Մամուլի տեղեկություններով՝ ուրբաթ օրը կայանալիք Դոնալդ Թրամփ – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվելու է 3 փաստաթուղթ։ Factor-ը մանրամասներ է ներկայացրել ստորագրվելիք փաստաթղթերի մասին։
Հրաժեշտ Մինսկի Խմբին
Համաձայն մեր աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին։ Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու նպատակով՝ ԵԱՀԽ-ի անդամ երկրների համաժողովի որոշմամբ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել էին մասնակցել Մինսկի գործընթացին՝ որպես կողմեր, և ոչ թե որպես նախաձեռնողներ։ Ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթով երկու երկրները, ըստ էության, արձանագրում են այդ ձևաչափում իրենց մասնակցության ավարտը։
Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Թրամփի երթուղի»
Երկրորդ փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը լինելու է «Թրամփի երթուղի՝ ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի շուրջ, որը հակիրճ անվանվում է TRIPP հապավումով։ Փաստաթղթում չի կիրառվելու «միջանցք» բառը, փոխարենն օգտագործվելու է «ճանապարհ» տերմինը։
Երկրորդ փաստաթղթով Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվում են ստեղծել «ՀՀ-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն»՝ իբրև իրավահավասար գործընկերներ։ Եթե նախկինում խոսք է եղել ԱՄՆ-ի կողմից Սյունիքի ճանապարհի հնարավոր վարձակալության մասին, ապա այդ տարբերակը դուրս է եկել քննարկումներից, և հայ-ամերիկյան փաստաթուղթը նախատեսում է ամբողջությամբ ուրիշ կարգավորումներ։ Պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանապարհի նկատմամբ, ինչպես նաև անձեռնմխելի է մնալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծում են համատեղ ձեռնարկություն, որը գրանցվելու է Հայաստանում և հիմնադրվելու է համաձայն Հայաստանի օրենսդրության, գործելու է հայկական օրենսդրության շրջանակներում։
ԱՄՆ-ն ֆինանսական ներդրումներ է կատարելու Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծման հարցում։ Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ կառավարելու են այդ կոնսորցիումը։ ԱՄՆ-ն՝ որպես հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակից կողմ՝ իրավունք կունենա կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները պատվիրակել շինարարական կազմակերպությունների։ Այդ աշխատանքներին կկարողանան մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ։
«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք կոնսորցիումը, որը կառավարվելու է երկու երկրների կողմից հավասարության սկզբունքով, իրավունք կունենա ենթակառուցվածքներ կառուցել։ Դա չի ենթադրի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների օտարում Հայաստան պետության կողմից ԱՄՆ-ին։ Հայաստանի պետական կառույցները կունենան հասանելիություն կառուցվելիք ենթակառուցվածքների նկատմամբ, ավելին՝ այդ ենթակառուցվածքները կստեղծվեն և կկառավարվեն հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի կողմից։ ԱՄՆ-ն այս ենթակառուցվածքների վրա չի տեղակայելու զորքեր կամ ուժայիններ, սակայն ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու, որ ճանապարհը ապահով լինի կոմերցիոն տեղաշարժերի համար», — նշվում է հրապարակման մեջ։Կոնսորցիումի աշխատանքի մանրամասները կշարադրվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվելիք պայմանագրով։
Որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից
Ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության բուն համաձայնագիրը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրելու են շրջանակային համաձայնագիր, որով արձանագրելու են, որ երկու երկրները շարունակելու են աշխատանքներ տանել խաղաղության հասնելու նպատակով։ Երրորդ փաստաթղթով Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն կստանձնեն, որ ստորագրումից հետո որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և հետագայում փոփոխության կամ հրաժարման ենթակա չեն լինի։

