Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ «ընդդիմության հեղաշրջման պլանի» հրապարակումը, խուզարկությունները, ձերբակալությունները, իրականում ավելի խորքային հակամարտության դրսևորում են, որոնք դուրս են գալիս ներքաղաքական պայքարի սահմաններից։ Այս մասին նշում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նա պնդում է, որ այս իրադարձությունները ներկայացնում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև աշխարհաքաղաքական առճակատում։ Կոնֆլիկտի սկիզբը նա կապում է Ռուսաստանից ժամանած խոշոր գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունների հետ, որոնք, ըստ վերլոծաբանի, արված էին գիտակցված՝ բոլոր հնարավոր հետևանքների ընկալմամբ։
Այս ֆոնին, վերլուծաբանը տեսնում է նաև իշխանական համակարգում որոշ կազմաքանդման գործընթացներ։ «Առաջինը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականն էր, որի մասին շատ քիչ խոսվեց կամ գրեթե չխոսվեց։ Իհարկե, վարչապետը դա փորձեց ներկայացնել այնպես, թե իբր ինքն է նրան ուղարկել հանգստի և այլն։ Բայց իրականում հասկանալի է, որ նա ոչ ոքի էլ հանգստի չէր ուղարկում։ Հավանաբար որոշակի տեղեկատվություն ունենալով այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում, տվյալ կառույցի ղեկավարը կատարեց իր ընտրությունը և ցույց տվեց, որ ինքը վարչապետի թիմից չէ»․ — նշում է նա։
Երկրորդ կարևոր իրադարձությունը, ըստ մեկնաբանի, կապված է այսպես կոչված «Ադամանդի գործի» հետ։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը և Քննչական կոմիտեն հայտարարել են 200,000 դոլարի գողության փորձի մասին, որում ներգրավված են ՀՀ քաղաքացիներ, իսկ շահառուն, ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ «Հիմա հարց է ծագում՝ ինչ կարգավիճակ ունի նա այդ գործի շրջանակում։ Նա վկա՞ է, կասկածյա՞լ, մեղադրյա՞լ, թե՞ նրա նկատմամբ պատրաստվում է հայտ ներկայացվել Ինտերպոլին՝ միջազգային հետախուզման հանձնելու համար», — նշում է Բադալյանը։ Նրա պնդմամբ՝ սա «դեղին քարտ» էր Սուքիասյանին՝ ուղղված որպես ազդանշան՝ եկել է ժամանակը ընտրություն կատարելու։ «Նրան ուղղակի ասում են՝ որ ճամբարում ես կանգնած, որոշի՛ր։ Մնում ես այդ ճամբարում, թե՞ քաշվում ես մի կողմ։ Պարտադիր չէ դուրս գաս խմբակցությունից։ Բայց ընտրություն պիտի անես։ Հակառակ դեպքում, պատկերացրու, որ օրինակ Փարիզից մեկնելիս Դելիի փոխարեն կարող ես իջնել Բեյրութում, որտեղ Լիբանանի իշխանությունները՝ Ինտերպոլի կամ Ռուսաստանի միջնորդությամբ, կարող են քեզ կալանավորել և տեղափոխել համապատասխան վայր», — նշում է նա։
Իսկ դրան անմիջապես հաջորդեց Հայաստանում հայտնի դարձած այսպես կոչված «հեղաշրջման պլանի» հրապարակումը՝ կազմված, ըստ Բադալյանի բնորոշման, «շատ պրիմիտիվ ձևով»։ Նա նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում, գործողությունների հստակ շղթա է, և ամեն ինչ հաշվարկված է։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ հրապարակումների տոնայնությունը չի տարբերվում Ուկրաինայի վերաբերյալ տարածվող լուրերի տոնայնությունից․ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը դարձել է ակնհայտորեն հակամարտային։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում, այլ թե ինչպես են ասում»։

