Քաղաքական ստվերը հոգևոր կյանքում․ ո՞վ և ինչու է քանդում Հայ Առաքելական Եկեղեցին

Քաղաքական ստվերը հոգևոր կյանքում․ ո՞վ է քանդում Հայ Առաքելական Եկեղեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է եկեղեցական համակարգի ներսում գոյություն ունեցող ճեղքերը վերածել քաղաքական գործիքի՝ դրանք խորացնելով և հանրայնացնելով։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ խոսելով վերջին շաբաթներին մի շարք հոգևորականների կողմից Փաշինյանի «քաղաքական պատարագներին» մասնակցելը։

Քաղաքագետը նշում է, որ ներկայիս իրավիճակը՝ պարզապես շոու չէ․ դրա հետևում, ըստ նրա, կանգնած են լուրջ պայմանավորվածություններ իշխանության և հոգևորականների միջև։

«Պղծածեսերը» և դրանց նպատակը 

Մարտիրոսյանը պնդում է, որ այս «պատարագները» չեն կարող համարվել կանոնական, քանի որ դրանք մատուցվում են կոպիտ շեղումներով, իսկ որոշ դեպքերում կարգալույծ եղած հոգևորականների կողմից։ Նրա խոսքով՝  իրենց էության այդ պատարագները «պղծածեսեր» են, որոնք ունեն մեկ նպատակ — ամբողջական զեղճում և դրա ներկայացում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Քաղաքագետը համոզված է, որ յուրաքանչյուր այսպիսի արարողությունից առաջ տեղի են ունենում փակ քննարկումներ և պայմանավորվածություններ․

«Սրանով լուծվում է քաղաքական խնդիր․ սրանով արձանագրվում և տեսանելի է դառնում պառակտումը»։

Նրա խոսքով՝ երբ նման արարողությանը մասնակցում է վարչապետը, այն անմիջապես ստանում է PR և հանրային ընդգծում։ Իսկ այն համայնքը, վանքը կամ եկեղեցին, որտեղ տեղի է ունենում նման «արարողություն», փաստացի ցուցադրաբար անցնում է «հերձվածողների կողմ»՝ պոկվելով եկեղեցուց և նպաստելով դրա տրոհմանը։

Եկեղեցու ներսի հին ճեղքերը

Ըստ Մարտիրոսյանի՝ թեկուզ ՀԱԵ-ում մշտական հերձվածողական շարժում չի եղել, բայց Կաթողիկոսի դեմ ատելություն կրող հոգևորականների խումբ գոյություն ուներ վաղուց։ Նա հիշեցնում է, որ որոշ քահանաներ տարիներ շարունակ դժգոհ էին գործող Կաթողիկոսից, իսկ հիմա այդ դժգոհությունը վերածվել է քաղաքականորեն շահարկվող երևույթի։

«Նրանք չեն հասկանում, որ անցնելով Կաթողիկոսի դեմ՝ իրականում դեմ են գնում ոչ թե անձի դեմ, այլ ամբողջ եկեղեցու դեմ։ Կաթողիկոսի միջոցով քանդվում է եկեղեցին և իրենք մասնակից են դառնում այդ գործընթացին»։

Քաղաքագետը ընդգծում է, որ իշխանությանը հաջողվում է իր կողմը քաշել անգամ այն հոգևորականներին, որոնք առաջին հայացքից դիտվում էին որպես Կաթողիկոսի նվիրյալներ՝ ցույց տալով, որ գործընթացը կազմակերպված և համակարգված է։

Նպատակը՝ եկեղեցու տրոհումն է

Մարտիրոսյանը պնդում է, որ իշխանության քաղաքական գիծը միանշանակ է՝ ցույց տալ և ամրագրել եկեղեցու ներսում պառակտումը։ Եվ այս ամենը, նրա համոզմամբ, արվում է ոչ թե բարոյական խնդիրներ լուծելու, այլ պետական-քաղաքական շահարկումներ իրականացնելու համար և ի վերջո Հայ Առաքելական Եկեղեցին տրոհելու համար։

Նոր Կաթողիկոս սպասելով

«Այստեղ բացարձակապես խոսք չի գնում Կաթողիկոսի բարոյական կերպարի մասին, դա ընդամենը պատրվակ է։ Նոր կաթողիկոսը լինելու է, ամենայն հավանականությամբ Թուրքիայի մարդը, ամենայն հավանականությամբ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ և թուրքական սուրը համբուրած մեկը, որը ինչպես կարելի է կռահել, ամենայն հավանականությամբ լինելու է Կոնստանուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանը», — համոզված է քաղաքագետը:

Scroll to Top