Ռազմարդյունաբերության զարգացման 2025թ-ի բյուջեի կատարողականը 20%-ը չի գերազանցի 

Ռազմարդյունաբերության զարգացման 2025թ-ի բյուջեի կատարողականը 20%-ը չի գերազանցի 

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռազմարդյունաբերության նոր շրջանի մասին՝ նշելով, որ 2025 թվականը լինելու է ռազմարդյունաբերության տարի։ Վերջին տարիներին տարբեր պետական և բարձրաստիճան պաշտոնյաներ հերթով ընդգծում են, որ Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունը գտնվում է արագ զարգացման փուլում, և դրան ուղղվում են էական ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսներ։ Սակայն արդյո՞ք այս հայտարարությունները համապատասխանում են իրական շարժին, և ի՞նչ մակարդակի վրա է այսօր հայկական ռազմարդյունաբերությունը։ Այս մասին խոսեց Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, Հայաքվի ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը:

Նրա խոսքով՝ հնչող հայտարարությունները չեն արտացոլում ռազմարդյունաբերության ոլորտի իրական վիճակը։ Քերոբյանի գնահատմամբ՝ պաշտոնյաների հայտարարությունները հիմնականում վերաբերում են արտադրական պայմանագրերին, որոնցից մի մասը չի իրականացվել՝ տեխնիկական և լոգիստիկ խոչընդոտների պատճառով։ Ընկերությունները բախվում են բաղադրիչների ներմուծման, սանկցիաների տակ գտնվող նյութերի և պահեստամասերի ձեռքբերման խնդիրների, ինչի հետևանքով ծրագրերի զգալի մասը մնում է թղթի վրա, պնդում է նա։ 

Վերջին վեց տարիներին ռազմարդյունաբերության զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները հաստատուն կերպով թերածախսվել են, ասաց Քերոբյանը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին, կառավարության ինտերակտիվ բյուջեի տվյալներով, 5,7 միլիարդ դրամ նախատեսված գումարից ծախսվել է ընդամենը 600 միլիոնը։ Նախորդ տարիներին լավագույն դեպքում կատարվել է հատկացումների շուրջ 30-35 տոկոսը, իսկ մնացածը ուղղվել է այլ նպատակների։ «Անցյալ տարի, օրինակ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից միջոցներ հատկացվեցին ոստիկանության պարեկային ծառայության պարգևավճարների համար, ինչը ծաղրանք է՝ հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը», նշեց նա։

Ըստ նրա՝ խնդիրը համակարգային է. պետությունը չունի ռազմարդյունաբերության զարգացման իրական ռազմավարություն։ «Մեր ռազմարդյունաբերական համալիրը կարող է իրացնել առաջանցիկ ծրագրեր, բայց դրանք պահանջում են պետական հոգացություն և հետևողական ֆինանսավորում։ Մի կողմից գումար է հատկացվում, մյուս կողմից՝ այն չի ծախսվում։ Սա ընդամենը ցուցադրական քոյլեր են, տեղեկարվական աղմուկ՝ հանրության աչքերում ստեղծել տպավորություն, իբր ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում, սակայն իրականում նման նպատակ միգուցե նույնիսկ դրված չէ», — նշում է նա։ 

Ռազմարդյունաբերության զարգացումը, շարունակում է Քերոբյանը,  չի կարող թողնվել մասնավոր հատվածի նախաձեռնությանը. դա պետք է լինի պետական հստակ կառավարման և վերահսկողության ոլորտ։ Ռազմարդյունաբերության լիազոր մարմինը պարտավոր է ապահովել հատկացված միջոցների ամբողջական իրականացումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմել լրացուցիչ ֆինանսավորման։ Սակայն այս տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ կատարման մակարդակը 20 տոկոսը չի գերազանցելու, եզրափակեց փորձագետը։

Scroll to Top