Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ակտիվորեն առաջ են մղում TRIPP նախագիծը՝ այն ներկայացնելով որպես «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր բաղադրիչ։ Նախագծի իրագործման գործընթացը արագացնելու համատեքստում վարչապետը հրապարակային կոչ է արել Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման ներքո շահագործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը և ռուսական կողմին՝ օպերատիվ կերպով վերականգնել մի շարք երկաթուղային հատվածներ, ինչը հնարավորություն կտար հայկական կողմին ապահովել պատրաստվածությունը տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակմանը։
Սակայն մինչ այժմ ռուսական կողմից որևէ արձագանք չի հնչել։ Ստեղծված իրավիճակի ֆոնին փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են հնչում գնահատականներ և կոչեր՝ վերանայել կամ հետ կանչել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման պայմանագիրը՝ ռուսական կողմի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքով պայմանավորված։
Խոսքը մոտավորապես 100 միլիոն դոլարի կարգի ներդրման մասին է
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ թեև ռուսական կողմը ներկայում գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, իսկ Ռուսաստանի երկաթուղին ընկերությունը ունի մեծածավալ պարտքեր, բայց տվյալ դեպքում խնդիրը տնտեսականից առավել քաղաքական բնույթ ունի։ Նրա խոսքով՝ վարչապետի կողմից մանտանշված հատվածների վերականգնման համար միլիարդավոր ներդրումներ անհրաժեշտ չեն։ Խոսքը ընդամենը մի քանի կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածների վերականգնման մասին է, այդ թվում՝ Երասղից դեպի Նախիջևանի սահման ընկած հատվածին, որտեղ հայկական կողմում ենթակառուցվածքները քանդված են, իսկ ադրբեջանական կողմում՝ պահպանված։
«Խոսքը մոտավորապես 100 միլիոն դոլարի կարգի ներդրման մասին է, ինչը նման մասշտաբի նախագծերի համար համեմատաբար փոքր գումար է։ Հետևաբար այստեղ հարցը ֆինանսական չէ, այլ քաղաքական»,– նշում է Գրիգորյանը։
Քաղաքական շահերի բախումը և Ռուսաստանի դիրքորոշումը
Քաղաքագետի գնահատմամբ՝ որքան էլ Հայաստանում հնչեն քննադատություններ Ռուսաստանի հասցեին՝ ռազմավարական գործընկերոջ պարտավորությունները չկատարելու համար, անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լուրջ պետություն է և չի իրականացնի որևէ նախագիծ, որը, իր ընկալմամբ, հակասում է սեփական շահերին։
«Ես անձամբ չեմ կարծում, որ TRIPP-ը հակասում է Ռուսաստանի շահերին, սակայն նրանց ներկայիս քաղաքական տրամաբանության մեջ՝ ազդեցության գոտիների պահպանման համատեքստում, այդ նախագիծը այդպես է ընկալվում»,– ընդգծում է նա՝ հավելելով, որ նման պայմաններում ռուսական կողմը պարզապես չի գնա ծրագրի իրականացմանը։
Կոնցեսիոն պայմանագրի դենոնսացիայի հարցը
Ստեղծված իրավիճակում, ըստ Գրիգորյանի, առաջանում է տրամաբանական հարց՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Նրա համոզմամբ՝ եթե ռուսական կողմը չի արձագանքում վարչապետի կոչին և չի իրականացնում կենսական նշանակություն ունեցող աշխատանքները, ապա կառավարությունը պետք է սկսի կոնցեսիոն պայմանագրի դենոնսացիայի գործընթացը։
«Մեզ համար ժամանակը չափազանց կարևոր է, իսկ այս հարցը՝ կենսական, այդ իսկ պատճառով ՀԿԵ անգործության պայմաններում Հայաստանը պարտավոր է սկսել կոնցեսիայից դուրս գալու ընթացակարգը»,– ասում է նա՝ ընդգծելով, որ իրավական նրբությունները պետք է մշակվեն մասնագետների կողմից, սակայն քաղաքական որոշումը չպետք է ձգձգվի։
Սուվերեն որոշումները՝ որպես «թշնամական քայլ»
Գրիգորյանի համաձայնեց այն կարծիքի հետ, որ կոնցեսիոն պայմանագրի դադարեցումը կարոխ է Ռուսաստանի կողմից դիտարկվի որպես թշնամական քայլ։ Սակայն Հայաստանի փորձերը տարբեր ոլորտներում այլընտրանքային գործընկերներ որոնելու ուղղությամբ միշտ ընկալվում են Մոսկվայում որպես թշնամական քայլեր։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, որոշ շրջանակներում դիտարկվում է որպես անցանկալի զարգացում։
«Մեծ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այսօր Հայաստանին զենք չի տալիս։ Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Նրանք Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ Հայաստանը պետք է ենթարկվի դեմիլիտարիզացիայի։ Այդ պայմանավորվածությունները սկսած 2020 թվականից ունեն լեգալ, կիսագաղտնի և նույնիսկ գաղտնի բնույթ», — նշում է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը փորձում է գտնել այլընտրանքային լուծումներ ռազմատեխնիկական ոլորտում։ Դա, ըստ նրա, բնական է, քանի որ ցանկացած կառավարություն պարտավոր է մտածել իր քաղաքացիների անվտանգության մասին։ Սակայն այդ ուղղությամբ համագործակցությունը, ինչպես ընդգծում է Գրիգորյանը, ռուսական որոշ շրջանակներում ընդունվում են խանդով։
Ռուսական կողմը առաջ է քաշում լուրջ ֆինանսական նախապայմաններ ատոմակայանի կառուցման հարցում
«Նույն իրավիճակն է էներգետիկայի ոլորտում։ Երբ քննարկվում է ամերիկյան ատոմակայանի տարբերակը, արձագանքը ոչ թե «համաձայն ենք» կամ «դեմ ենք», այլ՝ «ինչո՞ւ եք ընդհանրապես քննարկում»», — ասում է նա։
Գրիգորյանը նշում է, որ ռուսական կողմը պաշտոնապես հայտարարում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին, սակայն իրականում առաջ են քաշվում լուրջ ֆինանսական նախապայմաններ և պահանջներ։ Նրա ունեցած տեղեկություններով՝ կան կոնկրետ պայմաններ՝ այդ թվում ֆինանսական ծանր պարտավորություններ ուսումնասիրությունների և նախապատրաստական փուլերի համար։
Նրա խոսքով՝ արդյունքում ստացվում է հակասական պատկեր․ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը համագործակցի այլ երկրների հետ, սակայն փոխարենը չի առաջարկում իրական լուծումներ։ «Նրանք չեն ուզում, որ մենք աշխատենք մյուսների հետ, բայց դրա դիմաց ոչինչ չեն տալիս։ Սա արդեն լուրջ խնդիր է Հայաստանի համար», — եզրափակում է նա։

