Ոչ թե սահմանների բացում, այլ շրջափակման նոր ձևաչափ

Ոչ թե սահմանների բացում, այլ շրջափակման նոր ձևաչափ

Եթե TRIPP նախագիծը իրականություն դառնա, դա չի հանգեցնի սահմանների լիարժեք բացմանը, այլ կլինի շրջափակման նոր ձևաչափ։ Նման կարծիքի է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Երբ որ մենք խոսում ենք մեր օտարերկրացի գործընկերների հետ, միշտ օրակարգ ենք բերում, ասում ենք, որ տարածաշրջանում ունենք այլ կոմունիկացիաների բացման հարցը։ Մենք ունենք առնվազն հինգ կարևոր կոմունիկացիաներ` մենք ունենք Քարվաճառով ճանապարհը, Բերձորով ճանապարհը և Նախիջևանով ճանապարհը; մենք ունենք առնվազն երկու երկաթգիծ, որոց կարող է Ադրբեջանը բացել։ Խոսքը գնում է Իջևանից-Աղստաֆա և Երասխից-Նախիջևան տանող երկաթգծերի մասին։ Երկաթգծի մասով մեզ անհրաժեշտ է ընդամենը կես տարի, որպեսզի այդ հատվածները պատրաստ լինեն գործարկման․ այնտեղ որևէ խնդիր չկա, կարիք չկա տասնյակ կիլոմետրեր կառուցելու։ Հետևաբար, երբ խոսքը գնում է Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Եվրոպա, Մերձավոր Արևելք կապերը զարգացնելու մասին, մենք միշտ նշում ենք, որ արդեն կան պատրաստի կոմունիկացիաներ, և նույնիսկ Հայաստանը կարող է հասնել Կասպից ծով Իջևանի երկաթգծով, Նախիջևանով մենք կարող ենք հասնել Պարսից ծոց, Ադրբեջանն էլ կարող է հավելյալ կապեր ունենա», — նշեց նա։

Մելքոնյանը հավելեց, որ այդ ճանապարհների բացման հարցը կարելի է լուծել շատ ավելի արագ, քան կիրագործվի TRIPP-ը։ «TRIPP-ը պահանջելու է բոլոր պայմանավորվածությունների ներքին օրենսդրությամբ հաստատում, պայմանները պիտի համաձայնեցնեն Ադրբեջանի հետ, սա էլ է կարևոր կետ։ Ադրբեջանը կարող է մերժել որոշ կետերը, որովհետև գիտենք՝ սկզբում Հայաստանը և Միացյալ Նահանգները պիտի պայմանավորվեն, հետո Ադրբեջանը պիտի համաձայնվի կամ չհամաձայնվի և դրանից հետո նոր սկսենք կառուցել։ Այս պահին ոչ մեկ պատրաստ չի գումար տրամադրել, որպեսզի սկսվի կառուցվել TRIPP-ը, մինչև Ադրբեջանը համաձայնություն չտա», — ասաց նա։

TRIPP-ը, ըստ Մելքոնյանի, ունի երեք շերտ։ Առաջինը՝ ներպետական՝ կապել Ադրբեջանի հետ Նախիջևանը, երկրորդը՝ միջպետական՝ կապել Ադրբեջան Թուրքիայի հետ, երրորդը՝ գլոբալ՝ կապել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ Բոլորը հասկանում են, որ առաջին հերթին պիտի օգտվեն Ադրբեջանը և Թուրքիան, և եթե Ադրբեջանին չբավարարեն պայմանները, ինքը կամ չի օգտվելու այդ միջանցքից, կամ կգրավի այդ միջանցքը և արդեն կստեղծի իր պայմանները։

«Երբ որ մենք խոսում ենք այլ կոմունիկացիաների մասին Հայաստանի հետ կապված, տեսնում ենք, որ ոչ ոք պատրաստ չի քննարկել այդ։ Դա նշանակում է, որ եթե TRIPP-ը բացվի, մենք ապաշրջափակման որևէ լուրջ երաշխիք չունենք։ Առնվազն մենք այդպես ազդակ չենք ստացել, որ TRIPP-ը բացվի, հաջորդ օրը կամ նույն օրը մենք կստանանք Նախիջևանով անխոչընդոտ ճանապարհ։ Հայաստանին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին հարց նույնիսկ օրակարգում չկա։ Քննարկվում է միայն այն՝ արդյո՞ք Ադրբեջանը կբացի այլ կոմունիկացիաներ մեզ համար», — նշեց նա։

Մելքոնյանը համոզված է՝ արտաքին խաղացողների համար հիմնական թիրախ ըստ էության ոչ թե նեղ տարածաշրջանային խնդիրների լուծումն է, այլ Իրանի և Ռուսաստանի շրջանցումը։ «Պարզ է նաև, որ եթե Ադրբեջանը պահանջում է անխոչընդոտ ճանապարհ, նշանակում է, որ իրենք ուզում են «grey zone»՝ անհասկանալի կարգավիճակով տարածք, որը քիչ է վերահսկվում կամ չի վերահսկվում, ինչը հնարավորություն է տալիս այս կոմունիկացիան այլ նպատակների համար օգտագործել», — նշում է փորձագետը։

TRIPP-ի իրականացման պարագայում, շարունակում է Մելքոնյանը, կարող է սկսել գործել շրջափակման նոր ձևաչափ։ «Թուրքիայի հետ կարող է լինել կիսաբաց սահման՝ սահմանը բաց կլինի երրորդ երկրների քաղաքացիների համար, Ադրբեջանն էլ կարող է գործել նույն սկզբունքով։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր կոմունիկացիաները Հայաստանի համար բաց կլինեն», — կարծում է Մելքոնյանը։

Scroll to Top