Թրամփ-Պուտին գործարքը վտանգավոր է Հայաստանի համար

Թրամփ-Պուտին գործարքը վտանգավոր է Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  Ուկրաինայի շուրջ համաձայնության գալու հնարավորության ֆոնին, Հայաստանում ակտիվացան խոսակցությունները, որ այս իրավիճակում Թրամփը  նաև կարող է դեմ չլինի Ռուսաստանի վերադարձին մեր տարածաշրջան։ Այս համատեքտում հայաստանյան  որոշ շրջանակներ մտահոգված են, որ ՌԴ կարող է ներգրավվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում առանց ՀՀ կարծիքը հաշվի առնելու, ավելին՝ ԱՄՆ-ն կարող է նույնիսկ գնալ Հայաստանը Ռուսաստանին «վաճառելու» ծայրահեղական սցենարով: Կա՞ իրականում նման վտանգ, թե ոչ։ Իր կարծիքն է հայտնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը զգուշացնում է, որ Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հնարավոր գործարքն ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի ծրագրերի վրա: «Պուտինի թիմի մոտիկությունը Թրամփի թիմի մի մասի հետ վտանգ է նաև մեզ համար, որովհետև Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը զարգանա», – ընդգծում է նա:

«Շատերն ասում են՝ Ռուսաստանը խանդում է, որ ԱՄՆ-ի հետ աշխատում ենք: Ոչ, խնդիրը խանդը չէ: Ռուսաստանը չի ուզում, որ մենք ընդհանրապես աշխատենք ԱՄՆ-ի հետ: Դա է վտանգը: Եթե Ռուսաստանն էլ մտնի ծրագրերի մեջ, միայն մեկ նպատակով կմտնի՝ քանդելու», – եզրափակում է Գրիգորյանը:

Նա  համոզված է՝ եթե Հայաստանը չպայքարի, ամենավատ սցենարներն էլ կարող են իրականություն դառնալ: Ըստ  Գրիգորյանի՝ Ռուսաստանն ունի լծակներ ազդելու Թրամփի վրա: Քաղաքագետը ընդգծում է, որ Պուտինը լրջագույն ազդեցություն ունի Թրամփի թիմի վրա, ինչը նշանակում է, որ կարող է ազդել նաև Հայաստանի վրա:

Գրիգորյանը հիշեցնում է, որ Թրամփի 28 կետանոց ծրագրում առկա էր կետ՝ Ռուսաստանը վերադարձնել G7 (դարձնել G8), սակայն եվրոպական առաջնորդները, մասնավորապես Գերմանիայի կանցլերը, արդեն փակել են այդ ճանապարհը: «Հայաստանը պետք է նույն կերպ՝ շատ հստակ հայտարարություններ անի», – շարունակում է Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը բացառապես Հայաստան-ԱՄՆ երկկողմ ծրագիր է: «Երկու գլխավոր դերակատար կա՝ Հայաստանն ու Ամերիկան: Եթե Ռուսաստանն ուզենա մխրճվել, մենք պետք է մեր դիրքորոշումը արտահայտենք: Մենք ենք որոշում, թե ում կներգրավենք՝ Չինաստանին, Եվրոպային, թե ուրիշին»:

Scroll to Top