Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը հնարավորություն կտա Հայաստանին ամբողջությամբ ազատվել Ռուսաստանից ունեցած ռազմաքաղաքական կախվածությունից։ Նման կարծիքի է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբերի նրան, որ Հայաստանը լիովին արդեն ազատ կլինի ռուսական ռազմաբազաները և պայմանագրային այդ ամբողջ համակարգը վերացնելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նույնիսկ չեմ էլ խոսում. համարենք, որ արդեն չկա էլ Հայաստանը ՀԱՊԿ-ում։ Բայց դրանից բացի կան մեկ տասնյակից ավելի ռազմաքաղաքական պայմանագրեր, նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված անդամակցությունը, այլ տնտեսական համաձայնագրեր, նույնիսկ ԱՊՀ-ի շրջանակներում բազմաթիվ իրավակարգավորումներ, որոնք հեշտացնում են առևտուրը, այդ թվում՝ անմաքս առևտուրը», — նշում է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը կկարողանա առանց լուրջ դժվարությունների հրաժարվել այդ պայմանագրերից՝ շրջանցելով հնարավոր ճնշումները։
Քաղաքագետի համոզմամբ՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և այդ հարցում համագործակցում է Ադրբեջանի հետ։ «Ռուսաստանը աշխատում է Ալիևի հետ, որովհետև իրենց շահերը համընկնում են։ Ալիևն էլ չի ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այդ դեպքում ինքը կկորցնի լծակները Հայաստանի նկատմամբ», — համոզված է նա։
Խուրշուդյանի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ նաև Հայաստանի տնտեսական առաջընթացը, քանի որ դա հիմք է ստեղծում Ալիևի համար անհարմար համեմատությունների և գնահատականների համար․
«Ալիևին ձեռք չի տալիս,որ Թուրքիայի սահմանները բացվեն, դեպի Եվրոպա ցամաքային սահմանը բացվի, ձեռք չի տալիս, որ Հայաստանը զարգանա։ Արդեն այսօր մենք Ադրբեջանից առաջ ենք ընկել մեր տնտեսական զարգացմամբ և մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով անցել ենք նավթային Ադրբեջանին։ Իրենց փորձագետներն արդեն դրա մասին խոսում են, ահազանգում են, որ Հայաստանը դինամիկ զարգացում է ապրում, իսկ իրենք մնում ենք ճահիճում ավտոկրատ ռեժիմի պատճառով»։
Խուրշուդյանի կարծիքով՝ Ադրբեջանը դիտավորյալ հետաձգում է ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ նաև շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի հայ-թուրքական սահմանը չբացվի․ «Առիթն ու պատրվակն այն է, որ խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական չի ստորագրվել։ Իսկ չի ստորագրվում, որովհետև առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների արհեստական պահանջը, որի կատարումը որևէ տեղ պաշտոնապես ֆիքսված չէ։ Օգոստոսի 8-ի պայմանավորվածություններում նման բան չկա»։
Նրա խոսքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչ ներքաղաքական հետևանքներ կարող է ունենալ սահմանադրական փոփոխությունների պահանջը Հայաստանում և հենց դրա համար է մշտապես ընդգծում այդ պահանջը։
«Ալիևը հասկանում է, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանում իր պահանջով մշակված սահմանադրական փոփոխությունների առաջ քաշելը։ Այդ իսկ պատճառով անընդհատ շեշտում է, իբր հերց իր պահանջով է այդ ամենը արվումէ պարզ հասկանալով, որ նման պայմաններում հայ հասարակությունը երբեք դրա հետ չհամաձայնվի», ասաց փորձագետտ։ Խուրշուդյանի գնահատմամբ՝ այս ամբողջ գործընթացը պատահական չէ․ «Դա ակնհայտ ռուս-ադրբեջանական խաղ է»։
Միաժամանակ Խուրշուդյանը նշում է, որ եղել են նաև դրական ազդակներ Թուրքիայի կողմից։ Նրա խոսքով՝ թուրքոկան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում սահմանային անցակետերի և երկաթուղային ենթակառուցվածքների բացմանը նախապատրաստվելու ուղղությամբ։ Սակայն, ինչպես նշում է քաղաքագետը, թուրքական կողմը շարունակում է պաշտոնապես պնդել, որ նախ անհրաժեշտ է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։

