ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարին սկսում է՝ կաթողիկոսի նկատմամբ իր պայքարը տեղափոխելով նոր հարթություն: Նախօրեին, վարչապետի կեցավայրում, նա և իրեն աջակցող եպիսկոպոսները տեսախցիկի առջև ստորագրեցին հայտարարության տեքստը և վերջում աղոթք հնչեցրին: Ըստ այդ հայտարարության՝ նրանք համակարգող խորհուրդ են ստեղծում, որը պետք է զբաղվի կաթողիկոսի փոփոխության ծրագրի կազմակերպչական հարցերով: Ի՞նչ է ենթադրում այդ ծրագիրը:
Հայտարարությունում նշվում է, որ առաջին քայլով նրանք նախատեսում են ՀԱԵ բարենորոգման օրակարգի հանրահռչակում, այնուհետև Կաթողիկոսի հեռացում: Դրանից հետո, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա եկեղեցու նոր կանոնադրության ընդունում, և ամենավերջին քայլով ընտրվի նոր Կաթողիկոս:
Ուխտերթ՝ Փաշինյանի 1-ին քա՞յլ
Թե ինչպես են Փաշինյանն ու նրան աջակցող 10 եպիսկոպոսները պատրաստվում իրականացնել իրենց ծրագիրը, պարզ դարձավ արդեն այսօր: Նա հունվարի 6-ին, ժամը 13։30-ին բոլորին հրավիրում է ուխտերթի, որը կղեկավարի նա անձամբ։
«Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը։ Առաջինը՝ այդպիսով նշանավորել մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու սրբազան ավանդությանը։ Երրորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը, որի մասին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ։
Հաջորդ խորհուրդը՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ երթը կավարտվի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ շատ կարճ հավաք տեղի կունենա։
Վարչապետի ստորագրությունը փոխում է խաղի կանոնները
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերում արված հայտարարությունները, ըստ Մարուքյանի, դուրս են գալիս ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական իրավակարգի շրջանակներից։ Խոսքը վերաբերում է այն փաստին, որ վարչապետը, առաջին անգամ, իր պաշտոնական կարգավիճակով ներգրավվել է Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործընթացներին։
Մարուքյանի գնահատմամբ՝ խնդիրը սկզբունքային է այն պատճառով, որ վարչապետը փաստաթուղթ է ստորագրել ոչ թե որպես շարքային հավատացյալ, այլ հենց որպես երկրի ղեկավար։ Ինչպես նշվում է հրապարակային մեկնաբանության մեջ․
«Փաշինյանը առաջին անգամ պաշտոնապես ստորագրում է փաստաթուղթը ոչ թե որպես սովորական քաղաքացի կամ հավատացյալ, այլ՝ որպես վարչապետ»։
Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի պաշտոնական նստավայրում՝ մի խումբ եպիսկոպոսների մասնակցությամբ, ինչն արդեն իսկ փոխում է գործընթացի իրավական բնույթը.
«Ի պաշտոնե, իր կեցավայրում է տեղի ունենում այս պրոցեսը, և դրանով նա խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Մեղադրանքի առանցքային կետն այն է, որ վարչապետը, օգտագործելով պետական իշխանության ամբողջ լծակները, միջամտում է կրոնական կազմակերպության ներքին կյանքին, ինչը, ըստ Մարուքյանի, արգելված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլև Քրեական օրենսգրքով․
«Նա կատարում է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ խառնվելով կրոնական կազմակերպության ներքին գործերին և այդ գործընթացում օգտագործելով պետական ամբողջ իշխանությունը»։
Մինչ այս, վարչապետը, ըստ նույն մեկնաբանության, փորձում էր իր քայլերը ներկայացնել որպես անձնական հավատքի դրսևորում՝ շեշտելով, թե գործում է «որպես հավատացյալ»։ Սակայն այժմ այդ հիմնավորումը, ըստ Մարուքյանի, այլևս չի գործում․
«Նա զրկում է իր բոլոր պաշտպաններին այն փաստարկից, որ սա անում է որպես հավատացյալ, ոչ թե որպես վարչապետ, և հետևաբար՝ իբր խնդիր չկա Սահմանադրության և օրենքների հետ»։
Այս համատեքստում գործընթացը գնահատվում է ոչ թե որպես եկեղեցական ներքին վեճ, այլ որպես սահմանադրական կարգին առնչվող քաղաքական հարց.
«Այլևս եկեղեցու հարցը քաղաքական է, սա սահմանադրական կարգի հարց է, որովհետև կա պաշտոնապես ստորագրված փաստաթուղթ՝ վարչապետի կողմից»։
Մարուքյանի համոզմամբ՝ հենց այս քայլով վարչապետը եկեղեցական հարցը վերածել է պետական-քաղաքական հակամարտության՝ դրանով իսկ բացելով նոր, առավել լուրջ իրավաքաղաքական ճգնաժամի դուռ։
Ինստիտուցիոնալ ռիսկեր և քաղաքական հետևանքներ
«Հայ ազգային Կոնգրես» փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան աջակցող մի խումբ եպիսկոպոսների կողմից ընդունված հայտարարությունը լուրջ քաղաքական և սահմանադրական խնդիրներ է առաջացնում։ Նրա մեկնաբանությամբ՝ վարչապետը և նշված հոգևորականները իրենց վերագրել են լիազորություններ, որոնք նրանց չեն վերապահված օրենքով, և այդ կերպ փաստացի նախաձեռնել են գործընթաց, որը միտված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման համակարգի արմատական փոփոխությանը։
Զուրաբյանի համոզմամբ՝ ստեղծվող համակարգող կառույցը և դրա առաջադրած օրակարգը դուրս են եկեղեցու կանոնական դաշտից և ձևավորվում են պետական իշխանության անմիջական մասնակցությամբ, ինչը վտանգում է թե՛ եկեղեցու ինքնավարությունը, թե՛ սահմանադրական կարգը։ Նա նույնպես ընդգծում է, որ այս քայլով եկեղեցական հարցը վերջնականապես տեղափոխվում է քաղաքական հարթություն և դառնում է պետական ինստիտուտների գործունեության հետ անմիջականորեն առնչվող խնդիր։
Ըստ նրա՝ գործընթացի քաղաքական նշանակությունն առավել մեծ է այն պատճառով, որ նախաձեռնությունն իրականացվում է վարչապետի պաշտոնական կարգավիճակով, պետական ռեսուրսների և ազդեցության ներքո, ինչը, Զուրաբյանի գնահատմամբ, կարող է խորացնել հասարակական բաժանարար գծերը և լուրջ հարված հասցնել ազգային ինքնության առանցքային ինստիտուտներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն։
Զուրաբյանը տեղի ունեցողը դիտարկում է որպես լայն քաղաքական ծրագիր, որն իր բնույթով դուրս է ներքին եկեղեցական քննարկումների շրջանակից և պահանջում է քաղաքական ու հասարակական դիմադրություն՝ սահմանադրական և ինստիտուցիոնալ հիմքերի պաշտպանության նպատակով։

