Մերձավոր Արևելքում ներկայումս ստեղծված իրավիճակում «գնդակը» գտնվում է Իրանի ձեռքում, այժմ Թեհրանն է որոշում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկայում։ Նման կարծիքի է քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներում արդեն իսկ հնչել են խոստովանություններ այն մասին, որ Իրանի դեմ գործողությունները պլանավորելիս բավարար չափով չի գնահատվել Հորմուզի նեղուցի գործոնի ազդեցությունը։ Կարապետյանի գնահատմամբ՝ հենց այդ հանգամանքը կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և ազդեցություն ունենալ հակամարտության հետագա զարգացման վրա։
Կարապետյանի խոսքով՝ եթե ուշադրություն դարձնենք Իրանի նոր հոգևոր առաջնորդի հայտարարություններին, ապա դրանցում հստակ ձևակերպված է երկրի հիմնական նպատակներից մեկը՝ պատերազմը դադարեցնելը և իրական խաղաղության հասնելը։ Սակայն քաղաքագետը նշում է, որ այդ խաղաղությունը Իրանը ցանկանում է ձեռք բերել հստակ պայմանների կատարման արդյունքում։
Իրանի հիմնական պահանջները
Քաղաքագետի խոսքով՝ առաջին պայմանը վերաբերում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը տարածաշրջանում։ Կարապետյանի խոսքով՝ Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ը հրաժարվի Իսրայելի հետ համատեղ իրականացվող այն քաղաքականությունից, որը Թեհրանը դիտարկում է որպես ծավալապաշտական և ուղղված տարածաշրջանի երկրների նկատմամբ քաղաքական օրակարգ թելադրելուն։
Երկրորդ պահանջը վերաբերում է ԱՄՆ ռազմական ներկայությանը։ Քաղաքագետի խոսքով՝ Իրանը պահանջում է, որ Միացյալ Նահանգները դուրս բերի իր ռազմական բազաները տարածաշրջանի երկրներից։ Հակառակ դեպքում, ինչպես նշում է Կարապետյանը, Իրանը հայտարարել է, որ կշարունակի հրթիռակոծել և թիրախավորել այդ ռազմական օբյեկտները։
Երրորդ պահանջը վերաբերում է հնարավոր ռազմատուգանքներին։ Քաղաքագետի խոսքով՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ պետք է հատուցվեն պատերազմի հետևանքով առաջացած վնասները՝ կոնտրիբուցիաների կամ ռեպարացիաների տեսքով։
Հորմուզի նեղուցի գործոնը
Կարապետյանի խոսքով՝ Իրանը նաև հստակ պայման է առաջ քաշում Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանը հայտարարել է, որ այդ նեղուցը կարող է բացվել միայն այն դեպքում, երբ առնվազն հիմնական պահանջները կատարվեն։
Քաղաքագետի խոսքով՝ ներկայում նեղուցի հարցը դարձել է բանակցային գործընթացի կարևոր լծակներից մեկը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկաների համար։
Կարապետյանի գնահատմամբ՝ ներկայում Իրանի հնչեցրած պահանջները բավականին կոշտ բնույթ ունեն։ Նրա խոսքով՝ թեև դիվանագիտական մեխանիզմները շարունակում են գործել, սակայն հնչեցվող հայտարարությունները հաճախ ունենում են վերջնագրի՝ ուլտիմատումի բնույթ։
Քաղաքագետը չի բացառում նաև, որ ժամանակի ընթացքում կարող են առաջադրվել նոր պահանջներ։ Սակայն արդեն իսկ հրապարակված պայմանները, նրա խոսքով, բավականին հստակ են և ցույց են տալիս Իրանի կոշտ դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
Կընդունե՞ն արդյոք պայմանները
Կարապետյանի խոսքով՝ այժմ հիմնական հարցը այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները և Իսրայելը պատրաստ կլինեն ընդունել այդ պայմանները։ Նրա գնահատմամբ՝ դրա պատասխանը կարող է տալ միայն ժամանակը։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է, որ ռազմական գործողությունների ինտենսիվության որոշակի նվազումը արդեն փաստ է։ Նրա կարծիքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ նախապես ձևակերպված նպատակները ամբողջությամբ չեն իրականացվել։

