Ընդդիմությունն ունի հսկայական չօգտագործված ռեսուրս

Ընդդիմությունն ունի հսկայական չօգտագործված ռեսուրս

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գնահատում է Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու դրանց հնարավոր ազդեցությունը 2026 թվականի համապետական ընտրությունների վրա՝ ընդգծելով երկու կարևոր միտում․ ընդդիմադիր դաշտի չօգտագործված պաշարներն ու իշխանության կոշտացող արձագանքը ընդդիմախոսների հանդեպ։
Վաղարշապատի ընտրությունների իրական պատկերն ու թվերի մանիպուլյացիան

Էլբակյանի խոսքով՝ խոսակցությունները «հաղթանակի» մասին չեն համընկնում փաստերի հետ։ Ընդհանուր ընտրելու իրավունք ունեցող մոտ 69 հազար քաղաքացիներից դե ֆակտո իշխանությունների թեկնածուն ստացել է շուրջ 15 հազար ձայն, ինչն իրականում մոտ 21–22% է՝ ոչ թե 50%, ինչպես ներկայացվում է մասնակցածների հարաբերակցությամբ.

«Երբ հայտարարում են միայն մասնակցածների թիվը, բնական է՝ տոկոսը բարձրանում է։ Բայց իրական պատկերն այն է, որ թեկնածուն հազիվ անցնում է 21%-ը։ Սա չի կարելի ներկայացնել որպես մեծ վստահություն»։

Այս մեխանիզմը, քաղաքագետի համոզմամբ, կարող է կրկնվել նաև 2026-ի ընտրություններում՝ հատկապես եթե ընդդիմությունը շարունակի լարված, չհամակարգված գործել։ 

Ընդդիմադիր դաշտի «չօգտագործված ռեզերվը»՝ 60%

Էլբակյանը հիշեցնում է, որ «Հայկական նախագծի» անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել մի կարևոր միտում՝ գործող իշխանություններից դժգոհների 60%-ը չի կողմնորոշվել, թե ում է պատրաստ քվեարկել։

«Սա ահռելի ռեսուրս է։ Ընդդիմությանը պետք չէ իրարից ձայներ խլել․ այդ 60%-ը ամբողջապես բաց դաշտ է։ Պարզապես անհրաժեշտ է աշխատել այդ դժգոհ էլեկտորատը ուղորդել ընտրատեղամասեր, և թիրախավորված աշխատանք դեպքում հնարավոր կլինի նրանցից  ձայներ ստանալ»։ 

Քաղաքագետը համոզված է՝ առանձին-առանձին ընդդիմադիրները չեն կարող հաղթահարել այս մարտահրավերը․ անհրաժեշտ է համակարգված ընդդիմադիր աշխատանք։

Իշխանության արձագանքն արդեն սկսվել է

Վաղարշապատի ընտրություններից ընդամենը մեկ օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրեց խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի մի շարք անդամների տներում, իսկ հինգ անձի մեղադրանք առաջադրվեց։ Էլբակյանը սա համարում է քաղաքական համատեքստ ունեցող «առաջին ազդակները», որոնք շատ բնական են դառնում Փաշինյանի վերջին ուղերձների ֆոնին։

Վարչապետը իր հրապարակած տեսանյութում հղում էր անում 2026 թվականի ընտրություններին՝ հայտարարելով, որ «ապոկալիպսիս չի լինելու», իսկ «կյանքը», ըստ նրա ձևակերպման, ներկայացնում է գործող իշխանությունը։

«Սա ուղիղ մեսիջ էր․ 2026-ին մոտենալու և հատկապես ընտրություններից հետո ընդդիմախոսներին լռեցնելու գործընթացները կտրուկ կուժեղանան։ Սա իշխանության վարքագծին բնորոշ տրամաբանություն է»։

Էլբակյանի համոզմամբ՝ ազգային մտածողություն ունեցող ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները կուժեղանան հատկապես գարնանը՝ ընտրական ցիկլի ակտիվ փուլում, բայց չեն դադարի դրա ավարտից հետո էլ։

Scroll to Top