Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, Վաշինգտոնում չեն քննարկի երկկողմ հարաբերությունների ամենասուր հարցը՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»։ ԱՄՆ-ը, որպես միջնորդ, չի գնա այդ սկզբունքային փակուղային թեմայի խորացմանը՝ բանակցությունները չխափանելու համար։ Նման կարծիքի է քաղաքական վերլուծաբան Մարինա Բրուտյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կողմերը ցանկանան անդրադառնալ լոգիստիկայի կամ տրանսպորտային հաղորդակցության թեմաներին, «միջանցք» հասկացությունն ինքնին մնում է իրավական առումով անորոշ և պայթուցիկ։ Այդ պատճառով քննարկումները կենտրոնանալու են առավել «անվտանգ» թեմաների վրա՝ օրինակ՝ հումանիտար, տնտեսական հարցերի, ինչպես նաև սահմանազատման գործընթացի։
«Միջանցքի հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, և սա Երևանի «կարմիր գծերից» մեկն է։ Ցանկացած հիշատակում «միջանցք» բառի ընկալվում է որպես սպառնալիք տարածքային ամբողջականությանը։ Ի դեպ, ԵՄ-ը և մասնավորապես Ֆրանսիան նույնպես կոչ են անում կենտրոնանալ ճանապարհների ապաշրջափակման վրա՝ առանց ինքնիշխանության կորստի։ ԵՄ-ը (հատկապես Շառլ Միշելը), ինչպես նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն կողմ են դիվանագիտական կարգավորմանը, որտեղ միջանցքների հարցերը պետք է լինեն համապարփակ փաթեթի մաս, այլ ոչ թե առանձին ճնշման թեմա։ Դա չափազանց ռիսկային թեմա է, որպեսզի այն քննարկվի ուղիղ՝ հատկապես այն հանդիպումներում, որոնք ուղղված են դիրքորոշումների մերձեցմանը և խաղաղ համաձայնագրի ձևականացմանը», – նշում է Բրուտյանը։
Բրուտյանի կանխատեսմամբ՝ ամենայն հավանականությամբ Բաքուն ևս չի պնդի տվյալ ուղու շտապ ապաշրջափակումը, պահելով այն որպես մանիպուլյացիայի թեմա, քանի որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի տարածքով անցնող այլընտրանքային ուղիներից։
«Պետք է հասկանալ, որ Բաքվի հիմնական նպատակը Նախիջևանի հետ հողային մշտական կապ հաստատելն է, ապա՝ դուրս գալ Թուրքիա և դրա միջոցով՝ Եվրոպա։ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապը բացում է ուղիղ ճանապարհ դեպի ԵՄ շուկաներ՝ շրջանցելով Հայաստանը և Վրաստանը։ Սա հատկապես կարևոր է էներգակիրների, տրանսպորտի, լոգիստիկայի և բեռնափոխադրումների տեսանկյունից։ Բացի այդ, Բաքվի համար կարևոր է դառնալ Եվրասիայի կենտրոնական լոգիստիկ հանգույց՝ խոսքը Տրանսկասպյան միջանցքի (Middle Corridor) մասին է։ Այսինքն՝ որքան շատ լինեն այլընտրանքային երթուղիները, այնքան բարձր է երկրի դերը գլոբալ տնտեսության մեջ։ Իրանի տարածքով՝ Ադրբեջանի հարավից (Աստարա) մինչև Իրանի հյուսիս-արևմուտք՝ Նախիջևան տանող երթուղին արդեն գործում է։ Իրանն թույլ է տալիս բեռների տարանցումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս երթուղին Հայաստանից զիջումների կարիք չունի և վերահսկվում է Բաքվի ու Թեհրանի կողմից։ Գործնականում ավարտված է նաև մեկ այլ նախագիծ՝ Ռաշթ–Աստարա երկաթուղային երթուղին։ Սա Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ նախագիծ է, որը կկապի Իրանն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ՝ Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակում։ Ադրբեջանը ցանկանում է լինել նաև այդ առանցքի մասնակիցը՝ այդ թվում՝ դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ մատակարարումների համար», – նշում է փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ստանում Ադրբեջանը Իրանի ուղղությունը զարգացնելով՝ Բրուտյանը նշում է, որ այս տարբերակը հնարավորություն է տալիս անկախ լինել Երևանի քաղաքական կլիմայից, ունենալ այլընտրանք հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների ձախողման դեպքում, ուժեղացնել իր դերը որպես տարանցիկ երկիր, դուրս գալ Թուրքիա և արաբական երկրներ՝ Նախիջևանի ու Իրանի միջոցով, մասնակցել չինական և իրանական մեծածավալ նախաձեռնություններին։
«Սա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է Սյունիքով «միջանցքի» գաղափարից։ Նա իրեն պահում է որպես պրագմատիկ խաղացող․ եթե Հայաստանը արգելափակում է այդ ճանապարհը՝ պետք է ամրապնդել կապերը Իրանի հետ՝ միաժամանակ ավելացնելով քաղաքական ճնշումը Երևանի վրա։ Կա «միջանցքի» խնդիր, թե չկա՝ կարևոր չէ։ Բաքուն միևնույն է զարգացնում է այլընտրանքային երթուղիներ։ Հայաստանի կողմից «միջանցքից» հրաժարվելը Ադրբեջանին փակուղի չի մտցնի, և Բաքուն կարող է իրեն թույլ տալ դիվանագիտական ճկունություն։ Ադրբեջանն այս հարցում ունի Բ, Գ և Դ պլաններ», — նշել է Բրուտյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ սրան զուգահեռ Ադրբեջանը լիովին չի հրաժարվի Սյունիքով ճանապարհի գաղափարից։ «Միջանցք» տերմինը կպահպանվի ներքին և թյուրքական դիսկուրսում, Բաքուն Թուրքիայից հետ չմնալու նպատակով կխթանի ծրագրեր՝ հղում անելով լոգիստիկ կապին և կփորձի ընդլայնել իր ազդեցությունը՝ թեկուզ ոչ անմիջապես։ Ադրբեջանի ղեկավարության համար, շարունակում է փորձագետը, կարևոր է պահպանել «հաղթողի» կերպարը՝ առանց նոր հակամարտության մեջ մտնելու։ Իլհամ Ալիևն արդեն հաղթել է Ղարաբաղում, հիմա նրա նպատակը ձևակերպման շուրջ վեճը շահելը չէ, այլ՝ իրական տրանսպորտային կապի հասնելը։
«Զանգեզուրի միջանցքի շուրջ իրավիճակն արտաքին աշխարհում հաճախ ընկալվում է որպես կոշտ հակամարտություն Բաքվի և Երևանի միջև, որտեղ յուրաքանչյուր կողմ պնդում է իր պայմանները։ Միջանցքի հարցը, անշուշտ, ռազմավարական առաջնահերթություն է։ Բայց ոչ պակաս կարևոր է հիշել, որ Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք ընկալվող ձևակերպումների ուղղակի թելադրումը կարող է հանգեցնել բանակցությունների խափանման և հակամարտության սրմանը։ Սա ոչ մի կողմի շահերին չի համապատասխանում։ Այդ պատճառով Վաշինգտոնի գագաթնաժողովում կողմերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն շրջանցել այդ թեման։ Սպիտակ տանը խոսք կարող է գնալ սահմանազատման գործընթացի շարունակության կամ իրավական երաշխիքների մասին, որ Ադրբեջանը չի ներխուժի Հայաստանի տարածք», – եզրափակել է նա։

