Թուրքական քաղաքական վերնախավում գոյություն ունի շատ հստակ և հետևողական ռազմավարություն, որը նպատակ ունի Թուրքիան այս կամ այն կերպ կապել հարակից երկու-երեք տարածաշրջանների հետ։ Այս ռազմավարությունը հիմնված է անվտանգության հաշվարկների ազդեցության գոտիների ընդլայնման նպատակների վրա։ Այս մասին հայտնել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Գեղամյանը հիշեցնում է, որ սկսած 15–16-րդ դարերից Օսմանյան կայսրության համար Հարավային Կովկասը բնական հետաքրքրության գոտի էր։ Փաստացի այստեղ հատվում կամ ավարտվում էր Օսմանյան կայսրության սահմանը, և այդտեղից բացվում էր յուրահատուկ դարպաս դեպի Կովկաս, դեպի Կենտրոնական Ասիա և դեպի Իրանի սարահարթ։ Գեղամյանը շեշտում է, որ սա ունեցել է պրակտիկ նշանակություն. նվաճողական քաղաքականության և անվտանգային մտահոգությունների տեսանկյունից։
«Հարավային Կովկասը լեռնային խիտ գոտի է, լեռնային կղզի. եթե այնտեղ ես, ապահովում ես կայսրության թիկունքը և արևելյան ու հյուսիսային դարպասները, հետևաբար ավելի քիչ խնդիրներ ես ունենում։ Նուկնիսկ այն ժամանակներից նրանք հատուկ ուշադրություն են դարձնում քաղաքական աշխարհագրությանը։ Օրինակ, ինչու Զանգեզուրի միջանցքը նախընտրելի ճանապարհ էր. սա ոչ պատահականություն է և ոչ պայմանավորվածություն, այլ խիստ որոշակի բնական պայմաններով թելադրված։ Արաքսի հովիտն ամենահարմար ճանապարհներից մեկն է՝ կարճ եղանակային պայմաններով, ձյունը հազվադեպ է գալիս, մոտ է Իրանում ապրող թուրքախոսներին և առավել ձեռնտու է ռազմավարական տեսանկյունից», — նշեց նա։
Ըստ Գեղամյանի, երբ նայում ենք քաղաքական աշխարհագրությանը, շատ երևույթներ հասկանալի են դառնում։ Ադրբեջանում և Թուրքիայում, շարունակում է նա, քաղաքական աշխարհագրությանը շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան Հայաստանում։ Այս երկրները փորձում են ստեղծել իրենց դիրքի կոնցեպտուալ շրջանակներ աշխարհագրական փաթեթավորմամբ։
«Օրինակ, «Գյանջա Գեփ» գաղափարը։ Նրանք ներկայացնում են Եվրասիայի քարտեզ՝ երկու երկիր առանձնացնելով՝ Ռուսաստանն ու Իրանը։ Իրենք ցուցադրում են արևմտյան գործընկերներին, որ այստեղ միայն Ադրբեջանն է, որ իրենց համար թշնամական երկիր չէ և կարող է դիտարկվել որպես միջանցք», — նշում է նա։
Այս գաղափարի հիման վրա առաջ է մղվում Միջին միջանցքի գաղափարը, որի առանցքային հատվածներից մեկն այսօր Զանգեզուրի միջանցքն է։ Գեղամյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը այս ռազմավարական դիրքը վերածում են միջազգային գործընկերների համար կայուն «կղզյակի», որով պետք է անցնեն ճանապարհները, և այս միջանցքը կառուցվում է աշխարհագրական, անվտանգության և ազդեցության հաշվարկներով։

