Ալիևի «արցախյան դիվիդենտները» սպառվում են․ Բաքվում վհուկների որս է

Բաքվի «խաղաղության» պահանջների հիմքում ՀՀ ինքնիշխանության զիջումն է

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները նոր թափ են հաղորդումլ հայ–ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության օրակարգի» շուրջ քննարկումներին։ Խոսելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի, հնարավոր հանդիպումների մասին՝ այդ թվում Հայաստանում, Բաքուն միաժամանակ հստակ պայմաններ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դրանց թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և «TRIPP-ի պարտավորությունների» լիարժեք կատարումը։

Մեկնաբանելով իրավիճակը՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ Բաքվի հայտարարությունները ոչ թե իրավական կամ տեխնիկական գործընթացի, այլ Հայաստանի սուվերենության սահմանափակման մասին են։

«Պարտավորություններ»՝ Ադրբեջանի առաջ

Դանիելյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի շեշտադրումը «TRIPP-ի պարտավորությունների» վրա ինքնին խոսուն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը որևէ միջազգային կամ իրավական պարտավորություն չի կարող ունենալ իր սեփական տարածքի մասով, եթե խոսքը չի գնում սուվերենության աստիճանի իջեցման մասին։

«Եթե քննարկվում է Սյունիքի տարածքով ճանապարհի հարցը, ապա Հայաստանը ո՞ւմ առաջ կարող է պարտավորություն ունենալ։ Ակնհայտ է՝ ոչ ոքի, եթե գործող իշխանությունը չի հրաժարվել իր սուվերեն իրավունքներից։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է որոշել, թե Հայաստանի տարածքում ինչ պայմաններով պետք է անցնի այդ ճանապարհը»,– նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ սա հերթական անգամ հաստատում է այն տեսակետը, որ գործող վարչապետը փաստացի այդ տարածքը հանձնել է ինչ-որ արտաքին կառավարման տրամաբանության, որտեղ իրական պահանջատերը հենց Ադրբեջանն է։ Ըստ Դանիելյանի՝ խաղաղության պայմանագիրը ներկայացվում է ոչ թե որպես երկկողմ փոխզիջում, այլ որպես պահանջների փաթեթ, որի կատարումը դրվում է որպես նախապայման։

Պահանջներ, որոնք չեն ավարտվելու

Դանիելյանը համոզված է, որ խոստացվող խաղաղության պայմանագիրը երկարաժամկետ կայունություն չի ապահովի, քանի որ պահանջները շարունակական են լինելու։ Ավելին՝ այդ պահանջները ներկայացնում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։

Նրա խոսքով՝ վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները 99 տարով Թուրքիային տրամադրելու վերաբերյալ, թեև պաշտոնապես հերքվե ենլ, լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Դանիելյանը հիշեցնում է նաև ավելի վաղ հրապարակված տեղեկությունները Ախուրյանի վրա նոր ջրամբար չկառուցելու մասին՝ պատճառաբանությամբ, որ ջրերը հոսում են Արաքս իսկ գետը սահմանազատող ֆունկցիա է կատարում։

«Փաստացի մենք տեսնում ենք, որ խոսքը միայն ճանապարհների մասին չէ։ Խոսքը տարածքների, ջրային ռեսուրսների, կենսական ենթակառուցվածքների զիջման մասին է»,– ընդգծում է նա։

Ի՞նչ է ստանում Հայաստանը

Քաղաքագետի համոզմամբ՝ այս զիջումների դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը գնում է այդ քայլերին՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար՝ ակնկալելով քաղաքական և խորհրդանշական աջակցություն Թուրքիայից և Ադրբեջանից։

Դանիելյանը հիշեցնում է Թուրքիայի ղեկավարության և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանի խնդրանքով իրականացվում են վառելիքի մատակարարումներ և այլ «բարի կամքի» ժեստեր։ Նրա խոսքով՝ հենց նման քայլերն են, որ իշխանությունը փորձում է ներկայացնել հանրությանը՝ հատկապես ընտրություններից առաջ։

«Ադրբեջանը կարող է մեկ-երկու գերի ազատ արձակել՝ որպես ժեստ, բայց ռազմավարական առումով Հայաստանը շարունակում է կորցնել ամեն ինչ»,– նշում է նա։

Ինքնիշխանության վերջնական վտանգը

Դանիելյանը առավել մտահոգիչ է համարում այն զարգացումները, որոնք, ըստ նրա, արդեն դուրս են գալիս քաղաքական դաշտից և տեղափոխվում են ազգային ինստիտուտների ոլորտ։ Նա մատնանշում է թուրքական և ադրբեջանական վերլուծական շրջանակներում շրջանառվող հայտարարությունները, ըստ որոնց՝ անգամ Հայ Առաքելական եկեղեցու նոր Կաթողիկոսի ընտրության հարցը կարող է հայտնվել արտաքին ազդեցության ներքո։

«Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք կորցնելու ենք ոչ միայն տարածքներ, ճանապարհներ և ջրային ռեսուրսներ, այլ վերջնական արդյունքում՝ Հայաստանի պետականությունը»,– եզրափակում է քաղաքագետը՝ հիշեցնելով, որ, իր համոզմամբ, գործող իշխանության վերարտադրությունն արդեն մեկ անգամ տեղի է ունեցել արտաքին համաձայնության պայմաններում։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top