Ալիևն այլևս ինքնուրույն գործիչ չէ. նա կատարում է Անկարայի հրամանները

Ալիևը բաց ասում է․ պատերազմը իր կյանքի նպատակն էր, իսկ մենք բանավիճում ենք՝ ով է սադրել

Ցավալի է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ կառավարած անձինք Արցախի հակամարտությունը վերածել են ներքին բախման թեմա. այնպիսի տպավորություն է, որ այդ հակամարտության մեջ Ադրբեջան չի եղել, չեն եղել Ադրբեջանից եկող սպառնալիքներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ մեղադրանքներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ։

Հայրապետյանի խոսքով՝ մինչ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները փորձում են միմյանց մեջ գտնել պատերազմի պատասխանատուներին, Ադրբեջանը շարունակում է «հայատյացության, ատելության և զավթողական քաղաքականության» իր քարոզը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հրապարակավ հայտարարել է, թե «տասնյոթ տարի սպասել է այդ [պատերազմի վերսկսման] օրվան» և միտումնավոր մերժել է խաղաղ կարգավորման բոլոր տարբերակները։ «Այդ պատերազմը հենց Ալիևն է սանձազերծել, և չտեսնել այդ փաստը՝ անհեթեթություն է։ Մեր քաղաքական գործիչները, ցավոք,  իրենց ներքին վեճերով փաստացի մաքրում են Ալիևին այդ պատասխանատվությունից», — ընդգծել է նա։

Հայրապետյանի կարծիքով՝ ներկայիս և նախկին իշխանությունների փոխադարձ մեղադրանքները «ուղղակի վնասակար են պետության համար», քանի որ ուշադրությունը շեղում են իրական խնդիրներից՝ անվտանգությունից, բանակի արդիականացումից և դիվանագիտական դիրքերի վերականգնումից։ Նա նշել է, որ դիվանագիտությունն ու զինված ուժերը պետք է զարգանան զուգահեռ․ ուժեղ բանակը ամրապնդում է դիվանագիտական դիրքերը, իսկ կայուն դիվանագիտությունը՝ ռազմական անվտանգությունը։

«90-ականներին մենք ռազմական դաշտում ունեցել ենք հաղթանակ, բայց դրան չի հաջորդել համարժեք զարգացում բանակում ու քաղաքական համակարգում։ Եթե բանակը ժամանակակից մակարդակի չբերվի, հակառակորդը միշտ էլ կհամարի, որ կարող է հաղթել», — նշել է Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը տարիներ շարունակ համակարգված ձևով ուժեղացրել է իր զինված ուժերը և ներդրել մեծ ռեսուրսներ նաև հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի մեջ, մինչդեռ Հայաստանում այդ գործընթացները մնացել են անավարտ։

«Ալիևը բաց տեքստով ասում է, որ պատերազմը իր կյանքի նպատակը եղել է, իսկ մենք մինչ այժմ քննարկում ենք՝ ով է սադրել։ Այդպես չի կարելի պետություն կառավարել։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն կարող է հետագայում ուղղվել Հայաստանի դեմ», — եզրափակել է Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ երկիրը գտնվում է մի փուլում, երբ անհրաժեշտ է «առողջ քննարկում և միասնական պատասխանատվություն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքների անվերջ շրջան»։

Scroll to Top