Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարել է լինել ինքնուրույն գործիչ։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը մի շարք կարևոր ոլորտներ է զիջել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում հաղթանակն ապահովելու համար։
«Դա առաջին հայացքից այդքան ակնհայտ չէ, հատկապես, երբ Ալիևը խոսում է հաղթանակած նախագահի դիրքերից՝ սպառնալիքներ հնչեցնելով Ռուսաստանի և Իրանի դեմ։ Սակայն եթե ուսումնասիրենք այդ պետության կառավարման համակարգի կառուցվածքը՝ թե ով է վերահսկում հետախուզական ծառայությունները, ով է կառավարում բանակը, պարզ կդառնա, որ Իլհամ Ալիևը հեռու է անկախ գործիչ. նա ամբողջությամբ վերահսկվում է Թուրքիայի կողմից», — պնդում է Մելիք-Շահնազարյանը։
Նա կարծում է, որ հենց Անկարան է Բաքվին մղում Ռուսաստանի հետ բախման, և նա դա արել է այն պահից, երբ ձեռք է բերել ազդեցության լծակներ։
Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական բախման նշաններ սկսել են ի հայտ գալ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։
«Պատերազմից հետո Արցախի անվտանգության պատասխանատվությունը փոխանցվեց ռուս խաղաղապահներին։ Եվ եթե հաշվի առնենք այն ժամանակահատվածները, երբ ադրբեջանական կողմը քայլեր էր ձեռնարկում հայ բնակչության դեմ, պարզ է դառնում, որ դրանք բոլորը համընկել են ուկրաինական ճակատում ռուսական անհաջողության ժամանակահատվածների հետ։ Այսինքն՝ հենց որ ռուսական կողմը ուկրայնական ճակատում նահանջում էր կամ ոչ միանշանակ իրավիճակում էր հայտնվում, Ադրբեջանը անմիջապես գործողություններ էր ձեռնարկոըմ՝ գրավում Փարուխը, միջանցք փակում և բազմաթիվ այլ քայլերի դիմում։ Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի դիմակայություն կար 44-օրյա պատերազմից անմիջապես հետո», — հայտարարեց նա։

