Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար

Իրան–ԱՄՆ հակամարտություն․ «Երկար կամքի առաջնորդների» գործոնը որոշիչ է լինելու

Մերձավոր Արևելքում ընթացող լարվածությունը  պետք է է դիտարկել որպես բազմափուլ գործընթաց, որտեղ Իսրայելը հետևողականորեն փորձում է իրականացնել իր ռազմավարական նպատակները Իրանի նկատմամբ։ Քաղաքագետ  Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ ներկայում տեղի ունեցող զարգացումները Իսրայելի տեսանկյունից պատերազմի արդեն երրորդ փուլն են։
Առաջին փուլ․ հարվածներ որոշում կայացնողներին

Մելքոնյանի խոսքով՝ հակամարտության առաջին փուլում Իսրայելի հիմնական նպատակն էր ոչնչացնել Իրանի պետական և ռազմական համակարգի առանցքային որոշում կայացնողներին։ Խոսքը վերաբերում էր հատկապես բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ հոգևոր առաջնորդի շրջապատին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը, պաշտպանության նախարարության վերնախավին, Գլխավոր շտաբի ղեկավարությանը և այլ կարևոր դերակատարների։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այդ գործողությունները Իսրայելը փորձում էր ներկայացնել որպես ռազմավարական հաջողություն՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցույց տալու համար, որ նման հարվածները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Իրանի ներքին կայունության վրա։

Սակայն, ինչպես ընդգծում է Մելքոնյանը, նույնիսկ Իսրայելում աշխատող իրանագետների համար ակնհայտ  էր, որ նման հարվածները չեն կարող հանգեցնել Իրանի համակարգային փլուզմանը կամ երկրի պառակտմանը։

Երկրորդ փուլ․ Իրանի դեմիլիտարիզացիայի փորձ

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատերազմի երկրորդ փուլը կարելի է բնութագրել որպես Իրանի ռազմական կարողությունների թուլացման, դեմիլիտարիզացիայի փուլ։ Այստեղ հիմնական նպատակն է ոչնչացնել այն ռազմական ենթակառուցվածքները, որոնք ապահովում են բալիստիկ հրթիռների կիրառումն ու արտադրությունը։

Խոսքը վերաբերում է ոչ միայն արդեն գոյություն ունեցող հրթիռային համակարգերին, այլև դրանց արտադրական շղթային՝ գործարաններին, տեխնոլոգիական կենտրոններին և այլ արտադրական կետերին։

Այս քայլերի նպատակն է, ըստ Մելքոնյանի, առավելագույնս սահմանափակել Իրանի ռազմական ներուժը, որպեսզի ապագայում երկիրը չկարողանա վերականգնել իր հրթիռային կարողությունները և անվտանգության սպառնալիք չլինի Իսրայելի համար։

Երրորդ փուլ․ իշխանության տապալման փորձ

 Մելքոնյանի կարծիքով՝ Իսրայելի ռազմավարական նպատակները սակայն չեն սահմանափակվում միայն Իրանի թուլացմամբ։ Նրա գնահատմամբ՝ վերջնական նպատակը գործող իշխանության տապալումն է և նույնիսկ պետության քայքայումը։

Քաղաքագետը նշում է, որ այստեղ կիրառվող մոտեցումները հիշեցնում են այն սցենարները, որոնք նախկինում կիրառվել են Մերձավոր Արևելքի այլ երկրներում՝ օրինակ Սիրիայում կամ Լիբանանում։ Այդպիսի մոտեցման շրջանակում հիմնական թիրախը դառնում է պետական կառավարման համակարգը և նրա կարողությունը՝ ապահովելու երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Եթե իշխանությունները չեն կարողանում ապահովել անվտանգությունը երկրի ներսում, ապա առաջանում են նաև լուրջ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Մելքոնյանի խոսքով՝ նման պայմաններում կարող են խորանալ տնտեսական և էներգետիկ ճգնաժամերը, ինչը կարող է հանգեցնել հասարակական դժգոհության աճին։

Հրթիռային կարողությունների նվազում

Մելքոնյանի խոսքով՝ չնայած Իրանի ռազմական հնարավորությունները ամբողջությամբ չեն ոչնչացվել, դրանք զգալիորեն կրճատվել են։ Քաղաքագետը նշում է, որ պատերազմի առաջին օրերին Իրանը կարող էր կիրառել մոտ 350 բալիստիկ հրթիռ, մինչդեռ ներկայում այդ թիվը, նրա գնահատմամբ, նվազել է մոտավորապես մինչև 50։

Սակայն, Մելքոնյանի կարծիքով, դա չի նշանակում, որ Իրանը լիովին կորցրել է իր ռազմավարական հնարավորությունները։ Նրա դիտարկմամբ՝ որոշ ռազմական ներուժ պահպանվում է, և դա շարունակում է ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Մերձավոր Արևելքում վնասվել կամ ոչնչացվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադարներ։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը փոխում է ընդհանուր ռազմավարական պատկերը տարածաշրջանում։

Մելքոնյանի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով է, որ այժմ տարածաշրջանում այլ երկրներ ևս ներգրավվում են անվտանգության ապահովման գործընթացում։ Խոսքը վերաբերում է հատկապես Պարսից ծոցի և արաբական մի շարք պետություններին, որոնք փաստացի ներգրավված են իրենց անվտանգության պաշտպանության գործում։

Նրա խոսքով՝ եթե այդ հակաօդային պաշտպանության համակարգերը լիարժեք գործեին, հնարավոր է՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործընթացում այլ երկրների նման ակտիվ ներգրավվածություն չլիներ։

«Երկար կամքի առաջնորդների» գործոնը

Քաղաքագետը կարևորում է նաև քաղաքական կամքի գործոնը։ Նրա խոսքով՝ նման հակամարտություններում որոշիչ դեր ունի այն, թե որ կողմն է պատրաստ երկարաժամկետ դիմակայության։ Մելքոնյանը հիշեցնում է հայտնի արտահայտությունը «երկար կամքի առաջնորդների» մասին՝ ընդգծելով, որ հարցը ոչ միայն ռազմական ռեսուրսների, այլև քաղաքական դիմացկունության մեջ է։

Նրա գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Իրանի, նման երկարատև դիմակայությանը պատրաստ չեն։ Դրա հիմնական պատճառներից մեկը ներքաղաքական գործընթացներն են, մասնավորապես՝ ընտրությունները։

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ քաղաքական ղեկավարության համար կարևոր է արագ արդյունք ցույց տալը։ Նա նշում է, որ Դոնալդ Թրամփի համար հատկապես կարևոր է ընտրություններից առաջ ներկայացնել որևէ հաղթանակ։

Այդ պատճառով, ըստ Մելքոնյանի, Վաշինգտոնը շահագրգռված է արագ արդյունքներով, մինչդեռ Իրանի դեպքում նման ժամանակային սահմանափակում չկա։

Քաղաքագետը նշում է, որ Իրանը կարող է բախվել տարբեր խնդիրների՝ տնտեսական, սոցիալական կամ քաղաքական, սակայն նրա ղեկավարության համար պարտադիր «ժամկետ» չկա, որի ընթացքում պետք է հասնել արդյունքի։

Իսրայելի երկարաժամկետ ռազմավարությունը

Մելքոնյանի կարծիքով՝ Իսրայելը այս հակամարտությանը մոտենում է որպես երկարաժամկետ գործընթացի։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեն, և Իրանում գործող իշխանությունը պահպանվի՝ լինի կայուն կամ ոչ կայուն վիճակում, Իսրայելը չի հրաժարվի իր ռազմավարական նպատակներից։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Իսրայելը կշարունակի ճնշման քաղաքականությունը և կփորձի հասնել իր նպատակներին նաև ապագայում։ Մելքոնյանի համոզմամբ՝ նման պայմաններում չի կարելի բացառել, որ ապագայում տարածաշրջանը կարող է կանգնել «երրորդ պատերազմի» վտանգի առաջ։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top