Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք պայմանավորվածություններ, որոնց առանցքային ուղղություններից մեկը կապված է էներգետիկ ոլորտի հետ։ Այս մասին նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա գնահատմամբ՝ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ հնարավոր համաձայնագրին, որի շրջանակում Հայաստանը կարող է ներգրավվել մոդուլային ատոմակայանի կառուցման ծրագրում։
Մոդուլային ատոմակայանը՝ որպես ամերիկյան բիզնես նախագիծ
Բադալյանի համոզմամբ՝ մոդուլային ատոմակայանի գաղափարը պետք է դիտարկել առաջին հերթին ոչ թե որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության լուծում, այլ որպես Միացյալ Նահանգների բիզնես շահերի մաս։
Նրա խոսքով՝ նման նախագծերը անհրաժեշտ են ԱՄՆ-ին՝ որպես տեխնոլոգիական և տնտեսական նախաձեռնություն, իսկ Հայաստանը տվյալ դեպքում կարող է հանդես գալ որպես այդ ծրագրի իրականացման հարթակ։ Հաշվի առնելով գործող իշխանությունների արտաքին քաղաքական և տնտեսական կուրսը՝ այս սցենարը դառնում է առավել հավանական։
Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն վարում են ռուսական էներգետիկ և տրանսպորտային կառույցներից դուրս գալու քաղաքականություն։
Այս քաղաքականության տրամաբանական շարունակությունը, ըստ Բադալյանի, կարող է լինել հենց ամերիկյան մոդուլային ատոմակայանի նախագծի ընդունումը։ Այդ քայլը ոչ միայն կփոխի է Հայաստանի էներգետիկ ճարտարապետությունը, այլև կխորացնի կախվածությունը նոր կենտրոններից՝ այս դեպքում արդեն արևմտյան։
Հայաստանը՝ որպես փորձադաշտ
Բադալյանի պնդմամբ՝ աշխարհում Միացյալ Նահանգները դեռևս չի իրականացրել մոդուլային ատոմակայանի ամբողջական նախագիծ։ Նրա խոսքով՝ նման փորձ արվել է, սակայն այն ավարտին չի հասցվել ։ Այդ փաստը, ըստ քաղտեխնոլոգի, լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի համար նախատեսվող ծրագրի նպատակահարմարության վերաբերյալ։ «Հիմա մենք կարող ենք դառնալ փորձադաշտ», – փաստում է Բադալյանը։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ նման նախագծի իրականացումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Բադալյանի խոսքով՝ եթե որոշումները կայացվում են ոչ թե տեխնոլոգիական պատրաստվածության և անվտանգային լիարժեք հաշվարկների հիման վրա, այլ քաղաքական շահերից ելնելով, ապա հասարակությունը կարող է կանգնել լուրջ վտանգների առաջ։

