2026-ի բյուջեի մարտահրավերները․ հնարավոր կլինի՞ ապահովել տնտեսական աճը

ՀԷՑ֊ի IPO-ն` լուծում, թե՞ ռիսկ

Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։ Նման կարծիքի է վերլուծաբան Վահե Դավթյանը։

Նա համոզված է, որ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ֊ի շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։

«IPO-ն թույլ է տալիս․
֊ ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,
֊ բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,
֊ ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։
Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։
Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։
ՀԷՑ֊ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել քան երբևէ», — նշում է Դավթյանը։

🚩Գաղափարը տեսականորեն լավ տարբերակ է, քանի որ առաջարկում է փոխզիջումային լուծում, որը կարող է բավարարել պետության, հասարակության և ներդրողների շահերը։ Սակայն դրա իրականացումը պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանքներ և գործող քաղաքական ու տնտեսական համատեքստի խոր վերլուծություն։

IPO իրականացնելու համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ, ներառյալ՝ ընկերության նախապատրաստումը հրապարակային ստատուսի, միջազգային ստանդարտներին նրա համապատասխանեցումը և ներդրողների ներգրավում։ ՀԷՑ-ի պարագայում, հաշվի առնելով ընկերության ներկա վիճակը, կարող է բավական բարդ գործընթաց լինել։

Բացի այդ, բաժնետոմսերի զգալի բաժինը կարող է անցնել մասնավոր ներդրողներին, այդ թվում՝ այնպիսի երկրների ներկայացուցիչներին, որոնք միշտ չէ, որ բարեհաճ են Հայաստանի նկատմամբ։ Սա կարող է պոտենցիալ թուլացնել վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող այս ընկերության նկատմամբ։

IPO-ի հաջողությունը կախված է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ներդրողների հետաքրքրվածությունից։ Քաղաքական անորոշության պայմաններում՝ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, այս հետաքրքրվածությունը կարող է բավական ցածր լինել։ Այս իրավիճակում առավել հավանական է, որ ներդրողներ դառնան ոչ թե հեղինակավոր միջազգային ընկերությունները, այլ այն պետությունների կողմից ներկայացված կառույցներ, որոնք շահագրգռված են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ։

Անհասկանալի է նաև, թե ինչպես է լուծվելու ներկայիս սեփականատիրոջ՝ «Տաշիր» խմբի հարցը, և ինչպիսի փոխկապվախհարաբերության մեջ է մտնելու IPO-ի գործընթացը կառավարության կողմից քննարկվող ազգայնացման ծրագրերի հետ։

Այսպիսով, գաղափարը, թեև փոխզիջումային տարբերակ է, այնուամենայնիվ բարդ է և պարունակում է բազմաթիվ ռիսկեր։

Scroll to Top