Ինչպես փոխվեց Հայաստանի միգրացիոն քարտեզը․ նոր ներհոսք, հին ռիսկեր և 2026-ի սպասվող ճնշումներ

Ինչպես փոխվեց ՀՀ միգրացիոն քարտեզը․ հին ռիսկեր և 2026-ի սպասվող ճնշումներ

Հայաստանը, որը տասնամյակներով դիտարկվում էր որպես դասական էմիգրացիոն երկիր, վերջին տարիներին անցնում է որոշակի փոխակերպումներ։ 2022-ից ի վեր ներգաղթի աճը, Ռուս-ուկրաինական պատերազմի, Հնդկաստանի քաղաքացիների մուտքի հեշտացումների, ինչպես նաև արցախցիների բարդ իրավիճակը ձևավորեցին նոր իրականություն։ Գոյություն ունեցող միգրացիոն քաղաքականության 2025-ին․ միտումների, ռիսկերի և սպասումների մասին իր կարծիքը հայտնեց միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ 
Հայաստանը՝ էմիգրացիոն երկրից դեպի իմիգրացիոն հարթակ

Բեժանյանը ընդգծում է, որ Հայաստանը պատմականորեն եղել է արտագաղթի երկիր, սակայն վերջին երեք տարիներին այս պատկերը փոխվել է։ 2022-ից սկսած երկիրը դարձել է ավելի գրավիչ ուղղություն ներգաղթողների համար։ Նախ՝ զգալիորեն աճել են Հնդկաստանից եկողների հոսքերը, երկրորդ՝ Ռուսաստանից ժամանող քաղաքացիների թիվը կտրուկ բարձրացել է Ուկրաինայում պատերազմի ֆոնին, երբ մարդիկ տեղափոխվում էին ինչպես տնտեսական պատճառներով, այնպես էլ զորակոչից խուսափելու նպատակով։

2024–2025 թվականներին այս միտումները որոշ չափով կայունացել են։ Հնդկաստանից մուտքի կարգավորումները խստացվել են, ինչը հանգեցրել է ներհոսքի նվազմանը, իսկ Ռուսաստանի քաղաքացիների հոսքերը ևս անկում են գրանցել՝ պայմանավորված ինչպես իրավական խստացումներով, այնպես էլ պատերազմի առաջին շրջանի ճնշումների թուլացմամբ։

Արտագաղթ դեպի Ռուսաստան․ սեզոնային, բայց նվազող

Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատողների թիվը շարունակում է մնալ զգալի, սակայն 2022–23 թվականների համեմատ արդեն շուրջ մեկ երրորդով նվազել է։ Ըստ Բեժանյանի, այս նվազման գլխավոր պատճառը Ռուսաստանի ներսում տեղի ունեցող միգրացիոն օրենսդրության արագ և խիստ փոփոխություններն են։ Իրավիճակը փոխվում է այնքան դինամիկ, որ անգամ միգրացիոն ծառայությունների աշխատակիցներն ամբողջությամբ չեն կողմնորոշվում նոր սահմանափակումներում, ինչի հետևանքով մարդիկ հաճախ հայտնվում են վերահսկվող ցուցակներում կամ ստանում մուտքի արգելքներ առանց հստակ բացատրության։

Չնայած դրան՝ հայ միգրանտների մեծ մասը դեռևս շարունակում է մեկնել ՌԴ սեզոնային աշխատանքի․ գարնանը մեկնում են Ռուսաստան, իսկ աշնանը վերադառնում Հայաստան՝ տարվա ընդամենը 2–4 ամիս անցկացնելով երկրում։ Ընտանիքներով տեղափոխվելու միտումը նույնպես նվազել է՝ կրկին պայմանավորված Ռուսաստանի իրավական միջավայրի անկանխատեսելի խստացումներով։

Արցախցիները՝ փոփոխվող տրամադրություններ և կարևոր իրավական խնդիրներ

Արցախից տեղահանվածների շրջանում արտագաղթի միտումները մեծ չեն, սակայն Բեժանյանը արձանագրում է մի շարք ռիսկեր, որոնք կարող են ազդել նրանց ապագա իրավական անվտանգության վրա։

Նա առանձնացնում է Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող QR կոդով պլաստիկ քարտի նշանակությունը, որը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր Ռուսաստան են մեկնել 070 կոդով անձնագրերով։ Եթե Հայաստանում այս քարտը հիմնականում ծառայում է սոցիալական ներառման նպատակով, ապա արտասահմանում այն ունի անվտանգության գործառույթ․ փաստաթուղթը հաստատում է, որ խնդիրների առաջացման պարագայում անձը չի կարող արտաքսվել Ադրբեջան, արտաքսման դեպքում նպատակակետը կարող է լինել միայն Հայաստանը։ Փորձագետը ընդգծում է, որ այս փաստաթղթի բացակայությունը որոշ դեպքերում կարող է բերել լուրջ ու վտանգավոր իրավական իրավիճակների։

Բեժանյանը նաև մատնանշում է Արցախի քաղաքացիների համար մեկ այլ կարևոր խնդիր՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետևանքները։ Քաղաքացիություն ընդունելով՝ նրանք ավտոմատ կերպով կորցնում են փախստականի կարգավիճակը, իսկ հետագայում քաղաքացիությունից զրկվելու դեպքում՝ օրինակ պատերազմին մասնակցելուց հրաժարվելու դեպքում, կարող են հայտնվել քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում։

2026-ի սպասումները․ նոր խստացումներ և նվազող հոսքեր

Բեժանյանի գնահատմամբ՝ 2026 թվականը լինելու է լրացուցիչ սահմանափակումների տարի։ Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնք արդեն ընդունվել են երկու ընթերցմամբ, նախատեսում են, որ մարտի 1-ից երկրի մարզերն ու հանրապետությունները կկարողանան սահմանել իրենց օտարերկրյա աշխատողների քվոտաները։ Գործատուները պարտավորվելու են ազատել այն աշխատողներին, ովքեր չեն համապատասխանի ընդունած քվոտանորի շրջանակներին։ Չնայած ԵԱՏՄ պայմանագրերով Հայաստանի քաղաքացիները չպետք է ընկնեն քվոտաների տակ, Ռուսաստանի պատկան մարմինները հայտարարել են, որ սահմանափակումները վերաբերվելու են բոլոր օտարերկրացիներին՝ առանց բացառության։

Այս մեկ հանգամանքը, ըստ փորձագետի, արդեն իսկ կանխորոշում է Հայաստանից Ռուսաստան մեկնողների թվի շարունակական նվազումը։

Scroll to Top