Հանգստյան օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառում արեց հետևյալի մասին, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում մենք վերադարձնելու ենք Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Ի՞նչ է նշանակում մյուս օկուպացված տարածքներ։ Վարչապետ Փաշինյանը չի մանրամասնել, և այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ «մյուս օկուպացված տարածքներ» ասվածը ենթադրում է միայն դեռևս 90-ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները Տավուշի մարզում, սահմանամերձ գոտում, թե՞ նաև 2021 և 2022 թվականներին օկուպացված տարածքները։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի պնդմամբ՝ այս հարցերը ունեն շատ էական նշանակություն, որովհետև եթե նաև ներառվում են 2021 և 2022 թվականներին օկուպացված տարածքները, ապա հաստատվում է այն փաստը, որ Ադրբեջանը, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, այդ տարածքները իր ձեռքին վերածում է խաղաքարտի, վերածում է փոխանակման առարկայի և Հայաստանից դրա դիմաց ստանում է իր անհրաժեշտը։
Բացի այս համատեքստից, նշում է վերլուծաբանը, այս հարցը նաև պարունակում է շատ լուրջ մեկ այլ համատեքստ․
«Խոսելով Ադրբեջանից Արծվաշենի վերադարձի մասին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ակնարկում է, որ Ադրբեջանն էլ Արծվաշենի դիմաց, որը ինչպես հայտնի է անկլավ էր խորհրդային ժամանակաշրջանում, ստանալու է այն իր բնորոշմամբ «անկլավները», որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը պնդում է Ադրբեջանը, և ինչը, ցավոք սրտի, ընդունում է Հայաստանի Հանրապետությունը»։
Նախորդ շաբաթավերջին եղել էր նաև այս մասին հայտարարություն Ադրբեջանից, հավելեց Բադալյանը՝ նշելով, որ այդ երկրի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Ղազախի շրջանի երեք գյուղերը գտնվում են իրենց օրակարգում գերակա հարց են և դրանք ենթարկվելու են վերադարձի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում։
«Եվ փաստորեն Հայաստանի վարչապետի գրառումը հանգստյան օրերին պատասխան էր կամ ավելի շուտ հավաստում էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից հետո», — ասաց Բադալյանը։
Ըստ նրա՝ եթե այստեղ դիտարկենք նույնիսկ պարզ և լիովին համաչափ, հավասարաչափ տարածքների փոխանակում, ապա անգամ մաթեմատիկական ճշգրտությամբ միլիմետր առ մի միլիմետր համարժեք փոխանակման դեպքում այդ փոխանակումը ըստ էության որևէ կերպ չի կարող լինել համարժեք։ Սա հասկանալու համար, շարունակում է վերլուծաբանը, բավարար է ընդամենը նայել քարտեզին և հասկանալ, որտեղ է Արծվաշենը և ինչ նշանակություն այն կարող է ունենալ Հայաստանի համար ռազմավարական և անգամ մարտավարական տեսանկյունից, և որտեղ են այսպես կոչված «ադրբեջանական անկլավները»։
«Դրանք գործնականում բոլորը, համենայն դեպս այն, ինչ ներկայացվում է որպես ադրբեջանական անկլավ, գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակության գոտիներում, ենթակառուցվածքային հանգույցների վրա։ Ստանալով այդ այսպես կոչված «անկլավներ»՝ Ադրբեջանը ստանալու է Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմավարական գերակայության ևս մի շերտ։ Ինչու եմ նշում «ևս մի շերտ», որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը այդպես շերտ առ շերտ պահանջներ ներկայացնում Հայաստանին, որոնք ոչ միայն մեկանգամյա տրամաբանությամբ ինչ-որ պահանջներ են, ինչպես օրինակ Կիրանցի հայտնի տարածքների դեպքում էր, այլ նաև ստրատեգիական նշանակություն ունեն թե քաղաքական, թե բարոյական, թե նաև այս կոնկրետ անկլավների դեպքում զուտ ֆիզիկական նաև իմաստով», — ասաց նա։
Բադալյանը համոզված է՝ եթե Ադրբեջանը ստանա այս իրավունքը և առավել ևս այն իրացնելու հնարավորությունը, ապա հաջորդիվ դրվելու է նաև այդ անկլավներում ադրբեջանցիների վերադարձի և ապա նրանց անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու հարցը։ Եվ հաշվի առնելով այն, թե ինչպես է Ադրբեջանը դնում այս հարցերը և գնում դրանց հետևից, հաշվի առնելով մինչ այժմ եղած նախադեպերը՝ դժվար չէ պատկերացնել, թե այստեղ ինչ ռազմավարական և մարտավարական ռիսկեր կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունը, ասաց նա։
«Օրեր առաջ Իլհամ Ալիևը, ինչի մասին մենք խոսել ենք, հայտարարել էր, որ ադրբեջանցիները կվերադառնան իրենց, այսպես ասած, «պատմական հողեր», որպիսին դիտարկում է գործնականում ամբողջ Հայաստանը և նույնիսկ հայաստանցիներին խորհուրդ էր տալիս չանհանգստանալ։ Եվ Ալիևը, ինչպես հիշում ենք, նշում էր, թե վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Գործնականում վերադարձի այս սխեման ենթադրում է, որ մեքենաներով վերադարձողների հետևից արդեն Ալիևը կդնի տանկերի խնդիր այդ մեքենաներով վերադարձողների անվտանգության ապահովման համար», — նշում է Բադալյանը;
Նա չի բացառում, որ այդ պարագայում պաշտոնական Երևանը կհայտարարի, որ հայկական կողմնել է ձեռք բերել Արծվաշենում տանկերով պաշտպանելու իրավունք։
«Առերևույթ այս հայտարարությունը կլինի հասկանալի, ինչպես ասում են, «թղթերով ամեն ինչ կլինի կարգին», այսինքն՝ մենք մեր իրավունքն ենք ձեռք բերում, նրանք՝ իրենց իրավունքը։ Բայց, երբ մենք պարզապես դուրս ենք գալիս զուտ մաթեմատիկական տրամաբանությունից և հարցին նայում ենք թե քարտեզով, թե նաև պատկերացնելով քարտեզի ստացված պատկերի ռազմավարական բովանդակությունը, ապա մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը, մեղմ ասած, բազմաքի անգամ ավելի արդյունավետ և ավելի առարկայական կապիտալիզացնելու հնարավորություն ունի իր իրավունքները, քան ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը»․ — համոզված է նա։
Միջազգային և միջպետական հարաբերություններում, խաղաղության և պատերազմի հարցերում, շարունակում է Բադալյանը, իրավիճակը որոշում է ոչ թե «թղթային հավասարակշռությունը», այլ ուժերի հավասարակշռությունը, որը այսօր, մեղմ ասած, Հայաստանի օգտին չէ։ Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ ռազմավարական առումով կարգելափակվեն իրավիճակի հավասարակշռության գալու բոլոր հեռանկարները՝ թե քաղաքական, թե ռազմաքաղաքական և թե նաև բարոյահոգեբանական, եզրափակեց նա։

