Վերջին շրջանում Հայաստանում շարունակվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց հետ փոխկապակցված տնտեսական ակտիվների նկատմամբ իրականացվող գործընթացները։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր քաղաքական բաղադրիչի վրա, ապա այժմ հարց է առաջանում նաև տնտեսական ազդեցության, սեփականության պաշտպանության և բիզնես միջավայրի վրա հնարավոր հետևանքների մասին։
Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի և շինությունների նկատմամբ կիրառված կալանքները, ինչպես նաև «Արարատի ցեմենտ» գործարանի պետական կառավարման անցնելու գործընթացը նոր հարցեր են առաջացնում՝ կապված տնտեսական ազատության, սեփականության իրավունքի և իշխանություն-բիզնես հարաբերությունների հետ։
Սեփականության նկատմամբ մոտեցումները կարող են հարվածել Հայաստանի ներդրումային միջավայրին
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ այս գործընթացները կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի որ բիզնեսի համար առանցքային նշանակություն ունի հստակ և կանխատեսելի խաղի կանոնների առկայությունը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում ձևավորվի այն ընկալումը, որ սեփականության պահպանման հնարավորությունը կախված է քաղաքական դիրքորոշումից, ապա դա կարող է ազդել ինչպես օտարերկրյա ներդրողների, այնպես էլ տեղական խոշոր գործարարների որոշումների վրա։
«Եթե չկան հստակ խաղի կանոններ բիզնեսի, այդ թվում՝ խոշոր բիզնեսի համար, ապա բոլոր դերակատարները Հայաստանում ներդրում անելուց առաջ մի քանի անգամ մտածելու են։ Խոսքը վերաբերում է ինչպես արտասահմանյան ներդրողներին, այնպես էլ հայաստանյան խոշոր գործարարներին»։
Գրիգորյանի գնահատմամբ՝ քաղաքական լոյալության և սեփականության պահպանման միջև կապի ձևավորումը երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ իշխանափոխության դեպքում։ Նա նշել է, որ նույնիսկ այն գործարարները, որոնք այսօր որևէ խնդիր չունեն իշխանության հետ հարաբերություններում, կարող են մտածել ապագա ռիսկերի մասին։
«Եթե այսօր ընդդիմության դեմ են այդպիսի միջոցներ կիրառում, վաղը կարող են գործող իշխանությունների հետ աֆիլիացված դերակատարներին նմանատիպ ճնշումների ենթարկել։ Այդ դեպքում մարդիկ կարող են մտածել՝ արդյոք ճիշտ է Հայաստանում պահել իրենց ողջ կապիտալը և շարունակել ներդրումներ անել»։
«Չի լինելու վենդետա» խոստման և իրականության հակասությունը
Քաղաքագետը հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխության կարևոր խոստումներից մեկը եղել է քաղաքական վենդետաների բացառումը։
Նրա խոսքով՝ ներկայում տեղի ունեցող գործընթացները որոշակի հարցեր են առաջացնում, քանի որ, ըստ նրա, իրավական գործիքները կարող են կիրառվել քաղաքական նպատակներով։
«Հեղափոխությունը արվում էր այն լոզունգների ներքո, որ չի լինելու վենդետա։ Մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով զուտ քաղաքական պատճառներով տարբեր մարդկանց նկատմամբ գործընթացներ են իրականացվում»։
Միաժամանակ Գրիգորյանը նշել է, որ ինքնին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է լինել ընդունելի իրավական մեխանիզմ, եթե այն կիրառվում է հավասար պայմաններով բոլորի նկատմամբ։
«Եթե օրենքը բոլորի համար նույնը չէ, դա ինստիտուտ չի դառնում»
Գրիգորյանը նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման հարցում կան նաև մասնագիտական քննարկումներ՝ կապված այն բանի հետ, թե արդյոք դա ամենաարդյունավետ մոտեցումն է տնտեսական զարգացման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ տարբեր երկրներում կապիտալի նախնական կուտակման փուլերը հաճախ ուղեկցվել են ոչ ամբողջությամբ օրինական գործընթացներով, և այդ հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտություն կա։
«Սա նաև տնտեսագիտական և քաղաքագիտական հարց է՝ արդյոք բռնագանձումը ճիշտ մոտեցում է, թե կարելի է մտածել ավելի արդյունավետ մեխանիզմների մասին, օրինակ՝ այդ միջոցները հասարակությանը վերադարձնելու այլ ճանապարհներով»։
Սակայն, ըստ նրա, նույնիսկ եթե պետությունը ընտրում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ճանապարհը, այն պետք է կիրառվի նույն չափանիշներով բոլորի նկատմամբ։
«Եթե չկա բոլորի համար նույն կանոնը, նույն օրենքը, նույն պայմանը, ապա սա արդեն ոչ թե օրենք է դառնում, ոչ թե ինստիտուտ, այլ քաղաքական գործիք, որը կիրառվում է ընդդիմախոսների նկատմամբ և չի կիրառվում լոյալ դեմքերի նկատմամբ»։
Որպես օրինակ՝ նա նշել է նախկին իշխանական համակարգի հետ կապ ունեցող մի շարք գործիչների նկատմամբ ընթացող կամ չընթացող գործընթացների տարբերությունը։
«Մենք գիտենք, որ նախկինում իշխող կուսակցության մաս հանդիսացած և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ևս մի քանի հոդվածներով անցնում է ապօրինի բռնագանձման գործերով, բայց չենք տեսնում որևէ զարգացում այդ ուղղությամբ, այն դեպքում, երբ ընդդիմադիր գործիչները, հատկապես նախընտրական և ընտրական փուլերում ակտիվություն ցուցաբերած անձինք, ենթարկվում են նման վերաբերմունքի»։
Տնտեսական ազատությունը՝ քաղաքական ազատությունների հիմք
Քաղաքագետի խոսքով՝ նույնիսկ այն երկրները, որտեղ քաղաքական ազատությունները սահմանափակ են, կարողացել են ապահովել տնտեսական զարգացում, քանի որ պահպանել են սեփականության իրավունքի և տնտեսական գործունեության հիմնական սկզբունքները։
Նա որպես օրինակ բերել է Սինգապուրը․ «Սինգապուրը տասնամյակներ շարունակ ժողովրդավարություն չի եղել և այսօր էլ դասական ժողովրդավարություն չէ, բայց սեփականության անձեռնմխելիության, ազատ առևտրի և ընդհանուր ընդունելի տնտեսական կանոնների սկզբունքները պահպանվել են։ Դրա համար էլ այդպիսի երկրները կարողանում են զարգանալ»։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն պետությունները, որոնք տնտեսական զարգացման համար կիրառում են ավելի կոշտ պետական քաղաքականություն, առաջին հերթին ապահովում են սեփականության պաշտպանության սկզբունքը։
«Երբ դու ոտնահարում ես այս սկզբունքը, ակնկալել, որ Հայաստանում կլինեն խոշոր ներդրումներ, եթե դրանք պայմանավորված չեն քաղաքական պայմանավորվածություններով, անիմաստ է»։
Գրիգորյանը նշել է, որ նման խնդիրներ արդեն առաջացել են նաև ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետական համակարգում կան մասնագետներ, որոնք հասկանում են հնարավոր վնասները, սակայն հաճախ պետական շահը ստորադասվում է ներքաղաքական նպատակներին։
«Կառավարության ներսում, կարծում եմ, կան նաև տեխնոկրատներ և բյուրոկրատներ, որոնք հասկանում են այս խնդիրները և նույնիսկ մասնավոր զրույցներում կարող են խոսել այն մասին, որ սա լուրջ վնաս է հասցրել Հայաստանին։ Բայց այստեղ, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, տնտեսական զարգացման հեռանկարները և ընդհանուր պետական շահը ստորադասվում են նեղ ներքաղաքական նպատակներին»։
«Ցավոք, սա այն օրինաչափությունն է, որը գոյություն է ունեցել հետխորհրդային շրջանում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում։ Կրկին վերադառնում ենք մինչև 2018 թվականը գոյություն ունեցող ստատուս քվոյին, երբ տարբեր խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը մեծ հաշվով կիրառում է նմանատիպ գործիքներ»։
Նրա խոսքով՝ այս գործընթացները ազդանշան են ոչ միայն խոշոր բիզնեսի, այլ ընդհանրապես բոլոր գործարարների համար։
«Սա ազդակ է բոլոր գործարարներին՝ անկախ նրանց բիզնեսի ծավալից, որ քաղաքականությամբ զբաղվելը կարող է վտանգավոր լինել»։
Տնտեսական ճնշումը սահմանափակում է նաև քաղաքական մրցակցությունը
Քաղաքագետը գործընթացների քաղաքական հետևանքների մասին խոսելիս ընդգծել է, որ տնտեսական ազատությունն անմիջականորեն կապված է քաղաքական ազատությունների հետ։
Նրա խոսքով՝ եթե երկրում չկան տնտեսապես անկախ դերակատարներ, որոնք կարող են ազատ գործել, ապա դժվար է ձևավորել կայացած ընդդիմություն և իրական քաղաքական բազմակարծություն։
«Քաղաքական ազատության հիմքը մշտապես տնտեսական ազատությունն է լինում։ Եթե բիզնեսի առաջ դրվում է երկընտրանք՝ դու կամ քաղաքականապես աջակցում ես մեզ, կամ չես ունենում այդ բիզնեսը, այդպիսի համակարգերում առողջ ընդդիմություն չի կարող ձևավորվել»։
Գրիգորյանի գնահատմամբ՝ նման իրավիճակը հետխորհրդային տարածքում արդեն բազմիցս կրկնվել է, և Հայաստանը կարող է վերադառնալ նախկինում գոյություն ունեցած տրամաբանությանը։

