Կարմիր խաչը դադարեցնում է Բաքվում պահվող հայ գերիների այցելությունները

Բաքվի «դատավարությունները» որպես քաղաքական ճնշման գործիք․ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը

Բաքվում շարունակվող հայ գերիների և Արցախի նախկին քաղաքական-ռազմական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունները որևէ կապ չունեն արդարադատության հետ․ դրանք քաղաքական հաշվեհարդարի, հոգեբանական ճնշման և տարածաշրջանային խաղի մի մասն են։ Այս մասին 1ասաց Լանգեն–Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը՝ գնահատելով դատավարությունների ընթացքն ու դրանց հետևանքները։
Արագացված դատավարություն՝ առանց պաշտպանական իրավունքների

Պետրոսյանի խոսքով՝ արդեն իսկ այն փաստը, որ տասնյակ մեղադրյալների մասնակցությամբ նման ծավալուն գործը քննվել է մեկ տարուց էլ քիչ ժամանակում, ինքնին խոսում է դատական գործընթացի կեղծ լինելու մասին․

«Սա ակնհայտ ցուցիչ է, որ դատավարությունն իր մեջ չի պարունակում արդար դատաքննության տարրեր։ Մեղադրյալները չունեին բավարար ժամանակ պաշտպանություն ապահովելու, չունեին նորմալ թարգմանություն, լիարժեք իրավունքների ապահովում։ Արագացված այս գործընթացը պարզապես ձևականություն է»։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց՝ այս փուլում որևէ մեխանիզմով հնարավոր չէ կասեցնել դատավարությունները, քանի որ Ադրբեջանը արդեն ներկայացրել է մեղադրանքներն ու պատժաչափերը՝ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Ադրբեջանի նպատակն է ստեղծել «իրենց Նյուրնբերգը»

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Բաքուն փորձում է իրավական դաշտում կառուցել մի պատրանք, ըստ որի Լեռնային Ղարաբաղի պատերազմը «անջատողականների պատերազմ» չէր, այլ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիա».

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը մեղավոր է՝ ստեղծելով իր սեփական Նյուրնբերգը։ Այս դատավճիռները, որքան էլ կեղծ լինեն, կարող են Բաքվի համար դառնալ ձեռքի տակ եղած յուրօրիակ քաղաքան-իրավական գործիք՝ ապագայում հնարավոր պահանջների, այդ թվում՝ ռեպարացիաների կամ նույնիսկ ռազմական գործողությունների արդարացման համար»։

Միաժամանակ նա ընդգծում է՝ քանի որ դատավճիռները կայացվում են ազգային դատարանի կողմից, դրանք միջազգային հանրության համար չունեն իրավական լեգիտիմություն․

«Ազգային դատարանի որոշումները չեն կարող արդարացում լինել որևէ գործողություն միջազգային հարթակներում։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին՝ դրանք օգտագործելու քաղաքական շահարկումների համար»։

Խաղաղության գործընթացի ֆոնին՝ նոր ասիմետրիկ ճնշում

Քանի որ Երևանն ու Բաքուն բանակցային գործընթացում քննարկում են փոխադարձ հայցերի հետկանչման հարցը, իրավական նոր ճնշումների այս շղթան, ըստ Պետրոսյանի, բացահայտում է Ադրբեջանի վարքագծի հետևողականությունը․

«Եթե կողմերը իսկապես համաձայնել են հետ վերցնել հայցերը, ապա Ադրբեջանը պետք է վաղուց հրաժարվեր այս դատավարություններից։ Այն, որ դա չի արվում, վկայում է՝ Բաքուն կամ չի պատրաստվում կատարել պայմանավորվածությունները, կամ փորձում է ստեղծել նոր իրավական հիմքեր հետագա պահանջների համար»։

Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես չի ետ կանչել հայցերը Միջազգային արդարադատության դատարանից, վտանգը մնում է․ Բաքուն պահպանում է ճնշման բոլոր լծակները։

Հայաստանը պետք է առավել ակտիվ աշխատի միջազգային ինստիտուտների հետ

Պետրոսյանի գնահատմամբ՝ Բաքվի դատարանում ընթացող գործընթացները նպատակ չունեն հայտնաբերել ճշմարտությունը կամ ապահովել արդարություն։ Դրանք ծառայեցնում են մեկ գերակայող նպատակին՝ միջազգային հարթակում Հայաստանի դեմ քաղաքական-իրավական մանևրի հնարավորություն ընդլայնելուն։

Այս պայմաններում, ինչպես նշում է մասնագետը, Հայաստանը պետք է առավել ակտիվ աշխատի միջազգային ինստիտուտների հետ՝ փաստարկված և համակարգված ձևով ներկայացնելով, որ Բաքվում ընթացող դատավարությունները չեն համապատասխանում որևէ իրավական չափանիշի և ուղղված են ոչ միայն անհատների, այլև ամբողջ ժողովրդի դեմ։

Scroll to Top