Ընդդիմությունը պետք է օգտագործի արտաքին ուժերի միջև եղած տարաձայնությունները

Իշխանությունը պահվում է «թղթային խաղաղության» գործընթացով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի կորցրել է իր ընտրազանգվածի զգալի մասը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ իշխանության աջակցության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 1/8, եթե ոչ 1/10 այն ընտրազանգվածի ծավալից, որն ուներ Փաշինյանը 2018 թվականին:

Փորձագետը ընդգծում է, որ նույնիսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխող ուժի համար այսօր թվում են անհասանելի: Այնուամենայնիվ, Քոչարյանը չի կարծում, որ իշխանության պարտությունը առաջիկա ընտրություններում կանխորոշված է: Նրա խոսքով՝ արդյունքը մեծապես կախված կլինի ընդդիմության կարողությունից առաջարկել  իրական խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, որը համոզիչ կլինի հասարակության համար:

Քաղտեխնոլոգի տեսակետով՝ իշխանությունը «խաղաղության գործընթաց»-ի հռետորաբանությունը օգտագործում է հիմնականում որպես նախընտրական PR-գործիք: Վաշինգտոնում նախաստորավորված խաղաղության մասին փաստաթուղթը փորձագետը համարում է խիստ դեկլարատիվ, քանի որ այն չի ապահովում կարևորագույն տարրը՝ արտաքին երաշխավոր:

«Այն պայմաններում, երբ աշխարհում չեն գործում խաղի կանոնները, և միջազգային իրավունքը չի երաշխավորում պարտավորությունների կատարումը, նախաստորագրել նման փաստաթուղթ  առանց հզոր երաշխավորի՝ ռիսկային է», — նշում է Քոչարյանը: Նա ընդգծեց, որ Դոնալդ Թրամփի ստորագրության բացակայությունը նշանակում է ԱՄՆ-ի կողմից երաշխավորության բացակայությունը:

Այսպիսով, փորձագետի գնահատմամբ, առաջարկվող համաձայնագիրը թվում է պակաս համոզիչ, քան հեքիաթ: Սա ոչ թե իրական խաղաղության գործընթաց է, այլ իշխանությունը պահպանելու գործիք: Նման պայմաններում ընդդիմության հաջողության հավանականությունը մեծանում է՝ պայմանով, որ այն կկարողանա հասարակությանը առաջարկել կենսունակ, ինստիտուցիոնալ այլընտրանք:

Scroll to Top