TRIPP+` նոյեմբերի 9-ի համաձայնագրի «ռեբրենդի՞նգն» է

Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի՝ TRIPP+-ի նախագահ։ Ըստ The Guardian-ի՝ հիմնադրամը տնօրինելու է ավելի քան 200 միլիոն դոլարի միջոցներ, որոնք նախատեսված են Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի համար։ Պետքարտուղարությունում ընդգծել են, որ հիմնադրամը գործելու է հաշվետվողականության և անկախ աուդիտի մեխանիզմներով՝ ֆինանսավորելով մասնավոր հատվածի ռազմավարական նախաձեռնությունները տարածաշրջանում։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, մեկնաբանելով այս նշանակումն ու TRIPP+ նախաձեռնությունը, պնդում է․ իրականում խոսքը ոչ թե նոր նախագծի, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաձևակերպման մասին է։

TRIPP-ը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի «ռեբրենդինգ»

Բալասանյանի գնահատմամբ՝ Կոնստանտին Սոկոլովի նշանակումը TRIPP+ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում վկայում է, որ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության յուրատեսակ «ռեբրենդինգ»։ Նրա խոսքով՝ փոխվել է միայն անվանումը, մինչդեռ բովանդակային առումով պահպանվում են այն նույն սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք ամրագրված էին դեռևս 2020 թվականին ստորագրված փաստաթղթում։

Փորձագետը նշում է, որ եթե նախագիծն իրականացվի, ուժի մեջ կմնան այն ընթացակարգերը, որոնք նախատեսված էին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Սա ենթադրում է, որ ռուս սահմանապահները շարունակելու են մնալ Հայաստանի սահմանին, բեռները ստուգվելու են ինչպես մուտքի, այնպես էլ ելքի ժամանակ, իսկ անձնագրային ռեժիմը լիարժեքորեն գործելու է: Բալասանյանն ընդգծում է, որ ԵԱՏՄ բոլոր կանոնները, ինչպես նաև երրորդ երկրների ծագման և ԵԱՏՄ ապրանքների կարգավիճակները նույնպես կպահպանվեն:

Նրա համոզմամբ՝ TRIPP+-ը չի փոխում այդ համակարգի էությունը, այլ պարզապես ներկայացնում է այն այլ քաղաքական և կազմակերպչական փաթեթով։

TRIPP-ը չի կարող իրագործվել առանց Ռուսաստանի

Բալասանյանը համոզված է, որ նախագիծը չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի մասնակցության և համաձայնության։

Նրա խոսքով՝ եթե պահպանվում են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը, ապա անխուսափելիորեն պահպանվում է նաև Ռուսաստանի դերակատարությունը, քանի որ հենց այդ համաձայնագիրն էր սահմանում համապատասխան վերահսկողության և անվտանգության մեխանիզմները։

Փորձագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վկայում է, որ տարածաշրջանային նոր նախաձեռնությունը իրականում կառուցվում է նախկին պայմանավորվածությունների հիման վրա, այլ ոչ թե ամբողջությամբ նոր սկզբունքներով։

Հայաստանը հրաժարվեց ավելի շահավետ տարբերակից

Գրիգոր Բալասանյանը պնդում է, որ Հայաստանը դեռևս 2020 թվականին հնարավորություն ուներ շատ ավելի շահավետ պայմաններով կյանքի կոչելու այն մեխանիզմները, որոնք այժմ ներկայացվում են TRIPP+ նախագծի շրջանակում։

Նրա կարծիքով՝ եթե այդ ժամանակ իրականացվեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Հայաստանը կարող էր հայտնվել առավել նպաստավոր իրավիճակում։ Նա նույնիսկ ենթադրում է, որ այդ դեպքում հնարավոր էր խուսափել մի շարք ծանր հետևանքներից, այդ թվում՝ Արցախի կորստից։

Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները տուրք տվեցին համաշխարհային հակառուսական քաղաքական միտումներին և հրաժարվեցին այն տարբերակից, որն իրենց համար ավելի ձեռնտու էր։ Արդյունքում, ըստ նրա, Վաշինգտոնում ստորագրվեց մի փաստաթուղթ, որի հիմնական բովանդակությունն արդեն իսկ առկա էր Մոսկվայում ստորագրված համաձայնագրում, սակայն այժմ՝ ավելի անբարենպաստ պայմաններով Հայաստանի համար։

Հայաստանը կստանա ընդամենը 26 տոկոս

Բալասանյանի խոսքով՝ տարբերության ամենակարևոր բաղադրիչը տնտեսական շահերի բաշխումն է։

Նրա գնահատմամբ՝ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կյանքի կոչվեր սկզբնական տարբերակով, Հայաստանը կարող էր ամբողջությամբ ստանալ իր բաժինը տարանցիկ բեռնափոխադրումների եկամուտներից։ Իսկ TRIPP+-ի պայմաններում, նրա պնդմամբ, Հայաստանին բաժին կհասնի ընդամենը շուրջ 26 տոկոսը։

Ավելին, նա կասկած է հայտնում, որ նույնիսկ այդ միջոցները փաստացի կհասնեն հայկական կողմին։ Նրա կարծիքով՝ դրանք կարող են ձևակերպվել որպես խորհրդատվական ծառայությունների, ներդրումային կամ այլ ծախսերի փոխհատուցում, ինչի հետևանքով Հայաստանը չի ստանա ակնկալվող տնտեսական օգուտը։

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են, իսկ Հայաստանը չի երևում

Իր խոսքն ամփոփելով՝ Գրիգոր Բալասանյանը հայտարարում է, որ TRIPP+-ի շուրջ ձևավորվող գործընթացներում հիմնական դերակատարները, իր գնահատմամբ, Մոսկվան և Վաշինգտոնն են։

Նրա կարծիքով՝ երկու կենտրոնները կարողացել են փոխըմբռնման հասնել, մինչդեռ Հայաստանը, ըստ նրա, այս մեծ գործընթացում գրեթե չի երևում որպես ինքնուրույն դերակատար։ Բալասանյանը նաև կասկած է հայտնում, որ հետագա զարգացումներում Հայաստանի ազդեցությունն էականորեն կաճի՝ պնդելով, որ երկիրը կարող է մնալ երկրորդական դիրքում՝ առանց իրական ազդեցության տարածաշրջանային որոշումների վրա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top