Կիսանախագահական համակարգին վերադառնալը կործանարար կլինի Հայաստանի համար։ Նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ քննադատելով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ շրջանառվող գաղափարները։ Նրա համոզմամբ՝ նման փոփոխությունը ոչ թե լուծում, այլ նոր խորքային ճգնաժամի ռիսկեր կստեղծի երկրի համար։
Կիսանախագահական համակարգը՝ մշտական կոնֆլիկտի աղբյուր
Պողոսյանի գնահատմամբ՝ կիսանախագահական համակարգը իր էությամբ ենթադրում է երկգլխանի գործադիր իշխանություն՝ նախագահ և վարչապետ, ինչը գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է երկարատև հակասությունների։
«Ո՞վ է իրականում պատասխանատու արտաքին քաղաքականության համար, ո՞վ պետք է ներկայացնի երկիրը միջազգային հարթակներում, ինչպե՞ս են այդ երկու կենտրոնները կիսելու իշխանությունը․ այս հարցերը մշտապես վերածվում են կոնֆլիկտների», — նշել է սահմանադրագետը։
Որպես օրինակ նա հիշատակել է Լեհաստանը, որտեղ տարիներ շարունակ նախագահն ու վարչապետը չեն կարողանում համաձայնության գալ անգամ այն հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի երկիրը բարձր մակարդակի միջազգային հանդիպումներին։ Նրա խոսքով՝ սահմանադրական տրիբունալի որոշումներն անգամ չեն կարողացել վերջնական լուծում տալ այդ հակասություններին։
Նախագահական համակարգի ռիսկերը՝ համընկնող մեծամասնության բացակայության դեպքում
Պողոսյանը ռիսկային է համարում նաև «մաքուր» նախագահական համակարգը, եթե նախագահն ու խորհրդարանի մեծամասնությունը քաղաքականապես չեն համընկնում։
«Այդ դեպքում համակարգը դառնում է անկառավարելի․ իշխանական յուրաքանչյուր կենտրոն սկսում է համակարգը իր կողմը քաշել», — ընդգծել է նա՝ նկատելով, որ նման իրավիճակները չեն ապահովում արդյունավետ կառավարում։
Պառլամենտական համակարգը՝ խնդիրներով, բայց շտկման հնարավորությամբ
Սահմանադրագետի կարծիքով՝ պառլամենտական համակարգը տեսականորեն թույլ է տալիս ներդնել լրացուցիչ հակակշիռներ՝ վարչապետի գերիշխող դիրքը որոշ չափով մեղմելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում նույնիսկ գործող սահմանադրական կարգավորումները լիարժեք չեն գործարկվում։
Պողոսյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ նախարարները պարտավոր են ինքնուրույն իրականացնել իրենց ոլորտի քաղաքականությունը կառավարության ծրագրի շրջանակներում, իսկ վարչապետը միայն բացառիկ դեպքերում կարող է կոնկրետ հանձնարարականներ տալ։
«Գնացեք հարցրեք որևէ նախարարի՝ ծանո՞թ է արդյոք այդ դրույթին և երբևէ փորձե՞լ է այն կիրառել», — նշել է նա՝ ընդգծելով քաղաքական մշակույթի բացակայության խնդիրը։
Պողոսյանի համոզմամբ՝ սահմանադրական կարգի արդյունավետ գործարկման համար վճռորոշ դեր ունի քաղաքական էլիտայի մշակույթը։ Թեև Սահմանադրությամբ զգալիորեն ընդլայնվել են ընդդիմության և փոքրամասնության իրավունքները, դրանք գործնականում արժեզրկվում են կամայական որոշումների պայմաններում։
«Եթե իշխանությունը պարզապես որոշում է, որ ինչ-որ մարմին չի ձևավորվում կամ չի գործում, ապա Սահմանադրությունը մնում է թղթի վրա», — նշել է նա։
Սահմանադրական կարգը ոչնչացվել է
Սահմանադրագետը շեշտել է, որ իր գնահատմամբ Հայաստանի սահմանադրական կարգը փաստացիորեն ոչնչացվել է առնվազն 2020 թվականի հունիսի 22-ից, և այդ գործընթացը հետագա տարիներին միայն խորացել է։
«Այսօր մենք ունենք իրական անիշխանություն», — ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ Սահմանադրությունը խախտվում է ամենօրյա ռեժիմով և ՛ չի պաշտպանվում այն ինստիտուտների կողմից, որոնք հենց այդ առաքելությունն ունեն։
Այս համատեքտում Պողոսյանը քննադատել է Հանրապետության նախագահի դերակատարումը՝ նշելով, որ Սահմանադրությամբ նրան վերապահված է սահմանադրության պահպանման վերահսկողության գործառույթը, սակայն այդ առաքելությունը փաստացի չի իրականացվում։
«Սահմանադրությունը ոտնահարվում է ամեն օր, բայց նախագահը լռում է, որովհետև փաստացի նույն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է», — ընդգծել է նա։
«Որևէ սահմանադրություն ինքնին չի կարող ապահովել ժողովրդավարություն, եթե պառլամենտական մեծամասնությունը և քաղաքական վերնախավի մշակույթը խնդրահարույց են», — նշել է նա։ Պողոսյանի խոսքով՝ 2018 և 2021 թվականներին ձևավորված գերհզոր պառլամենտական մեծամասնությունները հանգեցրել են անիշխանության խորացման։
Սակայն, նրա գնահատմամբ, այս տարի դեռ կա հնարավորություն փոխելու իրավիճակը։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական ընդդիմադիր ուժերը ինչպիսի ձևաչափերով կմասնակցեն ընտրություններին և որքան արդյունավետ կկարողանան հանրությանը ներկայացնել այն ճակատագրական իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը», — եզրափակել է սահմանադրագետը՝ ընդգծելով, որ հանգուցալուծումը պետք է տեղի ունենա հենց այս տարվա ընթացքում։

