Իրան-Իսրայել հակամարտությունը, որն առաջին իսկ րոպեից հղի էր լուրջ սպառնալիքներով ոչ միայն տարածաշրջանի երկրների համար, այլև ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստում, նոր թափ է հավաքում ԱՄՆ ներգրավմամբ ու հակամարտությունը այլ փուլ տեղափոխելու միտումներով: VECTORS-ի հարցերին պատասխանում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Պարոն Անանյան, տարածաշրջանը եռում է, և Հայաստանը դառնում է էլ ավելի խոցելի: Ինչպե՞ս Իրանի շուրջ զարգացումները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, արդյո՞ք մեր շրջափակումը ավելի չի խորանա, չնայած իշխանությունները հակառակի մասին են խոսում:
Տարածաշրջանը իսկապես եռում է և Իրանի շուրջ ընթացող զարգացումները Հայաստանի համար ծնում են ոչ թե պարզապես մարտահրավերներ, այլ էքզիստենցիալ սպառնալիքներ: Եթե Իրանի դեմ կիրառվեն նոր պատժամիջոցներ այս՝ Իրան-Իսրայել հակամարտության շրջանակներում, Եվրամիությունից հնչող անհեթեթ նոր սանկցիաների սպառնալիքներ կամ Իսրայելին աջակցելու մասով հայտարարություններ լինեն, կամ, առավել ևս, բաց ռազմական առճակատում լինի ԱՄՆ ներգրավմամբ, ապա հետևյալ տնտեսական ռիսկերը առաջ են գալու. Հարավային միջանցքի ապաշրջափակման հույսերը կդառնան գործնականում անիրագործելի, այսինքն այն, ինչի մասին խոսում են իշխանությունները՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացում կդառնա անիմաստ սահմանի անվտանգային ռիսկերի պատճառով: Իրանի հետ արտահանման և ներկրման բոլոր ուղիները կհայտնվեն ռիսկային գոտում, հատկապես վտանգված կլինեն բեռնափոխադրումները Մեղրիի անցակետով ՝ հաշվի առնելով այնտեղ հնարավոր անվտանգային խոցելիությունը: Այստեղ պետք է նաև հիշենք, որ, օրինակ, Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մատակարարումների շղթայի ապահովման տեսանկյունից էլ ռիսկեր են առաջ գալու: Հայաստանի ներկայիս մասնակի գազային դիվերսիֆիկացիայի հեռանկարը կփլուզվի, քանի որ Իրանից ներկրվող գազը կարող է ընդհատվել կամ անկայուն դառնալ:
Պետք է արձանագրել՝ երբ Իրանը անվտանգ չէ, Հայաստանը դառնում է կիսակղզի, ամբողջապես կախված միայն Վրաստանից և Ռուսաստանից, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի արտաքին տնտեսական կապերը կարող են կտրուկ սահմանափակվել:

