Սևանը Ադրբեջանի քաղաքական հաշվարկներում է

Սևանը Ադրբեջանի քաղաքական հաշվարկներում է

Պաշտոնական Բաքուն առաջին անգամը չէ որ որոշակի նկրտումների մասին է հայտարարում Սևանի ուղղությամբ: Այս առումով, Սևանը որպես այդպիսին արդեն իսկ տեղավորվում է Ադրբեջանի տարածաշրջանային գեոքաղաքական հաշվարկների մեջ։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վահե Դավթյանը՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին։ 

Նրա խոսքով՝  ՄԱԿ-ի տվյալների համաձայն, եթե առաջիկա տարիներին՝ մինչև 2030 թվականը, պահպանվի ներկայիս քաղցրահամ ջրի օգտագործման դինամիկան,  ապա շուրջ 700 միլիոն մարդ չի ունենա հնարավորություն օգտվելու քաղցրահամ ջրից։ «Այդ թիվը գնալով աճելու է՝ հասնելով մինչև 1 միլիարդի։ Սա արդեն իսկ բավականին ռիսկային գործոն է։ Խոսվում է նաև բավականին մեծ այսպես կոչված «ջրային կամ կլիմայական փախստականների» հոսքի մասին, որը կարող է կրկին ձևավորվել ջրի պահանջով պայմանավորված», — նշեց Դավթյանը։

Համաշխարհային բանկի կողմից երկու տարի առաջ պատրաստված զեկույցի համաձայն, շարունակեց փորձագետը, Ադրբեջանում բավականին կրիտիկական իրավիճակ է արձանագրվել։ «Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին ռեսուրսը Հայաստանում կազմում է 2320 խորանարդ մետր, Ադրբեջանում այդ ցուցանիշը հասնում է ընդամենը 850-ի, և սա վատագույն ցուցանիշներից է, որ առկա է հետխորհրդային տարածքում», ասաց Դավթյանը։

Ջրի դեֆիցիտի խնդիրը ադրբեջանական կողմը չկարողացավ լուծել նաև ստանալով Արցախը՝ չնայած Արցախի շնորհիվ Ադրբեջանում ձևավորվում է խմելու ջրի շուրջ 25%-ը։ «Ադրբեջանը ստացավ Սարսանգի հսկայական ջրամբարը՝ շուրջ 560 միլիոն խորանարդ մետր տարողունակությամբ և այլն։ Այսօր սակայն խնդիրը շարունակում է խիստ արդիական մնալ Բաքվի համար, և սա է պատճառը, որ առաջին անգամ չէ, որ պաշտոնական Բաքուն որոշակի նկրտումների մասին է հայտարարում Սևանի ուղղությամբ։ Այս առումով ես կարծում եմ, որ Սևանը որպես այդպիսին արդեն իսկ տեղավորվում է Ադրբեջանի տարածաշրջանային գեոքաղաքական հաշվարկների մեջ։ Եվ հույս ունեմ, որ Հայաստանը հավուր պատշաճի կկարողանա սրան արձագանքել», — ասաց նա։  

Դավթյանի հետ համամիտ է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա գնահատմամբ՝ Բաքուն չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ «սպասելիքներ ունի հայաստանյան իշխանություններիցՒ Դրանցից մեկը՝ Մեղրիով անխափան ճանապարհն է, մյուսը՝ Սևանը։

«Այս տարածաշրջանում ջրային լուրջ խնդիրներ կան՝ Ուրմիա լիճը գրեթե ցամաքել է, իրանական շատ ջրամբարներում 7-10%-ի ջրի պաշար է մնացել, որը մոտավորապես 10-15 օրով կբավարարի։ Անձրևների քանակը, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, 77-83%-ով ավելի քիչ է եղել։ Բացի դրանից, Վանա լիճը նույնպես բավականին ցամաքում է, այնտեղ անգամ ջրի տակ եղած շինություններն են սկսում երևալ։ Երեկ էլ լրատվական դաշտում տարածվեց, որ Տիգրիս գետը էականորեն ցամաքել է, և շուտով նույնը կարող է լինել Եփրատի հետ։ Այս առումով Ադրբեջանի կողմից Սևանը Գոյչա անվանելը պատահական չէր», — նշեց նա։ 

Փորձագետի գնահատմամբ՝  Ադրբեջանը փորձելու է ամեն դեպքում է մուտք ունենալ դեպի Սևան։ «Պատահական չէ նաև Բասարգեչար անունը, Վարդենիսի թուրքական անվանումը։ Բնական է, որ այստեղ ադրբեջանցիներ վերաբնակեցնելով՝ Ադրբեջանը ամեն ինչ կանի Սևան հասնելու համար, որպեսզի Սևանից ջուր քաշի իրեն՝ խմելու ջրի համար։ Այսինքն՝ Արփա-Սևանից պետք է ջուր լցնեն, Ադրբեջանն էլ այն կողմից ջուրը տանի, որ իր բնակչությունը ջրի խնդիր չունենա», — նշեց նա։

Scroll to Top