը կանգնած է նոր ձևաչափի կառույցի ստեղծման անհրաժեշտության առաջ։
«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների գլխավորությամբ ձևավորվում է մի հարթակ, որը կարող է հանդես գալ որպես վերազգային կառույց՝ իր սեփական օրակարգով»,– նշում է վերլուծաբանը։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախաձեռնությանը մասնակցող երկրների ղեկավարները հիմնականում այն պետություններից են, որոնք կամ սերտ հարաբերություններ ունեն Վաշինգտոնի հետ, կամ կախվածություն ունեն ԱՄՆ-ից, կամ պարզապես չեն ցանկանում խնդիրներ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությունն այդ հարթակում ևս ունեցել է պարտադիր, իմպերատիվ բնույթ՝ աշխարհին ցույց տալու համար, թե կառույցն արդեն ունի «խաղաղություն ապահովելու նախադեպ»։
Ցուցադրական հարթա՞կ, թե փափուկ ուժի գործիք
Կարապետյանը «Խաղաղության խորհուրդը» բնութագրում է որպես խաղաղության ցուցադրական հարթակ, որն, այնուամենայնիվ, կարող է ծառայել նաև «soft power»՝ փափուկ ուժի կիրառման նպատակներին։
Նրա խոսքով՝ նախաձեռնության առանցքային դերակատարը մի կողմից աշխարհին ներկայացնում է խաղաղության օրակարգ, մյուս կողմից՝ տարբեր տարածաշրջաններում հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններով՝ Իրանի, Վենեսուելայի և այլ ուղղություններով։ Վերլուծաբանը հիշեցնում է նաև Գրենլանդիայի շուրջ հնչած հայտարարությունները, երբ այն դիտարկվում էր որպես հնարավոր «51-րդ նահանգ», ինչպես նաև Կանադայի, Մեքսիկայի, Կուբայի, Կոլումբիայի վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունները։
«Սա միաժամանակ խաղաղության դեմոնստրացիա է և հեգեմոն գերտերության դիրքից աշխարհակարգ ձևավորելու փորձ»,– նշում է նա՝ հավելելով, որ նման կառույցը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ որոշումները կկայացվեն ոչ թե համընդհանուր կոնսենսուսի, այլ ազդեցության լծակների միջոցով։
Ֆինանսական մասնակցության կարևորություն
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր շահերին՝ Կարապետյանը շեշտում է, որ նման կառույցներում ֆինանսական ներդրումը ոչ միայն աջակցություն է Գազայի վերակառուցման համար, այլ նաև ազդեցության գործիք։ «Հայտնի խոսք կա՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»,– հիշեցնում է նա։
Նրա խոսքով՝ Գազայի վերակառուցման համար հայտարարված բազմամիլիարդ ներդրումային փաթեթի շուրջ արդեն նկատվում են տարաձայնություններ։ Թեև սկզբում շրջանառվում էին տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող է միանալ ֆինանսական փաթեթին, հետագայում այդ բաղադրիչը պաշտոնական հայտարարություններում բացակայում էր։ Սա, ըստ վերլուծաբանի, կարող է վկայել կառույցի ներսում առաջին ճեղքվածքների մասին։
Հայաստանը, իր հերթին, պաշտոնապես հայտարարել է, որ ֆինանսական մասնակցություն չի ունենալու։ Կարապետյանի գնահատմամբ՝ եթե երկու երկրներն էլ սահմանափակվում են միայն սիմվոլիկ ներկայությամբ և չեն ստանձնում ֆինանսական պարտավորություններ, ապա ապագայում կարող են չունենալ որոշումների վրա ազդելու լուրջ լծակներ։
Ըստ նրա՝ եթե «Խաղաղության խորհուրդը» իսկապես ձգտում է վերազգային կառույցի կարգավիճակի, ապա որոշումները անխուսափելիորեն կայացվելու են քվեարկությամբ, և այդ դեպքում վճարած ներդրումները կարող են վերածվել քաղաքական կշռի։
Կարապետյանի համոզմամբ՝ նախաձեռնությունը ներկայումս ավելի շատ ցուցադրական և քաղաքական իմիջային բնույթ ունի, սակայն հետագայում դրա զարգացումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ուժային հավասարակշռության վրա։

