Իրանի զորավարժությունները Հայաստանի հետ կընդլայնվեն

Սյունիքի միջանցքի գաղափարը նոր չէ. այն մշտապես եղել է Ադրբեջանի ռազմավարական օրակարգում և կազմում է Անկարայի և Բաքվի համատեղ երկարաժամկետ պլանի մասը։ Այդ ուղղությամբ նրանց նպատակն է ստանալ վերահսկողություն Սյունիքի ճանապարհների նկատմամբ՝ առանց Երևանի կամ որևէ այլ կողմի մասնակցության։ Այս մասին նշում է Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնը։
Սա, ըստ Հուսեյնի, ոչ միայն սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլև մարտահրավեր Իրանի ազգային անվտանգությանը։ Նա ընդգծում է, որ թե՛ Թեհրանը, թե՛ Երևանը պետք է մշտապես պատրաստ լինեն դիմագրավելու նման ռիսկերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրանին՝ աջակցել այս նախաձեռնությանը՝ այն ներկայացնելով որպես թյուրքական աշխարհի ինտեգրման միջոց։ Սակայն, ինչպես հիշեցնում է Հուսեյնը, Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ ունի ճանապարհային կապ Նախիջևանի հետ՝ Իրանի տարածքով, և այժմ էլ Թեհրանը առաջարկում է առավել բարեկարգ երթուղի։ Այս համատեքստում պարզ է դառնում, որ «միջանցքի» հարցը տեխնիկական չէ, այլ քաղաքական․ նպատակն է՝ տարածաշրջանում թյուրքական վերահսկողության ամրապնդումը։ Հենց այդ պատճառով Իրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի հարցը նրա համար «կարմիր գիծ» է։

Հուսեյնը նշում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը ինքնուրույն չէ, և Բաքուն գտնվում է Թուրքիայի և Իսրայելի նշանակալի ազդեցության տակ։ Իրանը, իր հերթին, փորձում է դիվանագիտական և ռազմական ճանապարհներով հավասարակշռել իրավիճակը՝ կանխելով լայնածավալ ռազմական սրումները։ Չնայած տեղային միջադեպերին, Թեհրանին հաջողվում է զսպել էսկալացիան՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը Հարավային Կովկասում։

Ադրբեջանի հայտարարությունները, թե Իրանի հետ կառուցվող ճանապարհն այլընտրանք է հայկական երթուղուն, ըստ վերլուծաբանի, քարոզչական բնույթ ունեն։ Իրականում, Հայաստանը շրջափակման մեջ չի հայտնվում և ունի ավելի ռազմավարական ճանապարհային նախագծեր, ինչպիսին է Հյուսիս–Հարավ միջանցքը, որը կապում է Հնդկաստանը և Եվրոպան՝ անցնելով Իրանի ու Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել օրակարգ, որը միայն ճանապարհային հարցով չի սահմանափակվում, այլ կարող է հանգեցնել նոր պահանջների՝ անվտանգության վերահսկողությունից մինչև էթնիկ վերադարձների օրակարգ։ Այդ սցենարը, ըստ Հուսեյնի, սպառնում է Հայաստանի պետականության հիմքերին։

Վերլուծաբանի խոսքով՝ Իրանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի հետ անցկացվող զորավարժությունները կարևոր դեր ունեն տարածաշրջանում ռազմավարական ներկայությունը պահպանելու հարցում։ Թեև առաջին զորավարժությունները Հայաստանի հետ սահմանափակ էին, Հուսեյնը վստահ է, որ մոտ ապագայում դրանք կընդլայնվեն՝ պայմանավորված աշխարհաքաղաքական արձագանքների բացակայությամբ։ Սա համապատասխանում է Իրանի ընդհանուր ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու և արտաքին ազդեցությունները չեզոքացնելու ուղղությամբ։

Scroll to Top