Մոսկվայի գլխավոր մտահոգությունը ԵԱՏՄ-ն չէ, այլ Հայաստանի բացվող ուղիները

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում հիմնական խնդիրը ոչ թե Երևանի հնարավոր եվրոպական ինտեգրումն է կամ ԵԱՏՄ-ի շրջանակներում մնալու հարցը, այլ Հայաստանի ապաշրջափակման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուրի Մովսեսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին։

Մոսկվայի «փորացավը»

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար առաջիկայում առավել իրատեսական կարող է լինել ոչ անդամակցությունը Եվրամիությանը, այլ ավելի ինքնուրույն արտաքին և տնտեսական դիրքավորում։ «Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում Հայաստանը անդամակցելու է Եվրամիությանը։ Ավելի իրատեսական եմ համարում, որ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և չներգրավվի որևէ ինտեգրացիոն գործընթացում»,- ասել է նա։

«Մոսկվայի «փորացավը» ոչ թե Եվրամիությանը Հայաստանի անդամակցումն է կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարները, այլ ավելի շատ Հայաստանի ապաշրջափակումն է։ Քանի դեռ Հայաստանը առկախված է, Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը ապաշրջափակվի»,- նշել է Մովսեսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային բոլոր հիմնական գործընթացների հիմքում հենց հաղորդակցության ուղիների հարցն է եղել։

«Եթե նայենք այս 30 տարիների պատմությանը, օրինակ՝ նույն ղարաբաղյան կոնֆլիկտին, ապա իրականում դա միայն Ղարաբաղի մասին չէր։ Այդ կոնֆլիկտը միշտ իր հետևում ունեցել է ապաշրջափակման թեման։ Խոսվել է Մեղրիով ճանապարհի մասին, տարբեր երթուղիներով կապի մասին, նույնիսկ բանակցային տարբերակներից մեկում քննարկվել է Ադրբեջանով և Լեռնային Ղարաբաղով դեպի Հայաստան կապի հնարավորությունը»,- ասել է փորձագետը։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը երկար ժամանակ կառուցված էր տարածաշրջանում փակուղային իրավիճակի պահպանման վրա։

«Ռուսական քաղաքականությունը երկար ժամանակ եղել է կոնֆլիկտը սառեցված պահելու քաղաքականություն։ Հետագայում, երբ արդեն լուծում էր պետք, խնդիրն այն էր, որ կոնֆլիկտը լուծվի, բայց Ռուսաստանը վերցնի Հայաստանի բոլոր երթուղիների և հաղորդակցության ուղիների վերահսկողությունը»,- նշել է Մովսեսյանը։ Սակայն, ըստ նրա, իրավիճակն այժմ փոխվել է․ հակամարտություն չկա, բայց սկսվել է նոր փուլ՝ տարածաշրջանային կապերի և երթուղիների վերաբացման շուրջ մրցակցությունը։ «Ռուսաստանը կորցրել է այդ մոնոպոլ դիրքը, որովհետև այսօր կան այլ առաջարկներ»,- ասել է նա։

Երկաթուղու հարցը՝ հայ-ռուսական հարաբերությունների առանցքում

Մովսեսյանի կարծիքով՝ առաջիկայում նախատեսվող հայ-ռուսական բարձր մակարդակի շփումները մեծապես կախված են հենց ենթակառուցվածքների հարցից, մասնավորապես՝ երկաթուղուց։ Նրա խոսքով՝ ապրիլին տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ցույց տվեց, թե իրականում ինչ փուլում են գտնվում երկկողմ հարաբերությունները։

«Դա եզակի հանդիպում էր, երբ առաջին դեմքերի մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները բավական բաց էին խոսում խնդիրների մասին։ Եվ արդեն միայն բաց աղբյուրներից կարելի էր վերլուծություն անել, թե հայ-ռուսական հարաբերությունները որ փուլում են գտնվում»,- ասել է նա։ Ըստ փորձագետի՝ այդ հանդիպումից հետո հարաբերություններում ոչ թե առաջընթաց է արձանագրվել, այլ ավելի մեծ հեռացում։

Նրա կարծիքով՝ նախատեսվող Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի ռուսական կողմի պահանջները։ «Այդ հանդիպումը կկայանա այն պարագայում, երբ Հայաստանը մի փաստաթուղթ կունենա, որտեղ բոլոր կետերով լրացված կլինեն ռուսական կողմի պահանջները։ Եվ կարծում եմ՝ այդ փաստաթղթի առաջին կետը երկաթուղու հարցն է»,- ասել է նա։

Փորձագետը կարծում է, որ հիմնական պայքարը գնում է հաղորդակցության ուղիների շուրջ։

«Այստեղ ավելի շատ խոսքը ուրիշ հողի վրա տեղի ունեցող գործընթացների մասին է։ Առաջին հերթին՝ երկաթուղու մասին»,- նշել է նա։

TRIPP-ը և Հայաստանի ճանապարհների խնդիրը

Մովսեսյանը զուգահեռ է անցկացրել նաև տարածաշրջանային նոր նախագծերի հետ՝ նշելով, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն նոր ճանապարհների ստեղծումը, այլև դրանց ամբողջական ինտեգրումը։

Նա հիշեցրել է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթում ևս անդրադարձ է եղել Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացմանը՝ TRIPP նախագծի համատեքստում։

«Հայաստանում մտահոգություն կա, որ TRIPP-ն այն տեսքով և այն երկարությամբ, ինչ կա այսօր, չի բավարարելու Հայաստանին։ Հայաստանին այն կարող է ամբողջությամբ բավարարել միայն այն դեպքում, եթե այդ երթուղին, օրինակ, Նախիջևանով ևս մեկ անգամ մտնի Հայաստան։ Այդ դեպքում կխոսենք Հայաստանի իրական ներուժի օգտագործման մասին»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվան հասկանում է, որ եթե Հայաստանը կարողանա կարգավորել երկաթուղու հարցը և փոխել գործող կառավարման մոդելը, ապա ՌԴ-ի հնարավորությունները կտրուկ կսահմանափակվեն։

«Եթե Հայաստանը կարողանա ռուսական կոնցեսիան վերցնել ինչ-որ մի բանաձևով՝ լինի դա ազգայնացում, լինի այլ երկրի օպերատորի փոխանցում կամ այլ տարբերակ, դա նշանակում է, որ Հայաստանի ձեռքերը արձակվում են»,- ասել է նա։

Իրանական գազը՝ ազդակ Մոսկվային

Մովսեսյանը անդրադարձել է նաև Հայաստան-Իրան գազային բանակցություններին՝ նշելով, որ այդ գործընթացը միայն երկկողմ տնտեսական հարց չէ։ «Հայաստան-Իրան բանակցությունները գազի թեմայով չեն վերաբերում միայն Հայաստանին և Իրանին։ Դրանք վերաբերում են նաև Ռուսաստանին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործող գազային ենթակառուցվածքները գտնվում են ռուսական վերահսկողության տակ։ «Այսօր այն գազատարները, որոնք Հայաստանում կան մինչև մեր տուն եկող խողովակները, բոլորը ռուսական սեփականություն են։ Իսկ Իրանը փորձում է կասկածի տակ դնել այդ մենաշնորհային դիրքը՝ ասելով, որ կարող է այլ տարբերակ առաջարկել»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Իրանը, նույնիսկ բարդ միջազգային իրավիճակում գտնվելով, չի հրաժարվում տարածաշրջանային նախագծերից։ «Իրանը փաստացի գտնվում է պատերազմական միջավայրում, բայց չի մոռանում տարածաշրջանային կարևոր զարգացումները։ Այն, որ այսօր խոսվում է գազի մատակարարումների մասին, ազդանշան է նաև Մոսկվային»,- ասել է Մովսեսյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top