Իրանի խաղադրույքը․ 30 տարի սպասված կամուրջից մինչև գազի տարանցում 

Իրանի խաղադրույքը․ 30 տարի սպասված կամուրջից մինչև գազի տարանցում 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը Իրան տեղի ունեցավ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում մի շարք ռազմավարական ծրագրերի քննարկման ֆոնին։ Թեհրանում քննարկվել են ենթակառուցվածքային և էներգետիկ համագործակցության մի շարք ուղղություններ՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցում, ինչպես նաև գազային համագործակցության նոր մոդել։ Ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար այս գործընթացների արդյունքում։
Մեղրիի երկրորդ կամուրջը կարող է փոխել տարածաշրջանային հաղորդակցությունների տրամաբանությունը

Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հնարավորությունը, ըստ իրանահայ փորձագետ Մովսես Քեշիշյանի, երկար տարիների խնդիր է, որի լուծումը նույնիսկ ուշացած է։ Նրա խոսքով՝ Մեղրիի անցակետում տրանսպորտային ծանրաբեռնվածությունը վաղուց էր ցույց տալիս, որ գործող ենթակառուցվածքները բավարար չեն։ «Կարծում եմ՝ գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ Մեղրիում մենք բավական մեքենաների հերթ ունենք ամեն օր։ Դա ցույց է տալիս, որ ճանապարհների և կամուրջների քիչ լինելը ուղղակի աչքի է ընկնում»,- նշել է Քեշիշյանը։

Նրա խոսքով՝ այս խնդրի մասին Իրանում խոսում էին դեռևս 30 տարի առաջ։ «Տարիներ առաջ Իրանում ասում էին, որ այդ կամուրջը փոքր է և չի բավարարում պահանջներին, պետք է նորը կառուցվի։ Ավելին՝ խոսվում էր նույնիսկ այն մասին, որ ներդրումները կարող էին ամբողջությամբ լինել իրանական կողմից»,- ասել է փորձագետը։

Ըստ նրա՝ նախկինում ծրագրերի իրականացմանը խանգարել են տարբեր գործոններ, այդ թվում՝ արտաքին ազդեցությունները։ Սակայն, ըստ նրա, այսօր իրավիճակը փոխվել է։ «Այսօր Հայաստանը ունի այդ կամքը, և իրանական կողմն էլ դա ցանկանում է։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի դա իրականացնել, որովհետև դա օգտակար կլինի երկու կողմերի համար էլ»,- նշել է Քեշիշյանը։

Փորձագետի խոսքով՝ երկրորդ կամրջի նշանակությունը չի սահմանափակվում միայն հայ-իրանական սահմանով։ «Այդ ճանապարհը Իրանին կհասցնի Վրաստան, ինչու ոչ՝ նաև Ռուսաստան և այլ երկրներ։ Դրա համար այն շատ օգտակար է Իրանի համար։ Հայաստանի համար բնականաբար կլինեն տրանզիտային և այլ եկամուտներ, որոնք կարող են նոր թափ հաղորդել տնտեսությանը»,- նշել է Քեշիշյանը։

Նրա խոսքով՝ հատկապես ներկայիս պայմաններում, երբ Հայաստանը բախվում է տարբեր արտաքին տնտեսական սահմանափակումների և ճնշումների, նման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն։  «Տնտեսական նշանակությունը ակնհայտ է։ Նախագիծը դառնում է առարկայական։ Ես կարծում եմ՝ ուշացած է, բայց այնուամենայնիվ՝ ողջունելի»,- ասել է նա։

Իրանի հետ համագործակցության նոր մոդել՝ հնարավոր տարանցիկ հնարավորություն Հայաստանի համար

Հայ-իրանական քննարկումների կարևոր թեմաներից մեկը եղել է նաև գազային համագործակցության գործող բարտերային մոդելի փոփոխությունը։ Քեշիշյանի խոսքով՝ իրանական գազի հարցը ևս նոր չէ և քննարկվել է դեռևս տարիներ առաջ։

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստան-Իրան գազատարի հնարավորությունները սահմանափակվեցին, ինչը ցույց տվեց Հայաստանի կախվածությունը արտաքին գործոններից։  «Եկավ իրանական գազը, բայց գազախողովակի տրամագիծը 140-ի փոխարեն դարձավ 70 և մի քիչ ավելի։ Դա ուղղակիորեն ցույց տվեց Հայաստանի կախվածությունը օտարներից»,- նշել է փորձագետը։

Այսօր, ըստ Քեշիշյանի, իրավիճակը փոխվում է։ «Հայաստանի վարած նոր քաղաքականության հետևանքով մենք տեսնում ենք հնարավորություն նաև այդ դաշտում։ Դա իրագործելի է, եթե երկու կողմերը ցանկանան»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Իրանի համար նման համագործակցությունը կարևոր է՝ հաշվի առնելով պատժամիջոցները և էներգակիրների արտահանման սահմանափակումները։ «Հայաստանի համար դա կարող է եկամտաբեր լինել՝ ինչպես ճանապարհների, այնպես էլ գազի տարանցման դեպքում»,- նշել է նա։

Քեշիշյանը ընդգծել է, որ խոսքը միայն Հայաստան գազ հասցնելու մասին չէ։ «Այս նոր ձևաչափով հարցը միայն Հայաստան հասցնելը չէ, այլ նաև Հայաստանից դեպի Վրաստան և այլ երկրներ Հայաստանի տարածքով տարանցումն է։ Դա կարող է մեծ օգուտներ բերել և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- ասել է նա։

Գազի ոլորտում ռուսական ազդեցությունը չի վերացնում նոր հնարավորությունները

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր փոխել գազային համագործակցության մոդելը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը ոլորտում, Քեշիշյանը նշել է, որ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ «Հասկանալի է, որ Հայաստանում գազային ոլորտում ռուսական կողմի մենաշնորհի պայմաններում մեծ է ՌԴ-ի ազդեցությունը, բայց դա չի վերաբերում տրանզիտի հարցերին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է առաջ գնալ այն ուղղությամբ, որը բխում է սեփական շահերից։

«Հիմա, թե Հայաստանը ինչ կձեռնարկի ռուսական կախվածությունից հնարավորինս դուրս գալու համար, դա արդեն ապագայի հարց էՒ Այստեղ կարևոր է այն հնարավորությունը, որ գազը կարող է հասնել Հայաստան և Հայաստանից դուրս գալ դեպի այլ ուղղություններ։ Նույնիսկ կարելի է մտածել գազի փոխանակման՝ swap-ի տարբերակների մասին՝ ռուսական և իրանական գազի տեղափոխման հետ կապված»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հետագա քայլերը կախված կլինեն նաև Ռուսաստանի քաղաքականությունից և տնտեսական հարաբերությունների զարգացումից։«Եթե այս քաղաքականությունը շարունակվի, եթե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ տնտեսական դաշտում շարունակվեն միակողմանի մոտեցումները, Հայաստանը կարող է գնալ նոր մոտեցումների և նոր քայլերի, որոնք բխում են Հայաստանի շահերից, ոչ թե օտարների»,- եզրափակել է Քեշիշյանը։

Scroll to Top