Անկարան փորձում է «վաճառել» իր յուրաքանչյուր քայլը

Անկարան փորձում է «վաճառել» իր յուրաքանչյուր քայլը

Թուրքական դիվանագիտությունը բնույթով «առևտուր» է. Անկարան փորձում է «վաճառել» յուրաքանչյուր գործողություն՝ արտաքին քաղաքականության նույնիսկ ամենափոքր քայլը վերածելով հակառակ կողմից զիջումներ կամ օգուտներ ստանալու գործիքի։ Այս մասին նշել է քաղաքագետ Ալեն Գևոնդյանը՝ խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման մասին։

Նրա խոսքով՝ թուրքական կողմը չի սահմանափակվում միայն իր քայլերը «վաճառելով». այլ տրոհում է դրանք փոքր փուլերի, դրանցից յուրաքանչյուրը վերածելով առանձին գործարքի՝  փորձելով օգուտներ քաղել բառացիորեն ամեն «գրամից»։ «Սա դիվանագիտություն վարելու բավականին պրագմատիկ մեթոդ է, քանի որ այն թույլ է տալիս բանակցությունների ավարտին առավելագույն օգուտներ ստանալ», — ասել է նա։ Հայաստանի դեպքում, քաղաքագետի կարծիքով, գլխավոր նպատակը Երևանը մաքսիմալ տեղափոխելն է իր ազդեցության գոտի՝ օգտվելով Մոսկվայի զբաղվածությունից։

Այս տեսանկյունից հայ-թուրքական գործընթացը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու երրորդ փուլն է։ Այս երրորդ փուլում նախատեսվում է լուծել ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։ «Բայց Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը պետք է ներկայացվի «ճիշտ» ձևով։ Եթե Թուրքիայի հետ խնդիրներ չկան , եթե կողմերը մտադիր են իրականացնել համատեղ մշակութային և կրթական նախագծեր, ապա այս ամենը «լավ կաշխատի» որպես փաստարկ՝ հօգուտ ռուսական ռազմաբազայի դուրսբերման», — նշեց փորձագետը՝ համարելով, որ այս ամենը բեմադրվելու է հայաստանյան ներկայիս իշխանության հետ համատեղ։

Իր հերթին, Հայաստանի իշխանությունը կփորձի «վաճառել» թուրքական կողմի հետ շփումների փաստը որպես նշանակալի առաջընթաց, որը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը  Սեպտեմբերի 12-ին անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ Էլեկտրահաղորդիչ գծի վերականգնումը, Ռուբինյանի պնդմամբ, հնարավորություն կտա Թուրքիային  էլեկտրականություն վաճառել։ 

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:

Եզրափակելով՝ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։

Scroll to Top