Ընտրություններ 2026․ Միակ օրակարգը՝ Կոնսենսուս մինուս մեկ

Ընտրություններ 2026․ Միակ օրակարգը՝ Կոնսենսուս մինուս մեկ

Հայաստանի ներքաղաքական դաշտում իշխանափոխության հեռանկարը վաղուց դուրս է եկել դասական ընտրական գործընթացների տրամաբանությունից։ Նման կարծիքի է , քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նրա համոզմամբ՝ եթե ընդդիմությունը իսկապես նպատակ ունի հաղթելու, նախ պետք է ընդունի մի դառը, բայց իրատեսական ճշմարտություն․ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվելու։

Այս պնդումը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է ոչ միայն գործող իշխանության վարքագծով, այլև այն խորքային քաղաքական, անվտանգային ու արտաքին շահերով, որոնք ուղղակիորեն շահագրգռված չեն Հայաստանում իշխանության փոփոխությամբ։

Իշխանությունը գիտի՝ ինչ է սպասում իրեն

Ղևոնդյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունը և նրան շրջապատող շրջանակները շատ լավ պատկերացնում են, թե ինչ պատասխանատվության տակ են հայտնվելու իշխանությունը կորցնելու  դեպքում։ Խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է։

Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցումն է, որ իշխանությանը դարձնում է առավել կոշտ, ինքնապաշտպանվող և ցանկացած միջոցի դիմելու պատրաստ։ Այդ պայմաններում իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ պարտություն՝ անկախ ընտրական կամ հասարակական գործընթացներից։

Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանության պահպանման գործում առանցքային դեր ունեն ոչ միայն ներքին ռեսուրսները, այլև արտաքին շահառուները։ Ղևոնդյանը նշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում իշխանության փոփոխությունը անընդունելի սցենար է։

Նրա խոսքով՝ այս երկրները Հայաստանում իշխանափոխությանը խոչընդոտելու համար   գործի կդնեն դիվերսիոն բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ քաղաքացիական բախումների սադրանքներից մինչև տեղեկատվական և հոգեբանական ճնշումներ։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրում մի կարևոր հանգամանքի վրա՝ Հայաստանում գործում են հայերեն խոսացող ադրբեջանցիներ, և նրանց թիվը, ըստ նրա, «շատ-շատ մեծ է»։

Լուծումը՝ ընդդիմության ամբողջական մոբիլիզացիա

Ստեղծված իրավիճակում Ղևոնդյանը տեսնում է միայն մեկ հնարավոր լուծում՝ ընդդիմության լիակատար մոբիլիզացիա։ Ըստ նրա՝ այսօր ընդդիմադիր դաշտում կան տարբեր «քաշային կարգերի» քաղաքական ուժեր՝ մեծ, միջին և փոքր միավորներ։ Հատկապես փոքր, նորաստեղծ, սահմանափակ ազդեցություն ունեցող, բայց որոշակի ռեսուրսներ ունեցող ուժերը պետք է հրաժարվեն սեփական ամբիցիաներից և միավորվեն առանց իշխանության ձգտման։

Եթե որևէ քաղաքական միավորի նպատակը հենց իշխանության գալն է, Ղևոնդյանի խոսքով, ապա նրանք կամ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, կամ էլ բացահայտ կանգնեն գործող վարչապետի կողքին։

Քաղաքագետը առաջարկում է հստակ քաղաքական բանաձև՝ «կոնսենսուս մինուս մեկ»։ Այսինքն՝ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի մեկ նպատակի շուրջ՝ մեկ անձից ազատվելու համար։

Նրա համոզմամբ՝ միայն այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա գոյատևելու որպես պետություն, փոխելու իր դիրքերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում և փորձելու պաշտպանել սեփական շահերը միջազգային հարթակներում։

Ավելին, Ղևոնդյանի ձևակերպմամբ, սա ոչ միայն քաղաքական, այլ գոյաբանական խնդիր է․ իշխանափոխությունը, ըստ նրա, Հայաստանի համար նաև չցեղասպանվելու հնարավորություն է։

Ով ինչ ունի՝ պետք է դնի սեղանին

Ղևոնդյանը շեշտում է, որ ընդդիմության մոբիլիզացիան չի կարող լինել միաչափ։ Յուրաքանչյուրն ունի իր դերը՝ մեկը մտքով, մեկը ֆինանսական ռեսուրսով, մեկը կազմակերպչական կարողություններով, մեկը քաղտեխնոլոգիայով, մեկը՝ վստահված անձանց միջոցով։ Այլ տարբերակ, նրա խոսքով, պարզապես գոյություն չունի։

Նա առաջարկում է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հրավիրել հրապարակային քննարկումների և ուղիղ հարց տալ՝ հասկանում են արդյոք իրավիճակի լրջությունը, թե ոչ։ «Սա խաղ չէ, և ժամանակի կորուստը կարող է դառնալ անդառնալի», — նշում է,Ղևոնդյանը։

Scroll to Top