Անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն. Իրավական մեկնաբանություններ և միջազգային համատեքստ

Անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն. Իրավական մեկնաբանություններ և միջազգային համատեքստ

Վաշինգտոնում Եռակողմ հռչակագրի ստորագրումը Հայաստանում բուռն քննարկումներ է առաջացրել այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» բնույթի վերաբերյալ՝ արդյոք այն պարզապես տրանսպորտային երթուղի է, թե՞ փաստացի միջանցք։

Չնայած հռչակագրի տեքստում ամրագրված է Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու մասին դրույթը այն տարածքի նկատմամբ, որով պետք է անցնի երթուղին, «անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպումը, որը ապահովում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, շատ հարցեր է առաջացրել։

Շատ փորձագետների կարծիքով, «անխոչընդոտ» տերմինը կարող է մեկնաբանվել որպես ադրբեջանական բեռների և ուղևորների համար պարտադիր մաքսային և սահմանային ընթացակարգերի բացակայություն Հայաստանի տարածքում։ Լրացուցիչ անորոշություն են ստեղծում հայ պաշտոնյաների անորոշ հայտարարությունները այդ ուղու վրա հայաստանյան մաքսային և սահմանապահ ծառայությունների դերի մասին, ինչպես նաև Բաքվի պնդումները, որ իրենք հասել են ցանկալի արդյունքի։

Այս առումով հիմնական հարցն այն է, թե ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ հաղորդակցություն» եզրույթը  միջազգային իրավունքի տեսանկյունից։Արդյո՞ք այն  պետք է ընկալվի որպես տարանցիկ պետության կողմից վերահսկողության լիակատար բացառում, թե՞ միջազգային պրակտիկայում ամրագրված են այլ կարգավորման մեխանիզմներ։

Մաքսային և առևտրային ընդհանուր համաձայնագրից մինչև TIR կարնետների ծածկույթով ապրանքների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիա

«Անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցությունը» տրանսպորտային քաղաքականության և ենթակառուցվածքների ավելի լայն և գործնական հասկացություն է, որը ապահովում է արդյունավետ և անընդհատ տրանսպորտային հաղորդակցությունների իրական հնարավորությունները: Միջազգային պայմանագրերում ամրագրված և օտարերկրյա տարածքով ապրանքների անխոչընդոտ անցումը երաշխավորող իրավական կարգավիճակը «ազատ տարանցում» հասկացությունն է:

«Ազատ տարանցում» հասկացությունը կարգավորվում է 1947 թվականի Մաքսային և առևտրային ընդհանուր համաձայնագրի (GATT) 5-րդ հոդվածով: Հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ իր ամբողջ տարածքում տրամադրում է տարանցման ազատություն՝ ամենահարմար երթուղիներով, մեկ այլ պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից իրականացվող տարանցիկ երթևեկության համար՝ առանց որևէ տարբերակման նավերի կամ տրանսպորտային միջոցների միջև՝ կախված դրանց դրոշից, ծագման երկրից, մեկնման երկրից, նպատակակետից, սեփականատիրոջից կամ այլ հանգամանքներից»: 

Բացի այդ, հոդվածում նաև նշվում է, որ. «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ տարանցիկ երթևեկությունն անցնի համապատասխան մուտքի մաքսային գրասենյակով, սակայն տարանցումը չպետք է ենթարկվի անհիմն ուշացումների, սահմանափակումների կամ հարկերի, բացառությամբ տրանսպորտի հետ կապված վճարների կամ տարանցման հետ կապված վարչական ծախսերին կամ մատուցված ծառայությունների արժեքին համապատասխանող վճարների»։ 

Ավելին, տարանցման հետ կապված բոլոր վճարներն ու ձևականությունները, ըստ հոդվածի, «պետք է լինեն ողջամիտ և համաչափ, չխոչընդոտեն տարանցման ազատությանը և չլինեն խտրական»։ 

Անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հստակ ձևակերպում կա նաև TIR կարնետի ծածկույթով ապրանքների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիայում (1975թ.): Մասնավորապես, հիմնական դրույթները արտացոլում են ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը՝ նվազագույն ուշացումներով և առավելագույն անվտանգությամբ: 

Համաձայն կոնվենցիայի՝ մաքսային տուրքերի վճարումը ապահովվում է միջազգային երաշխիքային համակարգով. ապրանքները ուղեկցվում են բոլոր անդամ պետությունների կողմից ճանաչված մաքսային փաստաթղթով՝ TIR կարնետով, որն օգտագործվում է մեկնման, տարանցման և նպատակակետի երկրներում վերահսկողության համար։ մեկնման երկրում ձեռնարկված մաքսային վերահսկողության միջոցառումները ճանաչվում են բոլոր տարանցիկ և նպատակակետ երկրների կողմից: 

Սակայն սա չի նշանակում, որ տարանցիկ երկիրը ընդհանրապես իրավունք չունի ստուգելու ապրանքները: Ընդհակառակը, 1975 թվականի TIR մաքսային կոնվենցիայի համաձայն՝ տարանցիկ երկրները պահպանում են իրենց տարածքով անցնող ապրանքների մաքսային վերահսկողություն իրականացնելու իրավունքը: Սակայն վերահսկողությունն իրականացվում է պարզեցված և ստանդարտացված TIR ընթացակարգի շրջանակներում՝ օգտագործելով TIR կարնետը, որը ծառայում է որպես բոլոր անդամ երկրների կողմից ճանաչված միասնական մաքսային փաստաթուղթ:

Այս դեպքում ստուգումը սահմանափակվում է կնիքների ամբողջականության և փաստաթղթերի համապատասխանության ստուգմամբ՝ առանց լիարժեք կրկնակի ստուգումներ անցկացնելու, որպեսզի չհետաձգվի տարանցումը:

«Ազատ տարանցում» և ինքնիշխան վերահսկողություն

Այսպիսով, միջազգային իրավական համատեքստում «անխոչընդոտ  հաղորդակցությունը» բոլորովին նույնական չէ տարանցիկ պետության վերահսկողության բացակայության կամ ինքնիշխանության կորստի հետ: Ընդհակառակը, «ազատ տարանցումը» ենթադրում է կողմի պարտավորությունը՝ ապահովել ապրանքների և ուղևորների անարգել անցումը, բայց սահմանված ընթացակարգերի շրջանակներում, ներառյալ մաքսային մարմինների ստուգումը, վարչական վճարների գանձումը և գործող այլ կանոնների պահպանումը:

Միջազգային պրակտիկան հաստատում է այս մեկնաբանությունը: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայում երրորդ երկրների տարածքով տարանցումն իրականացվում է մաքսային ընթացակարգերի պարտադիր անցմամբ, չնայած ֆորմալ առումով այն համարվում է «ազատ»: ԱՀԿ-ի օրինակը նույնպես պատկերավոր է. տարանցման հետ կապված վեճերում Արբիտրաժը բազմիցս նշել է, որ «ազատ տարանցումը» չի բացառում պետության իրավունքը՝ սահմանելու ողջամիտ վերահսկողության միջոցներ, եթե դրանք խտրական չեն և չեն խոչընդոտում տրանսպորտային հաղորդակցությունները: 

Այսպիսով, միջազգային պրակտիկան «անխոչընդոտ հաղորդակցությունը» մեկնաբանում է որպես պարզեցված և ոչ խտրական տարանցիկ ռեժիմ, բայց ոչ որպես ինքնիշխան վերահսկողությունից լիակատար հրաժարում: Հայաստանի համար սա նշանակում է ազատ տարանցում ապահովելու պարտավորությունները ազգային կարգավորման մեխանիզմների պահպանման հետ համատեղելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ռիսկերը և միաժամանակ կատարել միջազգային պայմանագրային պարտավորությունները։

Scroll to Top