Փաշինյանի 2 միլիարդ դոլարի ակնարկը․ ի՞նչ քայլեր է նախապատրաստում Երևանը

Փաշինյանի 2 միլիարդ դոլարի ակնարկը․ ի՞նչ քայլեր է նախապատրաստում Երևանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունները մտնում են նոր փուլ։ Վարչապետը չի բացառել, որ ռուսական կողմի կողմից պայմանագրային պարտավորությունների շարունակական չկատարման դեպքում հարցը կարող է տեղափոխվել միջազգային արբիտրաժ։

Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երնկանյանի գնահատմամբ՝ վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններում շոշափելի այս հարցի շուրջ առաջընթաց չկա, և Երևանը փորձում է ձևավորել նաև իրավական ճնշման գործիքակազմ։

Բանակցությունները շարունակվում են, սակայն արդյունք չկա

Երնկանյանի խոսքով՝ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վաղաժամկետ դադարեցման հարցն արդեն մի քանի շաբաթ է ակտիվ քննարկումների թեմա է։ Փաշինյանը հաստատել է, որ այն քննարկվում է ռուսական կողմի հետ տարբեր մակարդակներում, թեև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման չի բարձրացվել։

Միևնույն ժամանակ վարչապետը կարևոր ակնարկ է արել՝ նշելով, որ իրավական վեճի դեպքում հարցը կարող է քննարկվել միջազգային արբիտրաժային դատարանում, իսկ Հայաստանը կարող է ներկայացնել զգալի ֆինանսական պահանջներ՝ կապված այն հանգամանքների հետ, որոնց համար երեք տասնամյակ որևէ փոխհատուցում չի պահանջվել։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ սա ուղիղ ազդակ է, որ Երևանը պատրաստ է անցնել նաև իրավական գործողությունների, եթե բանակցությունները փակուղի մտնեն։

TRIPP նախագիծը փոխում է իրավիճակը

Երնկանյանը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերակառուցել Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները։ Սակայն նման սցենարը կնշանակի, որ երկաթուղու նկատմամբ վերահսկողությունը փաստացի վերադառնում է Հայաստանին, քանի որ այդ ներդրումները գործող կոնցեսիոն պայմանագրով ռուսական կողմի պարտավորությունն են։

Նրա խոսքով՝ վարչապետն ավելի վաղ նաև նշել էր, որ ռուսական կոնցեսիոն կառավարման առկայությունը նվազեցնում է TRIPP նախագծի ներդրումային գրավչությունը և ակնարկել էր, որ եթե գործող կոնցեսիոները չի կարող կատարել իր պարտավորությունները, դրանք կարող են փոխանցվել այլ գործընկեր երկրի։

Մամուլում որպես հնարավոր տարբերակներ հիշատակվել էին Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն Մոսկվան հրապարակայնորեն հայտարարել էր, որ նման տարբերակը բացառվում է։

Որտեղի՞ց է առաջացել 2 միլիարդ դոլարի պահանջի թեման

Երնկանյանի գնահատմամբ՝ վարչապետի նշած թիվը, ամենայն հավանականությամբ, կապված է 2008 թվականին կնքված 30-ամյա կոնցեսիոն պայմանագրի դրույթների հետ։ Այդ փաստաթղթով նախատեսվում է, որ եթե Հայաստանը դուրս գա տրանսպորտային շրջափակումից և սկսվի հաղորդակցությունների վերագործարկումը, ապա կոնցեսիոները պարտավոր է իր ներդրումների ընդհանուր ծավալը հասցնել շուրջ 2 միլիարդ 150 միլիոն դոլարի։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ TRIPP նախագծի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթն արդեն իսկ նշանակում է, որ հաղորդակցությունների բացման գործընթացը մեկնարկել է, հետևաբար այդ ներդրումային պարտավորությունը պետք է համարվի ուժի մեջ մտած։

Սակայն հիմնական հարցը, ըստ նրա, այն է, թե արդյոք «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ֆինանսական ներկայիս պայմաններում ընդունակ է իրականացնել նման ծավալի ներդրումներ։ Երնկանյանը հիշեցնում է, որ ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է, ունի մոտ 50 միլիարդ դոլարի պարտավորություններ և փորձում է վաճառել իր որոշ ակտիվներ։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է հնարավորինս արագ ստանալ հստակ պատասխան՝ ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել իր ներդրումային պարտավորությունները, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա, ըստ ամենայնի, այլընտրանքային տարբերակներ արդեն քննարկվում են։

Ի՞նչ իրավական հիմքեր կարող է ներկայացնել Հայաստանը

Երնկանյանը հիշեցնում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսել էին ուսումնասիրել կոնցեսիոն պայմանագրի կատարման ընթացքը։ Այդ ընթացքում իրականացվել էին խուզարկություններ, արձանագրվել էին բազմաթիվ խախտումներ, խոսվել էր շուրջ 60 միլիոն դոլարի թաքցված եկամուտների, չվճարված հարկերի և ոչ նպատակային ծախսերի մասին, ինչպես նաև հարուցվել էին քրեական գործեր։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ ժամանակ Մոսկվան առաջարկել էր փակել թեման՝ լրացուցիչ ներդրումների դիմաց, իսկ որոշ փուլում նույնիսկ սպառնացել էր միակողմանիորեն լուծարել կոնցեսիոն պայմանագիրը, եթե հայկական իրավապահները շարունակեն միջամտել ընկերության գործունեությանը։ Ի վերջո հարցը ժամանակավորապես ստացել էր քաղաքական լուծում։

Մեկնաբանի կարծիքով՝ այս ընթացքում կարող էր ձևավորվել բավականաչափ իրավական բազա, որը Հայաստանը կարող է օգտագործել միջազգային արբիտրաժի դեպքում։

Նա հիշեցնում է, որ պայմանագրով ռուսական կողմը պարտավորվել էր իրականացնել առնվազն 572 միլիոն դոլարի ներդրում, որից 220 միլիոն դոլարը՝ առաջին հինգ տարվա ընթացքում։ Սակայն, ըստ նրա, կան բավարար հիմքեր պնդելու, որ այդ պարտավորությունները լիարժեք չեն կատարվել։

Որպես օրինակ նա նշում է, որ չի կառուցվել Վանաձոր–Ֆիոլետովո 31 կիլոմետրանոց երկաթուղային հատվածը, որը հնարավորություն կտար Երևան–Թբիլիսի երթուղին կրճատել 112 կիլոմետրով, չի կառուցվել օդանավակայան տանող երկաթուղին, չի վերագործարկվել Մեղրաձորի թունելը, ինչպես նաև չեն իրականացվել մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր։

Ավելի հավանական է քաղաքական լուծումը

Չնայած վարչապետի կոշտ հայտարարություններին՝ Արտյոմ Երնկանյանը կարծում է, որ միջազգային արբիտրաժի մասին հնչեցված ակնարկներն առաջին հերթին դիվանագիտական և քաղաքական ճնշման միջոց են։

Նրա գնահատմամբ՝ թեև իրավական գործընթացի հնարավորությունը չի կարելի բացառել, առավել հավանական է, որ Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունները կփորձեն կարգավորել քաղաքական բանակցությունների միջոցով, և վերջնական լուծումը կլինի ոչ թե դատական, այլ քաղաքական հարթությունում։

Scroll to Top