TRIPP նախագծի շուրջ զարգացող գործընթացները դուրս են զուտ տնտեսական տրամաբանությունից և Հայաստանի համար պարունակում են խորը աշխարհաքաղաքական ռիսկեր, հատկապես՝ Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ Նման կարծիքի է քաղաքագետ Հրանտ Միքայելյան։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները Իրանի դեմ և այդ ֆոնին Հայաստանի տարածքում ամերիկյան ներկայության ուժեղացումը կարող են կտրուկ փոխել ՀՀ-ի դիրքը տարածաշրջանում։
Ամերիկյան ներկայությունը՝ որպես կարմիր գիծ Իրանի համար
Միքայելյանի խոսքով՝ Իրանի բացասական դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ արդեն իսկ ձևավորված է, և եթե այդ նախագծի շրջանակում ապահովվի ուղիղ ամերիկյան ներկայություն Իրանի սահմանին, Հայաստանը Իրանի ընկալմամբ կարող է դառնալ ոչ բարեկամ պետություն։
«Սա չափազանց լուրջ վտանգ է։ Հատկապես, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները», — նշում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի քննարկման պայմաններում այդ հանգամանքը դառնում է առավել զգայուն, հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կախվածությունը հարավային ուղղությունից։
Սահմանների բացումը՝ որպես նոր ճնշման գործոն
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի հետ առևտուր իրականացնող երկրները կարող են ենթարկվել ԱՄՆ-ի հետ գործարքներում 25 տոկոս մաքսատուրքի, Միքայելյանը այդ քայլը գնահատում է որպես քաղաքականապես վիճելի և իրավական տեսանկյունից խնդրահարույց։
Քաղաքագետը չի բացառում, որ այդ հայտարարությունները ավելի շատ շանտաժի կամ քաղաքական ճնշման գործիք են, քան կիրառելի մեխանիզմ։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե նման մաքսատուրքը կիրառվի Հայաստանի նկատմամբ, խոսքը մոտավորապես 25 միլիոն դոլարի մասին է, ինչը թեև փոքր թիվ չէ, սակայն նաև ճակատագրական ազդեցություն չունի։
«Ես հույս ունեմ, որ նույնիսկ եթե Դոնալդ Թրամփի կողմից նման մեխանիզմը սկսի կիրառվել, այն Հայաստանի նկատմամբ գործի չի դրվի։ Պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները մինչ այժմ, այս կամ այն չափով, ըմբռնումով է մոտեցել Հայաստանի իրավիճակին Իրանի հետ հարաբերությունների հարցում․ հատկապես այն հանգամանքում, որ խոսք չի գնում երկակի նշանակության կամ ռազմական նշանակության ապրանքների արտահանման կամ վերարտահանման մասին։ ԱՄՆ-ը դա թույլ է տվել՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ և խոցելի աշխարհաքաղաքական վիճակը», — ասաց փորձագետը;
Սակայն, զգուշացնում է Միքայելյանը, իրավիճակը կարող է փոխվել, եթե բացվեն կամ մասնակիորեն բացվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները։ Այդ դեպքում ԱՄՆ-ի կողմից կարող է հնչել պահանջ՝ սահմանափակել կամ փակել Իրանի հետ հաղորդակցությունը՝ հիմնավորելով, որ Հայաստանը այլընտրանքային ուղիներ արդեն ունի։
Այս համատեքստում նա հիշեցնում է 2018 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցը Հայաստան, որի ընթացքում հստակ ձևակերպվել էր միտք, որ Հայաստանը «պետք է ինչ-որ պահի փակի Իրանի հետ սահմանը»։
Մեղրին՝ աշխարհաքաղաքական հանգույց
Քաղաքագետի խոսքով՝ 2020 թվականի պատերազմը մեծապես կապված էր հենց հարավային ուղղության և միջանցքային տրամաբանության հետ։ Ադրբեջանի հարձակումը Արաքսի երկայնքով նպատակ ուներ կտրել Արցախը Իրանից և հասնել Հայաստանի սահմանին՝ հետագայում պարտադրելով միջանցքի գաղափարը։
Այսօր, ըստ Միքայելյանի, գործընթացը շարունակվում է այլ ձևաչափով։ Եթե ԱՄՆ-ն դառնա TRIPP-ի և միջանցքային նախագծերի հիմնական խաղացողը, ապա հարցը կդադարի լինել Հայաստան–Թուրքիա կամ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների շրջանակում և կդառնա ԱՄՆ–Թուրքիա բանակցությունների առարկա։ «Իսկ այդտեղ Թուրքիան կարող է, օրինակ, չգիտեմ, Սիրիա բանակցել դրա դիմաց, օրինակ», — նշում է նա՝ հավելելով, որ TRIPP-y Թուրքիայի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունոխ ծրագիր է։ «Դա թուրանական ճանապարհն է», — ընդգծում է նա։
ԱՄՆ–Թուրքիա շահերի համընկնումը
Միքայելյանի գնահատմամբ՝ այս նախագծում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են։ Թուրքիան ձգտում է անխոչընդոտ կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ, իսկ ԱՄՆ-ն փորձում է այդ տարածաշրջանը վերածել Ռուսաստանի համար նոր ճնշման գոտու՝ երկրորդ «Ուկրաինայի»։
Այս տրամաբանությամբ Մեղրին կարող է վերածվել զենքի մատակարարման կարևոր հանգույցի դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կդարձնի այն բարձր լարվածության և խոցելիության գոտի։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետը արդեն իսկ խոսել է այդ ճանապարհով ռազմական բեռների հնարավոր տեղափոխման մասին։
Ով է իրականում որոշում
Միքայելյանը ընդգծում է, որ Հայաստանը և գործող իշխանությունները իրականում չեն որոշում այս նախագծի ռազմավարական օրակարգը։ Ըստ նրա՝ այդ օրակարգը ձևավորվում է Թուրքիայի կողմից, ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես ուժեղ խաղացող, Ադրբեջանը պարտադրում է իր պայմանները ուժի միջոցով, իսկ Հայաստանը ստիպված է համաձայնվել և փորձել միայն որոշ դետալներ փոփոխել։
«Այս միջանցքը միանշանակ ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, սակայն դա Հայաստանի որոշումը չէ», — եզրափակում է քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է մի նախագծի առաջ, որի հետևանքները կարող են երկարաժամկետ և վտանգավոր լինել պետականության համար։

