Հայաստանի գործող իշխանությունը արդեն ապրիլի երկրորդ կեսին «կռախի» է մատնվելու, որովհետև իրենց գաղափարախոսական բոլոր այդ կարգախոսները զրոյացվում են։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն իր քարոզարշավը կառուցում էր խաղաղություն և պատերազմ գաղափարի վրա՝ պնդելով, որ իրենք բերում են իրական խաղաղություն։ «Այդ խաղաղության գրավականը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններն են և TRIPP-ի իրականացումը։ Նրանք փորձում են համոզել, որ՝ ահա տեսեք, աշխարհի ամենախոշոր գերտերությունը եկել է, Հայաստան և ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա», — ասաց փորձագետը։
Սակայն Իրանի շուրջ գործընթացները ցույց են տալիս ճիշտ հակառակը՝ այն արաբական երկրները, որտեղ Միացյալ Նահանգների բազաներ կան, առմբակոծվում են։ «Այսինքն՝ Միացյալ Նահանգները չի կարողանում պաշտպանել իր դաշնակից երկրներին իր ռազմաբազաների միջոցով, իր նավատորմի միջոցով», — ասաց նա։ Այսինքն՝ TRIPP նախագիծը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն։ «Իշխանության պարզունակ, պրիմիտիվ հաշվարկների շնորհիվ պատերազմը թակում է Հայաստանի դուռը», — նշում է նա։
Ըստ նրա՝ եթե Իրանը դիմանա, TRIPP-ի հարցը փակվում է, Միացյալ Նահանգների՝ որպես անվտանգություն ապահովող երկրի իմիջը մեր տարածաշրջանում քանդվում է, և տարածաշրջանը դառնում է պատերազմի օջախ։
«Եթե լրահոսին հետևում եք, արդեն Միացյալ Նահանգներում հնչում են հայտարարություններ Կասպից ծովում ռազմական ներկայություն ապահովելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանին Իրանից պաշտպանելու համար», — նշեց նա։ Դանիելյանը չի բացառում, որ Ադրբեջանը և Թուրքիան ներգրավվեն պատերազմական գործողությունների մեջ։ «Բնականաբար, դրա համար օգտագործվելու է այդ TRIPP-ը՝ առանց մեզ հարցնելու։ Այսինքն՝ դա ընդհանրապես մեր վերահսկողությունից դուրս կգա», — համոզված է փորձագետը։
Այսինքն գործող իշխանության խաղաղության ծրագիրը այս ամենի հետևանքով տապալվում է։ «Նաև հանրությունը արդեն սկսում է հասկանալ, որ սա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կուսակցություն է։Այդ ամենը, իմ կարծիքով, բացահայտ ձևով պարզ կլինի արդեն ապրիլի երկրորդ կեսին։ Եվ ապրիլի երկրորդ կեսին այս գործող իշխանության ցուցանիշները ավելի են իջնելու, և իրենք կհասկանան, որ պարտվում են, և կսկսվի խուճապ», — պնդում է Դանիելյանը։

