ՀՀ Կենտրոնական բանկի տարեվերջին հրապարակված ՀՀ տնտեսության զարգացման միտումների թարմացված կանխատեսումը նշանավորում է կարևոր հանգամանք. ճգնաժամյաին և էքզոգեն աճից դեպի ավելի կառուցվածքային և կառավարելի տնտեսական զարգացում անցնելու փորձ: Միևնույն ժամանակ, թվերն իրենք, չնայած իրենց ակնհայտ լավատեսությանը, քննարկման տեղիք են տալիս այս աճի որակի և մակրոտնտեսական մոդելի կայունության վերաբերյալ:
Հատկանշական է, որ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կանխատեսումները Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ընդհանուր առմամբ ավելի զուսպ են, քան Կենտրոնական բանկի գնահատականները, ինչը ուժեղացնում է ազգային կարգավորողի կողմից դրսևորվող զգուշավոր լավատեսության տպավորությունը։
ՀՆԱ-ի աճ. դանդաղումը որպես նոր «նորմալություն»
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 4.1–6.3%, իսկ 2027 թվականին՝ 4.9–5.3%: Կարգավորողի տվյալներով՝ տնտեսությունը 2025 թվականի վերջնական տվյալներով կաճի 5.9%-ով՝ ճիշտ նույնքան, որքան 2024 թվականին: Սա հաստատում է, որ 2022 թվականին գրանցված երկնիշ աճի տեմպերի ժամանակաշրջանն արդեն անցյալում է:
Մի կողմից, նման տեմպերը դեռևս բարձր են թվում տարածաշրջանի և Եվրոպայի երկրների մեծ մասի համեմատ: Մյուս կողմից, դրանք մեծ մասամբ արտացոլում են նախորդ տարիների բարձր բազային էֆեկտը և իներցիան, այլ ոչ թե արտադրողականության կամ բարձր ավելացված արժեք ունեցող արտահանման հիմնարար թռիչքը։
Բացարձակ ՀՆԱ-ն իսկապես կշարունակի աճել՝ հասնելով 12-12.3 տրիլիոն դրամի 2026 թվականին և 13-13.3 տրիլիոն դրամի 2027 թվականին։ Սակայն սա միայն անվանական աճն է։
Վերապահումներով վերահսկելի գնաճ
Անցած տարվա արդյունքներով գնաճի ցուցանիշներն ակնկալվում են շուրջ 3,6% մակարդակում՝ արդեն նոր թիրախային միջակայքի՝ 3% ±1 տ.կ. սահմաններում։ 2024 թվականին արձանագրված անսովոր ցածր գնաճից (1,5%) հետո սա դիտվում է որպես գների առավել «նորմալ» միջավայրի վերադարձ։
Սակայն ուշադրություն է գրավում ոչ արտահանվող ապրանքների դինամիկան՝ կոշտ գներով բնութագրվող հատվածում։ 2025 թվականին նվազումից հետո, կանխատեսումների համաձայն, այս հատվածում ինֆլյացիան 2026–2027 թվականներին կրկին կարագանա՝ հասնելով մինչև 4%։ Սա վկայում է, որ ներքին կառուցվածքային սահմանափակումները՝ ցածր մրցակցությունը, ծառայությունների բարձր ինքնարժեքը և արտադրողականության սահմանափակ աճը, չեն վերացել։
Արտաքին առևտուր․ ցավոտ ճշգրտում և թույլ վերականգնում
Կանխատեսման ամենաանհանգստացնող հատվածը արտահանման և ներմուծման դինամիկան է։ 2023 թվականին արձանագրված կտրուկ աճից և 2024 թվականի անկումից հետո, 2025 թվականին կրկին անկում է սպասվում․ արտահանումը՝ մինչև -37%, ներմուծումը՝ մինչև -32%։
Փաստացի սա նշանակում է նախորդ տարիներին ձևավորված ժամանակավոր առևտրային հոսքերի կտրուկ կրճատում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական տեղաշարժերով և վերարտահանմամբ։ Վերականգնումը, որը Կենտրոնական բանկը կանխատեսում է 2026–2027 թվականներին, չափավոր է՝ տարեկան ընդամենը 3–4% աճ, ինչը բավարար չէ արտահանման կառուցվածքում որակական փոփոխություններ ապահովելու համար։
Սա հաստատվում է նաև ընթացիկ հաշվի կանխատեսմամբ․ դեֆիցիտը կպահպանվի ՀՆԱ-ի 4–5% միջակայքում՝ շարունակելով մնալ տնտեսության խրոնիկ խոցելիություններից մեկը։
Չկա միանշանակ բարենպաստ արտաքին «խարիսխ»
Տրանսֆերների բաժինը ՀՆԱ-ում կայունանում է մոտ 3,2% մակարդակում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դրամական փոխանցումները այլևս տնտեսական աճի շարժիչ ուժ չեն հանդիսանում և ավելի շատ կատարում են «ամորտիզատորի» դեր՝ մեղմելով սոցիալական և սպառողական տատանումները։
Ֆիսկալ պատկերը մնում է լարված։ 2025 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև ՀՆԱ-ի 5,4%՝ զգալիորեն գերազանցելով համեմատաբար կայուն մակարդակները։ Թեև 2026–2027 թվականներին սպասվում է դրա նվազում, ընդհանուր միտումը հստակ է․ պետությունը ավելի ակտիվորեն ստանձնում է պահանջարկ խթանողի դեր։
Սա կարճաժամկետ հատվածում ընդունելի է, սակայն թույլ զարգացած արտահանման և եկամուտների սահմանափակ աճի պայմաններում կարող է ապագայում ուժեղացնել պարտքային և ինֆլյացիոն բեռը։
Միջազգային միջավայրը ձևավորվում է ոչ միանշանակ․ ԱՄՆ-ի և Եվրագոտու տնտեսությունների աճի դանդաղում, ՌԴ-ում գրեթե ստագնացիա, նավթի գների անկում և միաժամանակ պղնձի ու պարենային ապրանքների գների աճ։ Հայաստանի համար սա նշանակում է, որ չկա միանշանակ բարենպաստ արտաքին «խարիսխ»․ գործոնների մի մասը աշխատում է դրական, մյուս մասը՝ բացասական ուղղությամբ։
Կայունություն՝ առանց որակական ճեղքման
Կենտրոնական բանկի կանխատեսումը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը մտնում է չափավոր, սակայն անկայուն աճի փուլ։ Ընդհանուր առմամբ մակրոտնտեսական կայունությունը պահպանվում է, ինֆլյացիան վերահսկելի է։
Սակայն որակական թռիչք՝ արտահանման, արտադրողականության և ներդրումների հաշվին, դեռևս չի ուրվագծվում։ Առանց կառուցվածքային բարեփոխումների, արտաքին առևտրի դիվերսիֆիկացման և ժամանակավոր գործոններից կախվածության նվազեցման, աճը կարող է մնալ «թվերով գեղեցիկ» կամ առնվազն ընդունելի, բայց բովանդակությամբ սահմանափակ։
Քանակական աճի և որակական զարգացման այս ճեղքն էլ առաջիկա տարիներին կդառնա Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերը։

