Իրանի համար, ըստ էության, փրկությունը հենց միջուկային զենք ունենալն է

Իրանը կարող է շատ լուրջ անակնկալներ մատուցել առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներին։ Նման կարծիքի է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է՝ մեկնաբանելով Իրանի խորհրդարանի քվեարկությունը միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին։

Ըստ Բալասանյանի՝ այդ պայմանագրից դուրս գալը Իրանին հնարավորություն է տալիս ձեռքերի ազատություն ունենալ և շատ արագ ստեղծել միջուկային զենք։ Ըստ էության, հսկողությունից և ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգից դուրս մնացած Իրանը, ինչպես նշում է Բալասանյանը, կարող է շատ ավելի լուրջ անակնկալներ մատուցել Միացյալ Նահանգներին, քան եթե մնար համաձայնագրի շրջանակներում։

Մեկ շաբաթ առաջ Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը գործածության մեջ դրեց ծրագիր, որը, ըստ Բալասանյան-ի, նշանակում է ուրանի հարստացման մակարդակի հնարավոր բարձրացում մինչև 90%։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն նախկինում պահանջել էր չգերազանցել 3%-ը։ Թեև խաղաղ ատոմի միջազգային ծրագրերի համաձայն, ուրանի մինչև 20% հարստացումը թույլատրելի է՝ էներգետիկ և բժշկական նպատակների համար, 90%-ը արդեն բացահայտ ռազմական է։

«ԱՄՆ ուղարկած նամակում հստակ նշված էր՝ 3%-ից ավել ուրանը չպետք է հարստացվի։ Բայց հիմա Իրանի վրա փորձում են դնել պայմաններ, որոնք ոչինչ չեն տալիս Իրանին՝ պահանջելով միակողմանի զիջումներ»,- նշում է նա և հավելում․ «Երբ մի կողմից Իրանի հետ բանակցում են, իսկ մյուս կողմից նրան հարվածում՝ Իրանն արձագանքում է՝ ոչ միայն դադարեցնելով բանակցությունները, այլև դուրս գալով բոլոր պայմանագրերից։ Այս քայլով Իրանը հրաժարվում է բոլոր պարտավորություններից, որոնք ունեցել է միջուկային զենքի չտարածման ուղղությամբ»։

Իրանը կարող է լուրջ անակնկալ մատուցել՝ հնարավոր է միջուկային միջուկային բաղադրիչներով հագեցած զինատեսակներ հայտնվեն, օրինակ, Եմենում՝ հութիների ձեռքում, նշում է Բալասանյանը։

Սրան զուգահեռ, Իրանի նախագահը հայտարարում է, որ Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր ունեն հակառակ դիրքորոշում, տեղ չունեն երկրի քաղաքականության ձևավորման գործում։ «Կարծում եմ՝ առաջիկայում մենք ականատես կլինենք բավականին լուրջ ներքաղաքական ճգնաժամի Իրանում։ Հետևելով իրանական Telegram ալիքներին ու լրագրողների գրառումներին՝ նկատում եմ, որ վերջիններս բավականին կոշտ քննադատություն են ուղղում հենց Փեզեշքյանի հասցեին։

Նրանք ասում են՝ մենք քեզ զգուշացնում էինք, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները լավ տեղ չեն տանելու։ Այժմ մեղադրում են նրան, որ փորձել է Իրանի համար ապահովել այն ճանապարհը, որն անցել էր Լիբիան՝ երբ Քադաֆին համաձայնվեց դադարեցնել իր խաղաղ միջուկային ծրագիրը որոշ երաշխիքների դիմաց։ Եվ բոլորս գիտենք, թե ինչ եղավ Լիբիայի հետ», — նշում է նա։

Միևնույն ժամանակ նման գործընթաց չի կիրառվում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որն արդեն ունի միջուկային զենք։« Նրանք դա չեն թաքցնում, և հետևաբար՝ նրանց հետ գործ ունենալը վտանգավոր է։ Իրանի համար, ըստ էության, փրկությունը հենց միջուկային զենք ունենալն է։ Եթե Իրանը զրկվի միջուկային զենքից, պատերազմները կշարունակվեն, Իրանը կպառակվի և կտարանջատվի մասերի», — ընգծում է Բալասանյանը։

Scroll to Top