Այս միտքը հայտնեց արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, անդրադառնալով հայ-թուրքական և տարածաշրջանային հարաբերություններին։
Մելիքյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի դերը տարածաշրջանում գնալով ամրապնդվում է։ Նրա համոզմամբ, այս դերը Թուրքիային հնարավորություն է տալիս տարածել նաև իր գաղափարախոսությունը՝ պանթուրանիզմը, որը երկար տարիներ ճնշվել է Հայաստանի և Արցախի կարգավիճակների միջոցով։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին այցին Թուրքիա, Մելիքյանը փաստում է, որ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը որևէ արժեքավոր տեղեկություն չի փոխանցել․ «Դրանց խորքը թաքնված է դռնփակ պայմանավորվածություններում, որոնց բովանդակությունը հանրությունը կտեսնի առաջիկայում», – նշել է նա։
Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում, Մելիքյանը չի բացառում, որ ստեղծվող լարվածությունները կապված են Զանգեզուրի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ «Կրկին գալիս եմ Անկարայի այդ չակերտավոր «պատմական» այցելությանը․ միգուցե եղել են պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածությունները չեն աշխատելու ի օգուտ Ռուսաստանի», — նշում է նա և պարզաբանում, որ ներկայիս սրացումները հերթական փորձն է Ռուսաստանին մեջքից խփելու և թուլացնելու։
«Իրենք գրանցում են որոշակի հաջողություններ ուկրաինական ճակատում, նաև Թրամփի վարչակազմի հետ կա երկխոսություն: Սա ուզում են քանդել, սա ուզում են ջարդել, որովհետև պարզ է, եթե այս թնջուկը որոշակիարեն կարգավորվի, ռուսական կողմը միանշանակ ծանրանալու է Հարավային Կովկասի վրա», — համոզված է Մելիքյանը` hավելելով, որ նման պարագայում Ռուսաստանը կձգտի նվազեցնել Թուրքիայի գերիշխող դերը տարածաշրջանում։
Մելիքյանը փաստում է, որ Հայաստանը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի ազդեցության տարածման հիմնական խոչընդոտը։ Ներկայիս իշխանության օրոք Հայաստանը դարձել է Թուրքիայի ձեռքի գործիք՝ տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնելու համար, եզրափակել է նախկին դիվանագետը։

