«Հեղափոխություն, հեղաշրջում, դավադրություն… ի՞նչ է տեղի ունեցել 2018 թվականին Հայաստանում, ովքեր էին դա կազմակերպել, և ինչ խնդիրներ լուծելու նպատակով»: Այս մասին նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսված իրադարձությունները Հայաստանում ենթադրում են ոչ միայն ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող փոփոխություններ։
Դանիելյանը ընդգծում է, որ կարևոր գործընթացներից մեկը՝ Արցախի անկումը, բացեց դռները լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների՝ Կենտրոնական Ասիայից մինչև Մերձավոր Արևելք: «Եթե նպատակը աշխարհաքաղաքական փոփոխություններն էին, ապա ով էր դա իրականացնում և ինչպես՝ հստակ մեթոդաբանությամբ և հատուկ ծառայությունների միջոցով», — նշում է նա:
Քաղաքագետի վերլուծությամբ՝ նման գործընթացների հիմքում միշտ կանգնած են հատուկ ծառայությունները, որոնք փոխում են ժողովուրդների մշակութաբանական կոդերը, վերաձևավորում ինքնությունը կամ կործանում այն: Նա հղում է տալիս համաշխարհային փորձին՝ Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների օրինակներով. «Մայդանից հետո Ուկրաինայում սկսվեց ինքնության վերափոխում, որն ավարտվեց պատերազմի ու ճգնաժամով», — ասում է Դանիելյանը:
Թուրքիայի և Բրիտանիայի փորձը Հարավային Կովկասում
Դանիելյանը մատնանշում է երկու պետություն, որոնք մեծ փորձ ունեն ինքնության ձևավորման և մշակութաբանական փոփոխությունների ոլորտում. առաջինը՝ Թուրքիան: Նա պատմում է, թե ինչպես Օսմանյան կայսրությունն իսլամի հիման վրա ձևավորեց նոր ինքնություն, իսկ Աթաթուրքի ժամանակաշրջանում Թուրքիան անցավ ժամանակակից ազգային պետության կառուցման պրոցեսի: Այս փորձը, ըստ քաղաքագետի, այսօր կիրառվում է նաև Հայաստանում՝ «նոր ինքնություն» ձևավորելու նպատակով:
Մյուս՝ Բրիտանիան, համաշխարհային փորձ ունի Աֆրիկայի գաղութներում և սովետական շրջանում ազգային-ազատագրական շարժումների ձևավորման մեջ. «Բրիտանական հատուկ ծառայությունները կիրառել են «բաժանիր և տիրիր» սկզբունքը, որից մինչև այսօր շարունակվում են կանոնավոր արյունահեղ պատերազմներ», — ասում է Դանիելյանը:
Ազգային ինքնության կոդերի փոփոխության փուլերը Հայաստանում
Քաղաքագետը ներկայացնում է մի տեսություն՝ ազգային ինքնության կոդերի փոփոխությունը բաժանելով մի քանի փուլերի.
Բարոյազրկում – ավանդական արժեքների, ընտանիքի, կրոնի և բարոյական նորմերի քայքայում: Հայաստանում նա նշում է, որ այս գործընթացը սկսվել է դեռևս 2018-ից. օրինակ՝ հայհոյանքները մտել են հեռուստատեսություն և Ազգային ժողով:
Անկայունացում – հասարակությունը ճնշման տակ ընկնում է, անհավասարակշռություն է ձևավորվում, հանրությունը տարանջատվում է: օրինակ՝ «հայ եկեղեցի – բողոքական համայնքներ», հարուստներ և աղքատներ, քաղաք և գյուղ:
Ճգնաժամ և «նորմալացում» – նոր իրավիճակ ստեղծվում է, նոր կոդեր ձևավորվում և աստիճանաբար ընդունելի դառնում հասարակության համար: եթե նոր կոդերը չընդունվեն, հասարակությունը կարող է քայքայվել:
Օվերտոնի պատուհանը և քարոզչական մոդելները
Դանիելյանը ներկայացնում է Ջոզեֆ Օվերտոնի գաղափարը, ըստ որի՝ հասարակությունում նախկինում անընդունելի և տաբուն համարվող գաղափարները աստիճանաբար դառնում են ընդունելի, ապա քաղաքականության մաս: «Օրինակ, զինանշանի փոփոխության առաջարկներն Արարատում ցույց են տալիս, թե ինչպես հասարակությունը սովորեցնում են ընդունել անընդունելին՝ աստիճանաբար», — նկատում է նա:
Քաղաքագետը մեջբերում է նաև 2016 թվականի RAND Corporation-ի զեկույցը «Firehose of Falsehood»՝ որպես ժամանակակից քարոզչության օրինակ. «Խնդիրը համոզելը չէ, այլ հասարակությանը շփոթեցնելը, ձանձրացնելը և, ի վերջո, ոչնչացնելը: Երբ տեղեկատվության հոսքը քաոսային է, հասարակությունը կորցնում է ճշմարտությունը ստերից տարբերելու կարողությունը և վերահսկողությունը իրականության նկատմամբ», — նշում է Դանիելյանը:
Այսպիսով՝ ընդգծում է քաղաքագետը, 2018 թվականից սկսված գործընթացները հանգեցրել են ոչ միայն պատերազմին և տարածքների կորուստին, այլ նաև հասարակության բարոյալքման, ավանդական արժեքների քայքայման ու քաղաքական համակարգի ճգնաժամի: Ըստ նրա, այս մեթոդաբանությունը հարազատ է հատուկ ծառայություններին, որոնք աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու համար օգտագործում են երկարաժամկետ, կշռադատված քայլեր:

