Աշխարհում տիրող ուժի իրավունքի պայմաններում Իրանի մտահոգությունների անտեսումը վտանգավոր է

Աշխարհում տիրող ուժի իրավունքի պայմաններում Իրանի մտահոգությունների անտեսումը վտանգավոր է

TRIPP նախաձեռնության շուրջ վերջին զարգացումները լուրջ ռիսկեր են պարունակում Հայաստանի համար, հատկապես՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։ Նման կարծիքի է Միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։ 

Նրա խոսքով՝ Իրանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Թեհրանում խոր մտահոգությամբ են վերաբերվում նախագծին՝ հակառակ հայկական իշխանությունների հավաստիացումներին, թե իրանական կողմի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում և խնդիրներ չկան։

Իրանի կոշտ ազդակները և վտանգավոր ձևակերպումները

Մանվելյանը հիշեցնում է, որ օրերս Իրանի դեսպանը բացահայտ հայտարարել է՝ Թեհրանը մտահոգություններ ունի, որ Միացյալ Նահանգները կարող է TRIPP-ը օգտագործել սեփական ռազմաքաղաքական շահերի համար։ Ավելին, արդեն հնչում են ձևակերպումներ, ըստ որոնց Հայաստանը կարող է վերածվել հակաիրանական ուժերի գործողությունների կենտրոնի։

«Սա չափազանց վտանգավոր զարգացում է։ Եթե Հայաստանը սկսի ընկալվել որպես հակաիրանական հարթակ, դա կարող է կտրուկ վատթարացնել մեր հարաբերությունները Իրանի հետ և ստեղծել նոր անվտանգային սպառնալիքներ»,– նշում է միջազգայնագետը։

Միջազգային իրավունքի փլուզումը և «ուժի իրավունքը»

Մանվելյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի նախկին համակարգը փաստացի փլուզված է։

«Այն իրավակարգը, որը նախկինում ինչ-որ կերպ կարգավորում էր պետությունների փոխհարաբերությունները, այլևս գոյություն չունի։ Այսօր գործում է միայն ուժի իրավունքը։ Իրավունքը ինքնին ոչինչ չի նշանակում, եթե դրա հետևում ուժ չկա»,– ընդգծում է նա։

Որպես օրինակ Մանվելյանը մատնանշում է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական և ազգային շահերով, ինչպես նաև Միացյալ Նահանգների գործողությունները Վենեսուելայի նկատմամբ, որոնք, նրա խոսքով, նույնպես իրականացվել են ազգային անվտանգության տրամաբանության շեշտադրմամբ։

TRIPP-ը որպես Հայաստանի «վաճառքի» բաղադրիչ

Մանվելյանի գնահատմամբ՝ ինչպես TRIPP նախաձեռնությունը, այնպես էլ վերջերս ստորագրված կոնսորցիումի ստեղծման շրջանակային փաստաթուղթը տեղավորվում են մի ընդհանուր տրամաբանության մեջ, որը վտանգավոր է Հայաստանի պետականության համար։

«Այդ փաստաթղթով Հայաստանը կարող է վերահսկել իր ճանապարհի ընդամենը մոտ 24 տոկոսը։ Սա ևս խայտառակ փաստաթուղթ է և ուղիղ կապ ունի այն տրամաբանության հետ, որի մասին տարիներ առաջ խոսում էր Ալիևը՝ ասելով, որ Երևան են մտնելու ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,– ընդգծում է միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ այժմ այդ «մեքենաներով մտնելու» ճանապարհը հարթվում է փուլ առ փուլ՝ զիջումների միջոցով։

«Պարտադիր չէ Հայաստանը նվաճել պատերազմի միջոցով։ Այս իշխանությունների օրոք փորձ է արվում դա անել տնտեսական բաղադրիչներով՝ օրինակ, այսպես կոչված էժան բենզինի ներմուծմամբ, որը կարելի է դիտարկել որպես ընտրակաշառք՝ Ադրբեջանի կողմից»,– ասում է նա՝ հավելելով, որ նման մեխանիզմներ կարող են բազմապատկվել։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top