TRIPP-ը կարող է դառնալ ոչ միայն տարանցիկ, այլ բազմակողմանի տնտեսական նախագիծ

TRIPP-ը կարող է դառնալ ոչ միայն տարանցիկ, այլ բազմակողմանի տնտեսական նախագիծ

TRIPP նախաձեռնությունն ունի տնտեսական ազդեցության երկու հիմնական բաղադրիչ՝ ուղղակի և անուղղակի, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա։ Հայաստանն առայժմ շեշտադրում է արել անուղղակի օգուտների վրա։ Նման կարծիքի է նտեսագետ, վերլուծաբան, Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը։
Ուղղակի և անուղղակի տնտեսական ազդեցությունները

Մակարյանի խոսքով՝ ուղղակի տնտեսական ազդեցությունը վերաբերում է այն տուրքերն ու հարկերին, որոնք առաջանալու են բեռների փոխադրումներից՝ երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցությունների միջոցով։ Իսկ անուղղակի ազդեցությունն ավելի լայն շրջանակ է ընդգրկում՝ կապված ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացման, անվտանգության որոշակի երաշխիքների ձևավորման և դրանց հիման վրա ներդրումային միջավայրի բարելավման հետ։

«Այդ պայմաններում կարող են առաջանալ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրումներ, նոր բիզնեսներ և նախագծեր՝ անմիջականորեն կապված TRIPP ուղու սպասարկման, ճանապարհի երկայնքով ենթակառուցվածքների զարգացման և հարակից տնտեսական գործունեության հետ»,– նշում է նա։ Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանը տվյալ փուլում ավելի մեծ շեշտադրում է արել անուղղակի օգուտների վրա։ Դրա ապացույցն է փաստաթղթում ամրագրված բաժանման մոդելը, ըստ որի՝ Հայաստանին բաժին է ընկնում 26%, իսկ ԱՄՆ-ին՝ 74% մասնակցություն։

«Կարծում եմ՝ հայկական կողմը հաշվարկել է, որ ամերիկյան բարձր շահագրգռվածությունն ու ազդեցությունը կարող են երկարաժամկետ հեռանկարում բերել ավելի ծավալուն և կառավարելի օգուտների Հայաստանի համար»,– ասում է Մակարյանը։

Շրջանակային փաստաթուղթ և իրավական կառուցվածք

Դրա հետ մեկտեղ Մակարյանը կարևորում է այն հանգամանքը, որ փաստաթուղթը ստորագրված է որպես շրջանակային համաձայնագիր։ Այն սահմանում է մոդելը, առաջնային և երկրորդական ստուգումների մեխանիզմները, «ֆրոնտ-դեսք», «բեք-դեսք» տարբերակները և հիմք է դառնում իրավական գրանցում ստացող ընկերության ձևավորման համար։ Նրա կարծիքով՝ չնայած նախագծում հստակ չի նշվում ընկերության գրանցման վայրը, փաստաթղթի տրամաբանությունից բխում է, որ այն պետք է գրանցվի Հայաստանում և լինի հայկական ռեզիդենտ ընկերություն՝ հաշվառված Հայաստանի պետական ռեգիստրում։

Մակարյանը հատուկ ուշադրություն է դարձնում ապագա ընկերության կանոնադրության մշակմանը։ Նրա խոսքով՝ հենց կանոնադրությունն է այն փաստաթուղթը, որը պետք է հաշվի առնի ներկայում փորձագիտական դաշտում հնչող քննադատություններն ու մտահոգությունները և առավելագույնս պաշտպանի Հայաստանի դիրքերը։ «Կանոնադրությունը պետք է հստակ սահմանի, թե որոնք են այն “կարևոր հարցերը”, որոնց դեպքում Հայաստանը պարտադիր մասնակցություն և որոշիչ ձայն ունի։ Եթե այդ հարցերը հստակ չսահմանվեն, ապագայում կարող են առաջանալ երկակի մեկնաբանություններ և վեճեր»,– ընդգծում է նա։

Տնտեսագետը կարևոր է համարում, որ TRIPP-ը չդառնա միակ ուշադրության կենտրոնը։ Նրա խոսքով՝ կանոնադրության մեջ անհրաժեշտ է ներառել նպատակներ, որոնք վերաբերում են Հայաստանի ամբողջական ապաշրջափակմանը՝ ճանապարհների, երկաթուղիների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը երկրի տարբեր հատվածներում։ «Պետք է խուսափել այն ռիսկից, որ ամբողջ տնտեսական և քաղաքական ուշադրությունը սևեռվի միայն TRIPP-ի վրա՝ անտեսելով այլ միջազգային ճանապարհներին և առևտրային ուղիներին Հայաստանի մասնակցությունը»,– նշում է նա։

Առևտրային հոսքերի հնարավոր ծավալները

Տնտեսագետը ներկայացնում է նաև իր էմպիրիկ հաշվարկները։ Ըստ նրա՝ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին առևտրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 350 միլիարդ դոլար։ Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի առևտուրը, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի առևտրային կապերը՝ հնարավոր է, որ դրանց առնվազն 5%-ը անցնի TRIPP ուղով։

«Նախնական հաշվարկներով՝ առանց Չինաստանի մասնակցության հնարավոր է շուրջ 7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն TRIPP-ով, ինչը վատ մեկնարկային թիվ չէ»,– նշում է Մակարյանը։

Չինաստանի մասնակցության դեպքում, ըստ տնտեսագետի, պատկերը կարող է կտրուկ փոխվել։ Նա հիշեցնում է, որ Չինաստանի արտաքին առևտրի ծավալը մոտենում է 11 տրիլիոն դոլարի, և նույնիսկ ոչ էներգակիր հատվածի 5%-ը կարող է կազմել շուրջ 250 միլիարդ դոլար։

Բացի այդ, ԵՄ-ի արտաքին առևտուրը կազմում է մոտ 7 տրիլիոն եվրո, և ճանապարհի որակը, սպասարկումն ու անվտանգության մակարդակը կարող են խթանել եվրոպական երկրներին օգտագործել TRIPP-ը իրենց ավանդական ուղիների փոխարեն կամ դրանց հետ միասին։

Մակարյանի համոզմամբ՝ TRIPP-ի անվտանգության բաղադրիչը կարող է էականորեն ուժեղանալ Կենտրոնական Ասիայի ներգրավման շնորհիվ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ակտիվ շփումները այդ երկրների հետ վկայում են, որ նրանք կարող են ընդգրկվել նախագծում։

«Կենտրոնական Ասիայի մեծ առևտրային ծավալները կարող են դառնալ հակակշիռ Ադրբեջանի–Նախիջևան–Թուրքիա առևտրային ուղղությանը, որի ծավալները համեմատաբար փոքր են»,– եզրափակում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողականորեն աշխատեն այս հարաբերությունների ձևավորման ուղղությամբ։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top