Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շուրջ զարգացող գործընթացներում վերջինս, փաստացի, հայտնվել է առավել բարենպաստ իրավիճակում, քան կարող էր լինել նմանատիպ այլ դեպքերում։ Նման կարծիքի է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Փորձագետը նշում է, որ Մադուրոն կարող էր արժանանալ այնպիսի սցենարի, ինչպիսին ժամանակին բաժին հասավ Մուամմար Քադաֆիին կամ Սադամ Հուսեյնին, սակայն նման զարգացում տեղի չի ունեցել։
Սարգսյանի մեկնաբանությամբ՝ Մադուրոն կանգնելու է ամերիկյան դատարանի առաջ՝ օգտվելով ԱՄՆ իրավական համակարգում ամրագրված բոլոր ընթացակարգային իրավունքներից, որոնք վերապահված են ցանկացած մեղադրյալի։ Ընդ որում, նրա գործի քննությունը տեղի է ունենալու Նյու Յորք նահանգում, որտեղ մահապատիժը օրենքով արգելված է։ Բացի այդ, ըստ առաջադրված մեղադրանքների՝ մահապատժի կիրառումը տվյալ գործով ընդհանրապես նախատեսված չէ։
Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Մադուրոյի նկատմամբ գործում են կյանքի և մարդկային արժանապատվության պաշտպանության միջազգային և ազգային երաշխիքները։ Նրա նկատմամբ չի կարող կիրառվել խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք, իսկ դատավարության ամբողջ ընթացքը գտնվելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը, Սարգսյանի գնահատմամբ, ինքնին լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է։
Սարգսյանը կարևոր է համարում նաև դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախությունը՝ նշելով, որ տվյալ դեպքում դատավորի վրա քաղաքական կամ այլ ճնշումների գործադրումը գործնականում բացառված է։ Նրա խոսքով՝ այս համատեքստում Մադուրոյի վիճակը կտրուկ տարբերվում է այն անձանց ճակատագրից, որոնք հայտնվում են այլ երկրների բանտերում՝ առանց իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների։
Ամփոփելով՝ միջազգայնագետը նշում է, որ դեռ դժվար է միանշանակ գնահատել՝ տեղի ունեցողը նախապես ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես հանգամանքների հաջող համընկնում, սակայն փաստ է, որ ստեղծված իրավիճակում Մադուրոն գտնվում է առավել պաշտպանված իրավական միջավայրում։

