Երբ հին աշխարհակարգը փլվում է, փոքր պետությունները կորցնում են մանևրի ազատությունը

Իշխանությունը չի հաղթում, ընդդիմությունն է պարտվում․ կարծիք

2021 թվականից հետո ցանկացած պարտության պատճառները ընդդիմությունը իր մեջ պիտի փնտրի, իշխանությունը չի հաղթում, այլ պարզապես գնում է սեփական վերարտադրությունը ամեն գնով ապահովելու ճանապարհով։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա գնահատմամբ՝ 2026-ի ընտրություններին հաջողելու համար ընդդիմությունը պետք է անցնի բնական խոշորացման և բովանդակային վերափոխման ճանապարհով։

Նոր ուժերի դրական ազդեցությունը և ընդդիմադիր դաշտի երկընտրանքը

Սուրենյանցի կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում նոր ներկայացված միավորները արդեն հախորդել են դրական էֆեկտ քաղաքական դաշտին։ Սակայն իրավիճակը բարդ է․ ընդդիմությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ՝ գնա՞լ բազմաթիվ փոքր ուժերով, թե՞ ձևավորել խոշոր, մրցունակ բլոկներ։ Նրա խոսքով՝ Գյումրիի ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ընդդիմադիր ուժերի բնական խոշորացումը անխուսափելի է։ Պետք է մնան 4–5 քաղաքական բևեռ, որոնք իսկապես կարող են կարգավորել խաղի կանոնները 2026-ի ընտրություններում։

Անհրաժեշտ է իրավիճակը ճիշտ գնահատել, որովհետև իշխանությունը, ըստ Սուրենյանցի, «ամեն գնով գնալու է վերարտադրության»՝ հասարակությանը առաջարկելով արդեն հայտնի «ապրանքները»՝ խաղաղության օրակարգ, թալանի վերադարձի սպառնալիքի քարոզ, հին համակարգի դեմոնիզացիա։

Թեև այս մեխանիզմները այլևս չեն աշխատում նախկին արդյունավետությամբ, Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ որոշ չափով այդ տեխնոլոգիաները դեռ գործում են։

Կենսունակ 3–4 բլոկի անհրաժեշտությունը

Սուրենյանցը համոզված է, որ ընդդիմության հաջողության գաղտնիքը 3–4 կենսունակ բլոկների ձևավորումն է․

«Եթե ձևավորվեն 3–4 ուժեղ բլոկներ, ընդդիմությունն ունի մեծ շանս հաղթելու։ Եթե այդ բլոկները չձևավորվեն, կարող ենք ստանալ շատ տխուր պատկեր»։

Քաղաքագետը նշում է, որ արդեն գոյություն ունեն այդ բլոկների ուրվագծերը, ընթանում են ստվերային բանակցություններ, սակայն անուններ բարձրաձայնելը դեռ վաղ է։ 

Բովանդակության խնդիր. ինչի մասին են 2026-ի ընտրությունները

Սուրենյանցը ընդգծում է՝ ընդդիմությունը դեռևս չունի բավարար չափով հստակ և մատչելի բովանդակություն հասարակության համար.

«Միայն քննադատելը, միայն Արցախի կորուստը հիշեցնելը կամ հին- նոր համակարգերի համեմատությունը չի կարող դիվիդենտ բերել։ Պետք է բացատրել՝ 2026-ի ընտրությունները ինչի մասին են, և ինչ է անելու նոր իշխանությունը»։

Նա համաձայնեց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի գնահատականին, որ ընդդիմությունը պետք է համադրի երեք կարևոր ռեսուրս՝ քաղաքական մտածողություն, քաղաքական ռեսուրս, հավակնություններ։

Առանց այս երեքի համադրման, համոզված է Սուրենյանցը, ընդդիմությունը չի կարող դուրս գալ ներկայիս փակուխուց։

15% «ստարտային բոնուս». իշխանության վարչական ռեսուրսը

Քաղաքագետը հիշեցնում է՝ իշխանությունն ընտրությունները սկսում է նվազագույնը 15% ստարտային առավելությամբ՝ վարչական ռեսուրսի շնորհիվ։

«Սա իրականություն է, բայց սա չի նշանակում, որ պետք է ընտրությունների ինստիտուտը վարկաբեկել կամ հրաժարվել պայքարից»։

Վաղարշապատում իշխանությունն ըստ Սուրենյանցի հաղթել է հենց այս վարչական ռեսուրսի հիման վրա, բայց ընդդիմությունն այդ թեման հաճախ օգտագործում է պարտությունը արդարացնելու համար՝ փոխարենը ներկայացնելու համակարգային լուծումներ, որ այս գործոնի ազդեծությունը առաջիկա ընտրություններում չեզոքացվի։

«Եթե ընդդիմությունը կրկին փորձի մասնակցել ընտրություններին նույն հին մոտեցումներով, նույն մաշված դեմքերով, ապա արդյունքը կանխատեսելի կլինի։ Խոսքը միայն առաջին համարների մասին չէ․ ամբողջ թիմերը հաճախ բաղկացած են մարդիկից, որոնք 10–15 տարի առաջ կարող էին լինել դրական գործոն, բայց այսօր քաղաքական առումով արդեն մաշված են։ Դա ժամանակի և պատմության բնական ընթացքն է», — ասաց նա։

Ճշմարտության պահը․ ընդդիմությունն է պարտվում, ոչ թե իշխանությունն է հաղթում

Սուրենյանցը ընդգծում է՝ սխալ է հայտարարել, թե «ընտրություններով ոչինչ չի լուծվելու» կամ թե «արդյունքը կանխորոշված է». նման մոտեցումը հղի է քաղաքական հուսահատությամբ։

«Իշխանությունն այլևս չի կարող հաղթել․ նրանք գաղափարական, կադրային, բարոյական առումով վաղուց սպառված են։ 2021-ին նրանք հաղթեցին իներցիայով և ընդդիմության դեմոնիզացիայով, ոչ թե ուժեղ լինելով․ Այսինքն՝ սա ռացիոնալ հաղթանակ չի եղել։ 2021 թվականը իրենց հաղթանակն էր սպառվածության վերջաբանով»։

Հիմա, ըստ քաղաքագետի, պայմանները փոխվել են․ իշխանությունն այլևս չունի նոր արժեքներ կամ իրական քաղաքական օրակարգ, իսկ Փաշինյանի նարատիվները ի վերջո չեն կարող փոխարինել համակարգային քաղաքականությանը։

Սուրենյանցի համոզմամբ՝ 2026-ի նախաշեմին ամենակարևոր հարցը մեկն է․ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա համադրել ռեսուրսները, ձևավորել 3–5 կենսունակ բլոկ, ներկայացնել նոր, պարզ, հասկանալի բովանդակություն և հաղթահարել հին դեմքերով ու հին մեթոդներով պայքարելու սովորությունը։

Եթե դա տեղի ունենա՝ ընդդիմությունն իրական հնարավորություն կունենա։ Եթե ոչ՝ իշխանությունը, նույնիսկ սպառված վիճակում, կկարողանա պահպանել դիրքերը։

Scroll to Top