Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ճակատագրական որոշումները կայացնում է մեկ մարդու կողմից, ինչի հետևանքով երկիրը հայտնվել է վտանգավոր համակարգային ճգնաժամի առաջ։ Նման կարծիք հայտնեց իրավաբան, պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ խնդրի էությունը տեսանելի հետևանքների մեջ չէ, այլ դրանց խորքային պատճառներում, որոնք անտեսելու դեպքում հնարավոր չէ իրական լուծումներ գտնել։
«Մեկ անձը փոխարինել է ամբողջ պետական համակարգը»
Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս իրականության ամենախորքային և վտանգավոր պատճառը պետական իշխանության ամբողջական կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։
«Մեկ մարդ, մեկ անձ է այսօր կայացնում բոլոր ճակատագրական որոշումները՝ իր վրա վերցնելով ողջ պետական համակարգի և ինստիտուտների գործառույթները։ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները այդ անձը վերագրել է բացառապես իրեն», — նշել է պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ սա ոչ միայն կառավարման սխալ մոդել է, այլ նաև ամենամեծ սպառնալիքը պետականության համար, քանի որ ցանկացած պահի ընդունվող որոշումները կարող են հակասել ինչպես նախորդ որոշումներին, այնպես էլ բանականությանը, ազգային, անվտանգային և ռազմավարական շահերին։
Սահմանադրական խախտումներ՝ պետական քաղաքականության հիմքում
Որպես օրինակ Վարդանյանը նշում է եկեղեցու հարցում իշխանության վարքագիծը։ Նրա խոսքով՝ գործադիր իշխանությունը, անտեսելով Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ օրինականության սկզբունքը, միջամտում է ոլորտների, որտեղ չունի իրավասություն։
«Սահմանադրությունն հստակ սահմանում է, որ պետական մարմինները կարող են գործել միայն իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Սակայն այսօր բացահայտ անտեսվում է թե՛ եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման մասին օրենքը», — ընդգծել է նա։
Պատգամավորը հավելել է, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով բազմաթիվ օրենքներ և հոդվածներ, որոնք, իր գնահատմամբ, խախտվում են մեկ անձի կամքով։
Կամայական որոշումներ՝ կրթությունից մինչև քրեական հետապնդումներ
Վարդանյանի խոսքով՝ կամայական որոշումների շրջանակը վաղուց դուրս է եկել քաղաքական դիսկուրսի սահմաններից և տարածվում է կյանքի տարբեր ոլորտների վրա՝ կրթական համակարգից մինչև իրավապահ մարմինների գործունեություն։
Նրա պնդմամբ՝ որոշվում է, թե ում պետք է կալանավորել, ինչ հոդվածով պետք է հարուցել քրեական գործ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նախաքննության ընթացքից առաջ արդեն հնչում են հրապարակային գնահատականներ։
«Ազգային ժողովի ամբիոնից կարող են հնչել սպառնալիքներ, իսկ հետո քրեակատարողական հիմնարկները լցվում են ընդդիմադիրներով», — նշել է նա՝ հիշատակելով նաև արտաքին քաղաքականության անկանխատեսելիությունը, երբ կարճ ժամանակում արմատապես փոխվում են ռազմավարական ուղղությունները։
«Երկիրը մի մարդու ձեռքում խաղալիք է դարձել»
Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, որտեղ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդու օրական որոշումներից, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ։
Նա հիշեցրել է Արցախի օրինակն՝ ընդգծելով, որ նույն սցենարը կարող է կիրառվել նաև Հայաստանի դեպքում։
«Մենք մեր ընտանիքներով ապրում ենք մի մարդու ձեռքը խաղալիք դարձած երկրում», — ասել է պատգամավորը։
Ելքի ուղիներ․ իշխանափոխություն և նոր քաղաքացիական հասարակություն
Խոսելով հնարավոր լուծումների մասին՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ առաջին անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է, սակայն դրանով խնդիրը չի ավարտվում։
Նրա համոզմամբ՝ առանց իրական, ազգային քաղաքացիական հասարակության ձևավորման հնարավոր չէ վերականգնել սահմանադրական կարգը։ Քաղաքացիական հասարակությունը, ըստ նրա, չպետք է ծառայի իշխանության գործողությունների արդարացմանը, այլ պետք է պաշտպանի տարբեր ոլորտների և խմբերի իրավունքները։
Վարդանյանը կարևորել է նաև խորքային վերլուծական կենտրոնների ստեղծումը, որոնք կկարողանան գեներացնել գաղափարներ, կանխատեսել ռիսկերը և առաջարկել արդյունավետ լուծումներ։
«Միայն այս ճանապարհով է հնարավոր վերականգնել սահմանադրական կարգը և ապահովել երկրի բնականոն զարգացումը», — եզրափակել է նա։

