Իրան-Հայաստան էներգետիկ ծրագրերը և «Գազպրոմի» պատնեշը 

Հայաստանի և Իրանի շահերը մեծ մասամբ համընկնում են, սակայն երկու երկրների իշխանությունների պատկերացումները ոչ բոլոր հարցերում են նույնը։ Այդ մասին հայտարարել է քաղաքական և տնտեսական հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Երևան-Թեհրան հարաբերություններին, էներգետիկ նախագծերին և տարածաշրջանային հաղորդակցություններին։

Իրանը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կարևոր ռազմավարական ուղղություն

«Իրանի համար այս պահի դրությամբ իր արտաքին քաղաքականության գլխավոր հինգ ուղղություններից մեկը Հայաստանն է։ Այդ շարքում են, օրինակ, Իրաքը, Լիբանանը և նաև Հայաստանը։ Այսինքն՝ Հայաստանի կարևորությունը Իրանի համար շատ բարձր է»,- ասել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս չի համապատասխանում Թեհրանի ակնկալիքներին։

«Ուրիշ բան է, որ հարաբերությունների որակն այնպիսին չէ, որը Թեհրանին կգոհացներ, բայց ամեն դեպքում այս պահին Իրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևորագույն ուղղություններից մեկը և ցանկանում է շարունակել աշխատել Հայաստանի հետ»,- նշել է Միքայելյանը։

Մեղրիի նավթավերամշակման գործարան․ հին գաղափար, նոր հնարավորություններ

Անդրադառնալով ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարի Թեհրան այցին, նա նշեց, որ հայ-իրանական քննարկումների ամենաուշագրավ թեմաներից մեկը Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծն է։ Ըստ Միքայելյանի՝ այս գաղափարը նոր չէ և քննարկվում է դեռևս 2007 թվականից, սակայն մինչ այժմ չի իրականացվել։

«Այն ներառված էր նաև Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախագահական ծրագրում, սակայն չիրականացավ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը դեմ էր նախագծին»,- նշել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ նախագիծը շահավետ կարող է լինել թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։ Իրանը հնարավորություն կստանա իր նավթը տեղափոխել ավելի անվտանգ երթուղով, իսկ Հայաստանը կկարողանա ոչ թե պարզապես ներմուծել հումք, այլ արտահանել ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք՝ բենզին և այլ նավթամթերքներ։

Միևնույն ժամանակ, Միքայելյանը ընդգծել է, որ նախագիծը կարող է բախվել քաղաքական և ֆինանսական խնդիրների։

«Հարց է՝ արդյոք հիմա ԱՄՆ-ը դեմ կլինի, թե ոչ։ Այս պահին համաշխարհային նավթի շուկայում որոշակի պակաս կա, իսկ Դոնալդ Թրամփի մոտեցումները որոշ հարցերում ավելի ճկուն են։ Բացի այդ, աշխարհում կապիտալի հասանելիությունն այսօր ավելի մեծ է, ինչը տեսականորեն նախագիծը դարձնում է ավելի իրատեսական»,- ասել է նա։

Սակայն, նրա կարծիքով, գործնական իրականացման համար անհրաժեշտ են նաև այլ ենթակառուցվածքներ։

Փորձագետը նշել է, որ Մեղրիի նավթավերամշակման գործարանի արդյունավետությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե ինչ ենթակառուցվածքներ կօգտագործվեն։

Միքայելյանը հիշեցրել է նաև, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի հնարավոր ինտեգրումը։

Եթե Հայաստանը կառուցի սեփական նավթամուղերն ու նավթամթերքի տեղափոխման համակարգերը, ապա իրավիճակը կլինի մեկ այլ, բայց եթե օգտագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի ենթակառուցվածքները, ապա Հայաստանի դերը կարող է սահմանափակվել միայն միջանկյալ օղակի կարգավիճակով։

Գազի տարանցիկ նախագիծը և «Գազպրոմի» գործոնը

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության համատեքստում քննարկվող մեկ այլ կարևոր հարցը՝ տարանցիկ գազատարի կառուցման հնարավորությունն է։ Իրանը առաջարկել է ընդլայնել գազային համագործակցությունը՝ Հայաստանի տարածքով դեպի միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությամբ։ Սակայն այստեղ հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ «Գազպրոմի» վերահսկողությունն է։

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի մեծացնել իրանական գազի մատակարարումները և արդյոք «Գազպրոմը» կթույլատրի փոփոխություններ գործող համակարգում, Հրանտ Միքայելյանը նշել է, որ այս խնդիրը նոր չէ։

Նրա խոսքով՝ դեռևս Հայաստան-Իրան գազատարի կառուցման ժամանակ՝ 2007 թվականին, կար ավելի լայն ծրագիր, որը նախատեսում էր Հայաստանի միջոցով գազի արտահանում դեպի միջազգային շուկաներ։

«Երբ որ Հայաստան-Իրան գազամուղը կառուցվել է 2007 թվականին, այդ ժամանակ փորձ կար կառուցելու ավելի լայն գազամուղ, որպեսզի հետո ավելցուկը արտահանենք դեպի Սև ծով և Եվրոպա։ Եվ այդ ժամանակ «Գազպրոմը» պնդել է, որ Հայաստանը պետք է կառուցի այնպիսի գազամուղ, որը սպասարկելու է միայն իր սեփական կարիքները»,- ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ներկայում գործող գազատարն ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան իրականում օգտագործվում են։

«Այս պահի դրությամբ գազամուղը թույլ է տալիս մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր տեղափոխել, բայց դրանից օգտագործվում է մոտավորապես մեկ քառորդը։ Այսպիսով՝ իրականում ներկա գազամուղի պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում»,- նշել է նա։

Միքայելյանի խոսքով՝ դրա պատճառը «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրային սահմանափակումներն են։

«Հայաստանը ըստ պայմանագրի «Գազպրոմի» հետ կարող է միայն Իրանից ներմուծել գազ՝ վերամշակման համար, և հետո վերարտահանել դեպի Իրան։ Այսինքն՝ սեփական սպառման համար նույնիսկ Հայաստանը չի ներմուծում այդ գազը»,- ասել է նա։

Քաղաքագետը նշել է, որ նման իրավիճակը կապված է «Գազպրոմի» կողմից Հայաստանին տրամադրվող գազի արտոնյալ գնային քաղաքականության հետ։

«Դա ինչի՞ համար է այդպես, որովհետև «Գազպրոմը» սուբսիդավորված գներով տալիս է Հայաստանին գազ։ Մոտավորապես 180 դոլարով է տալիս Հայաստանին գազ, այն դեպքում, երբ շուկայական գինը մոտավորապես երեք անգամ ավելի բարձր է։ Եվ այսպիսով «Գազպրոմն» ասում է՝ եթե ես տալիս եմ այդ պայմաններով, ուրեմն ես պետք է մենաշնորհ ունենամ։ Դա այդպես է ընդունված»,- նշել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությունն է գործել նաև այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր ընդլայնել գազատարի հնարավորությունները։

«Երբ Հայաստանը ուզում էր կառուցել ավելի լայն գազամուղ, այդ դեպքում կստացվեր արտահանման հնարավորություն, բայց դա կլիներ արդեն «Գազպրոմի» մրցակցություն»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Միքայելյանը նշել է, որ էներգետիկ շուկան փոխվում է, և Եվրոպայում ռուսական գազի նկատմամբ սահմանափակումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել։

«Հիմա «Գազպրոմը» չի կարող դեպի Եվրոպա արտահանել գազ նախկին ծավալներով։ Եվրոպական նոր ընդունված նորմերով և կանոնակարգերով արդեն սահմանափակվելու է ռուսական գազի ներմուծումը, և այսպիսով շուկայում տեղ է բացվելու»,- ասել է նա։

Սակայն, ըստ Միքայելյանի, դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ կլինի զիջել իր դիրքերը։

«Բայց արդյոք «Գազպրոմը» կուզենա, որ դա թույլ տա՝ հարց է։ Ռուսաստանը բազմաթիվ հարցերով զիջումների է գնացել, բայց այս հարցում հաստատ չի զիջելու, որովհետև էներգետիկայի հարցում Ռուսաստանը շատ նպատակաուղղված է աշխատում»,- ընդգծել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե Հայաստանը փորձի վերանայել գործող պայմանները, ապա դա կարող է անդրադառնալ նաև գազի գնին։

«Կարծում եմ, որ եթե Հայաստանը փորձի վերանայել պայմանները, ապա գինը ևս վերանայվելու է»,-  նշեց Միքայելյանը։

Իրան այցի ընթացքում քննարկված ծրագրերը․ PR-ն ավելի շատ է, քան իրականացման հնարավորությունը

Իրանում Հայաստանի պատվիրակության այցի ընթացքում քննարկված մի շարք ծրագրերի վերաբերյալ գլխավոր հարցը շարունակում է մնալ դրանց իրականացման հնարավորությունը։ Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դեռևս պարզ չէ՝ դրանք կվերածվեն իրական նախագծերի, թե կմնան քաղաքական հայտարարությունների մակարդակում։

Հարցին, թե արդյոք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակության այցը և Իրանի հետ քննարկված ծրագրերը իրական հնարավորություն են, թե ավելի շատ PR ակցիա Միքայելյանը նշեց, որ այս փուլում քաղաքական բաղադրիչն ավելի մեծ է։ «PR-ը սրա մեջ, իհարկե, ավելի շատ է, քանի որ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ միակ գործընկերը, որը միանշանակ դրական է ընկալվում մեր  երկրում, դա Իրանն է։ Եվ ներքին լսարանի համար Իրանի հետ ցանկացած հարաբերությունների զարգացում ձեռնտու է»,- ասել է Միքայելյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ տարիներով չիրականացված ծրագրերի դեպքում դժվար է ակնկալել, որ դրանք կկատարվեն կարճ ժամանակում։ «Այն, որ նախագծերը մինչև հիմա տասնյակ տարիներով չեն իրականացվում, և ակնկալել, որ հիմա արագ իրականացվելու են, չեմ կարծում, որ ճիշտ է»,- նշել է նա։ Միքայելյանի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացման հնարավորությունը կախված է մի շարք գործոններից։ 

Առաջին հերթին, ըստ նրա, կարևոր է միջազգային իրավիճակը։ «Օրինակ՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի ավարտվել, և թե ինչպես է այն ավարտվելու՝ սա առաջին հարցն է»,- ասել է քաղաքագետը։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ նրա, Հայաստանի իշխանությունների կարողությունն է՝ ոչ միայն հայտարարելու, այլև իրականում առաջ տանելու այդ նախագծերը։  Երրորդ գործոնը, նրա գնահատմամբ, Արևմուտքի վերաբերմունքն է, քանի որ այն ազդեցություն ունի Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա։ «Հարց է նաև, թե ինչպիսի վերաբերմունք կունենա Արևմուտքը, որը, գիտենք, որ այս իշխանությունների դիրքորոշման վրա լուրջ ազդեցություն ունի։ Այսինքն՝ թույլ կտա՞, կոպիտ ասած, թե՞ ոչ»,- եզրափակել է նա։

Բացի այդ, ըստ Միքայելյանի, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ ծրագրեր կարող են բախվել այլ դերակատարների շահերի հետ՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի։

«Չորրորդ հարցն այն է, թե որտեղ բախվելու են ուրիշ խաղացողների շահերի հետ՝ լինի դա Ռուսաստանը, Թուրքիան կամ Ադրբեջանը, և ինչպես են կարողանալու այդ սահմանափակումները հաղթահարել ու իրականացնել նախագծերը»,- նշել է նա։

Միաժամանակ քաղաքագետը ընդգծել է, որ վերջնական արդյունքի համար ամենակարևոր գործոնները մնում են Հայաստանի ներսում։

«Վերջին հաշվով ամենակարևոր հարցը մասնագիտական և քաղաքական կարողությունն է ու քաղաքական կամքը»,- եզրափակել է Միքայելյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top