Արցախը և «Թրամփի ուղին». ՀՀ իշխանությունների ճիշտ ժամանակին որոշումը կարող էր  փոխել իրավիճակը

Արցախը և «Թրամփի ուղին». ՀՀ իշխանությունների ճիշտ ժամանակին որոշումը կարող էր  փոխել իրավիճակը

Եթե Հայաստանի իշխանությունները ժամանակին քայլեր ձեռնարկեին ադրբեջանական կողմին Նախիջևան տանող տրանսպորտային կապեր ապահովելու համար, Արցախը հնարավոր կլիներ փրկվել, ասել է Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։

Մեկնաբանելով այսպես կոչված «Թրամփի ուղին», Բաբայանը նշել է. «Ես հինգ տարի անընդմեջ խոսել եմ ճանապարհներ կառուցելու և բացելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը պնդում էր, որ Մեղրիով անցնող ճանապարհը չի լինելու, միայն երկաթուղի կլինի։ Եթե հիշում եք, ես զգուշացրել էի, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել՝ նրանք ստիպված կլինեն բացել ճանապարհը։ Սակայն, եթե ճանապարհը ժամանակին կառուցվեր և բանակցություններ վարվեին դրա բացման վերաբերյալ, Արցախն այսօր իր տեղում կլիներ»։ Այնուամենայնիվ, Արցախը հանձնվեց, ճանապարհը՝ տրամադրվեց, ասաց Բաբայանը՝ հավելելով, որ «Թրամփի ուղին», իր կարծիքով, միջանցք է։

Բաբայանը նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ ապահովել փոխադարձ կախվածություն անվտանգության հարցում։ «Ես մի քանի առաջարկներ եմ ուղարկել վարչապետին այս ճանապարհի վերաբերյալ, վերջինը՝ այս տարի։ Նախագիծը նախատեսում էր ճանապարհի, նավթատարի, գազատարի, Արաքս գետի վրա ջրամբարի կառուցում, սկանավորման համակարգերի տեղադրում և այլ միջոցառումներ՝ անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ Միաժամանակ, մենք կերաշխավորեինք Ադրբեջանի քաղաքացիների անվտանգությունը, իսկ նրանք՝ մեր քաղաքացիներին, նման մոտեցումը կստեղծեր փոխկախվածություն և գրեթե զրոյի կհասցներ միջադեպերի ռիսկը։ Արտասահմանյան ընկերություն ներգրավելով՝ Հայաստանը միակողմանի երաշխիքներ է տրամադրում Ադրբեջանին, մինչդեռ նմանատիպ երաշխիքներ չեն տրամադրվում Հայաստանի քաղաքացիների համար»։

Scroll to Top