Փորձ է արվում Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ

Իրանին հարվածը՝ ժամանակի հարց՞ է. ինչ հաշվարկներ ունի Վաշինգտոնը

Իրանում տեղի ունեցող զարգացումները անմիջական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար։ Ցանկացած անկայունություն Իրանում կարող է լուրջ ռիսկեր ստեղծել Հայաստանի անվտանգության, տնտեսության և հաղորդակցային ուղիների համար։ Վերջին օրերին իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Միացյալ Նահանգները «շատ վճռական քայլերի» կդիմի, եթե Իրանի իշխանությունները սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ դուրս եկած ցուցարարներին։

Միաժամանակ միջազգային հանրությունը հակասական ազդակներ է ստանում․ մի կողմից հրապարակվում են տեսանյութեր և վկայություններ, ըստ որոնց՝ բախումների ընթացքում կիրառվել է մարտական զենք, իսկ մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիան, Օմանը, Քաթարը և մի շարք այլ երկրներ դիմում են Սպիտակ տանը՝ կոչ անելով զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններից։ Նրանց հիմնական մտահոգությունը նավթի շուկան է և Հորմուզի նեղուցի հնարավոր փակման հետևանքով առաջացող գլոբալ տնտեսական ցնցումները, որոնք կարող են հարվածել նաև ԱՄՆ տնտեսությանը։

Այս ֆոնին հարցը մնում է առանց հստակ պատասխանի․ արդյոք Վաշինգտոնը կգնա՞ կտրուկ ռազմական քայլի։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ գործընթացները շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Նավթային ապահովագրություն և Վենեսուելայի գործոնը

Պողոսյանը պատահական չի համարում այն, որ Իրանի հարցի ակտիվ փուլ մտնելուց առաջ Միացյալ Նահանգները բացեց Վենեսուելայի «քեյսը»։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախ փորձել է իրեն ապահովագրել նավթային շուկայում։

«Առաջին գործարքը հենց Վենեսուելայից ԱՄՆ տեղափոխվող նավթն էր։ Վենեսուելան ունի հսկայական նավթային պաշարներ՝ համաշխարհային մակարդակով շատ լուրջ ծավալներով», — նշում է քաղաքագետը։

Պողոսյանի համոզմամբ՝ Վաշինգտոնը չի գործում կարճաժամկետ կամ էպիզոդիկ տրամաբանությամբ։ ԱՄՆ-ն ունի հստակ ռազմավարություն և այդ ռազմավարության շրջանակում շատ լավ գիտի՝ երբ և ինչ քայլեր պետք է ձեռնարկի։

Իրանի հարցի սցենարները՝ արդեն որոշվա՞ծ են

Խոսելով հնարավոր հարվածի մասին՝ Պողոսյանը նշում է, որ Իրանի հարցով հիմնական սցենարները, ըստ էության, որոշվել են դեռևս դեկտեմբերին՝ Դոնալդ Թրամփի և Իսրայելի ղեկավարության հանդիպման ընթացքում։

«Չեմ կարծում, որ այսօր մենք տեսնում ենք սցենարների արմատական փոփոխություն։ Սկզբում դիտարկվում էր ներքին խժդժությունների և արտաքին առավելագույն ճնշման միջոցով ռեժիմի տապալման տարբերակը, սակայն այս սցենարը փաստացի ձախողվել է», — ասում է նա։

Այս պայմաններում, քաղաքագետի գնահատմամբ, ավելի լուրջ է դիտարկվում երկրորդ սցենարը՝ ռազմականը։ Հատկապես վերջին օրերին այդ տարբերակը ԱՄՆ-ում սկսել է ընկալվել որպես իրատեսական։

Սաուդյան Արաբիայի կոչերը՝ ոչ վճռորոշ գործոն

Պողոսյանի համոզմամբ՝ Սաուդյան Արաբիայի, Օմանի կամ այլ երկրների կոչերը չեն կարող էականորեն փոխել ԱՄՆ քաղաքականությունը Իրանի հարցում։

«Իրանը չափազանց մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների ժամանակակից քաղաքականության մեջ։ Շատերին կարող է թվալ, թե այս ամենը արվում է Իսրայելի շահերից ելնելով, սակայն Իսրայելը այստեղ արտաքին շերտն է», — ընդգծում է նա։

Ըստ քաղաքագետի՝ խոսքը ԱՄՆ երկարատև ռազմավարության մասին է, որի նպատակն է Իրանում համակարգային փոփոխություն իրականացնել։

Վերջնական նպատակը՝ աշխարհիկ պետություն

Պողոսյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմավարական նպատակը Իրանի իսլամական հանրապետության ձևաչափի փոփոխությունն է։

«Նպատակը Իրանն է որպես աշխարհիկ պետություն, որի հետ հնարավոր կլինի հեշտ ու կանխատեսելի բանակցել», — նշում է նա։

Այսպիսով, քաղաքագետի համոզմամբ, Իրանի դեմ հնարավոր հարվածը չի կարելի դիտարկել որպես հուզական կամ իրավիճակային քայլ։ Այն տեղավորվում է Միացյալ Նահանգների երկարաժամկետ քաղաքական հաշվարկների մեջ, իսկ հարցը, ըստ էության, ոչ թե «կլինի՞», այլ՝ «երբ և ինչ ձևով»։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top